Ամփոփվել են դպրոցականների հանրապետական օլիմպիադայի արդյունքները, աշակերտների մասնակցության թիվը բարձր է

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր ամփոփվել են 2012-13 ուսումնական տարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների արդյունքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական կայքից:

Հաղթողներին ողջունել և մրցանակներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, մասնավորապես, նշել է, որ այս տարի աշակերտներն աննախադեպ բարձր մասնակցություն են ցուցաբերել օլիմպիադաներին, ընդ որում’ բոլոր առարկաների գծով: «Գոհունակությամբ պետք է նշել, որ այս տարի մեծ է նաև մարզային դպրոցների մասնակցությունը և այն երեխաների քանակը, ովքեր առաջին անգամ են մասնակցում օլիմպիադաներին:

Անկախ նրանից, որ համակարգում առկա են բազմաթիվ դեռևս ամբողջությամբ չլուծված խնդիրներ, որ հասարակությունը պարբերաբար իր դժգոհությունն է հայտնում կրթության որակի նկատմամբ, սակայն իրականում հանրակրթական ոլորտում մենք ունենք կրթության ընկալելի մակարդակ, փայլուն երեխաներ, հրաշալի ուսուցիչներ, իրականում լավ դպրոցներ, որոնք պատիվ կբերեն յուրաքանչյուր երկրի: Մենք, իհարկե, կարող ենք ասել, որ դա մեր ազգի բնատուր տաղանդն է ՝ սովորել, ծնողների ցանկությունն է’ երեխայի համար ստեղծել լավագույն պայմանները’ կրթություն ստանալու համար, բայց կարծում եմ, որ այստեղ պետությունն էլ ունի իր լուրջ ներդրումը և անտեսել պետական հոգածության արդյունքները, բարեփոխումների առաջին դրական պտուղները, մեր գործունեության արդյունավետությունը, մեղմ ասած’ այդքան էլ ազնիվ չէ»,-նշել է Արմեն Աշոտյանը’ ընդգծելով, որ հանրապետական օլիմպիադաների բոլոր հաղթողները ցանկացած երկրում կարող են բարձր պահել Հայաստանի պատիվը: Նախարարը նաև նշել է, որ հանրապետական փուլի հաղթողներից են կազմվում միջազգային օլիպիադաների հավաքականները, որոնք, ըստ Արմեն Աշոտյանի, վերջին տարիներին բացառապես ձևավորվում են աշակերտների հնարավոր հաջողություններից և վերջիններիս առաջադիմությունից: «Օլիմպիադաները տարեցտարի դառնում են առավել օբյեկտիվ, կիրառվում են գիտելիքների ստուգման նոր մեթոդներ: Ցանկանում եմ նաև նշել, որ մեզ համար չկան առաջին և երկրորդ կարգի օլիմպիադաներ. բոլորը մեզ համար նույն նշանակությունն ունեն, եթե չասեմ ավելին’ հայագիտական և «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկաներից անցկացվող օլիմպիադաները հատուկ ուշադրության են արժանանում»,-ընգծել է նախարարը’ հավելելով, որ օլիմպիադաներն անցկացվում են ՀՀ բուհերի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Մայր Աթոռի և ՀՀ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության արդյունքում:

Օլիմպիադայի մասնակիցներին ողջունել և հաջողություն են մաղթել նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:

Նշենք, որ դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների արդյունքում 16 առարկաների գծով առաջին կարգի մրցանակի է արժանացել 73 աշակերտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում