Մրցունակ, ապահով և մարտունակ պետության բանաձևն այսօրվա ԱԺ նիստում

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում խոսել է կառավարության առաջիկա պլանների և անելիքների մասին:

Ի՞նչ է նախատեսում անել պետությունը երիտասարդների համար.
• կրթության բարեփոխումների շրջանակում ապահովվելու է ձեռնարկությունների և կրթական հաստատությունների ուղղակի կապը, որը հնարավորություն կընձեռի պատրաստել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետներ,
• իրականացնում է և շարունակելու է իրականացվել «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագիրը,
• անցյալ տարի էլ մեկնարկեց «Մատչելի ավտոմեքենա երիտասարդներին» ծրագիրը:

Ի՞նչ էր ակնկալում պետությունից թոշակառուն.

Բարձր թոշակ, որակյալ բուժօգնություն, տարիների ընթացքում կուտակած և Խնայբանկում ներդրած ավանդի վերադարձ:

Ի՞նչ է նախատեսվում անել թոշակառուների համար՝
• կենսաթոշակների ավելացում,
• յուրաքանչյուր համայնքում առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովում, ինչպես նաև անվճար ծառայությունների տեսականու ավելացում,
• ԽՍՀՄ խնայբանկերում մինչև 1993 թվականը ներդրված ավանդների փոխհատուցման տրամադրման ծրագրերի շարունակականություն:

Մենք դեռևս շատ անելիքներ ունենք, որպեսզի պետությունից յուրաքանչյուր քաղաքացու ակնկալիքները դարձնենք իրականություն:

Առաջիկայում ապահովելու ենք՝

• բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծում արտահանմանը նպաստող արդյունաբերական քաղաքականության լիարժեք իրականացման միջոցով,
• կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկում՝ միտված արժանապատիվ ծերության ապահովմանը,
• աշխատավարձերի համակարգված բարձրացում,
• կրթության որակի և հասանելիության ապահովում’ որպես առկա հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված հիմնական միջոց,
• հասանելիություն և որակի բարձրացում առողջապահության ոլորտում,
• պարապուրդի մատնված ձեռնարկությունների վերագործարկում՝ անհրաժեշտության դեպքում ոչ արդյունավետ սեփականատիրոջը փոխարինելով բանիմաց, զարգացմանը միտված ծրագրեր ունեցող գործարարով, յուրաքանչյուր ձեռնարկությանը, կարիքներին համապատասխան առարկայական, նպատակային աջակցություն,
• փոքր և միջին ձեռնարկությունների համար բարենպաստ բիզնես միջավայրի ապահովում, սկսնակ բիզնեսմեններին անհատական աջակցություն,
• ներդրվելու է գույքահարկի արդարացի համակարգ։

Մենք պետք է կազմակերպվենք, դառնանք մարտունակ պետություն և կազմակերպված հասարակություն: Իսկ կազմակերպված լինելուն մենք այլընտրանք չունենք: Դա հասկանալու համար բավական է նայել աշխարհի քարտեզը և տեսնել մեր հայրենիքի աշխարհագրական դիրքը: Դա հասկանալու համար բավական է հետևել միջազգային լրահոսին և վերլուծել այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում մեր հարևանությամբ: Դա հասկանալու համար բավական է ծանոթանալ համաշխարհային տնտեսական ցուցանիշներին և այն ոչ հուսադրող կանխատեսումներին, որոնք վերաբերում են մեր առևտրային գործընկերներին:

Մեր առջև կանգնած մարտահրավերներին դիմակայելու համար օրակարգային խնդիր է անցում կատարել գոյատևման կենսաձևից և մտածողությունից դեպի զարգացման հայեցակարգի իրագործումը: Անհրաժեշտ է վերանայել յուրաքանչյուրիս անձնական շահի գերակայությունը հանրային, պետական, ազգային շահի նկատմամբ: Սա է այն բանաձևը, որի գործարկման արդյունքում մենք կկարողանանք կերտել մրցունակ, ապահով և մարտունակ պետություն:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում