Ռաֆայել Պատկանյան.«Արաքսի արտասուքը»
Նմանատիպ
Բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ռափայել Պատկանյանը հայ ազգային-հայրենասիրական պոեզիայի հիմնադիրներից է:
Նա մեծապես նպաստել է աշխարհաբար լեզվի ամրապնդմանն ու
աշխարհիկ գրականության ստեղծմանը:
Ռափայել Պատկանյանն սկզբնական կրթությունն ստացել է հոր՝ Գաբրիել Պատկանյանի դպրոցում: Նրա պապը՝ Սերովբե Պատկանյանը, նույնպես հայտնի մանկավարժ և բանաստեղծ է, իսկ հորեղբորորդին՝ Քերովբե Պատկանյանը` ճանաչված հայագետ:
1843-49 թթ-ին Պատկանյանը սովորել է Լազարյան ճեմարանում: 1850 թ-ին մեկնել է Թիֆլիս, դասավանդել Ներսիսյան դպրոցում, օգնել է հորը՝ հրատարակելու արևելահայ առաջին պարբերականը՝ «Արարատ» շաբաթաթերթը, որտեղ էլ տպագրվել են Պատկանյանի առաջին ոտանավորները:
1851 թ-ին ուսանել է Դորպատի համալսարանում, 1852 թ-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1854 թ-ին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և ընդունվել համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը, որն ավարտել է 1860 թ-ին՝ թեկնածուի գիտական աստիճանով: 1857 թ-ից անդամակցել է «Երիտասարդ Հայաստան» խմբակցությանը, որի նպատակը Հայաստանի ազատագրումն էր:
1852 թ-ին Մոսկվայում Գևորգ Քանանյանի և Մնացական Թիմուրյանի հետ կազմակերպել է «Գամառ-Քաթիպա» (հիմնադիր անդամների անուն-ազգանունների սկզբնատառերով և առաջին վանկերով, Պատկանյանը հետագայում այն դարձրել է իր գրական կեղծանունը) գրական ընկերությունը, որը հրատարակել է արձակ և չափածո շարադրությունների 5 պրակ, հիմնականում` Պատկանյանի հեղինակությամբ: Առաջին պրակը լույս է տեսել 1855 թ-ին՝ «Գրե այնպես, ինչպես որ խոսում են, խոսե այնպես, ինչպես որ գրում են» բնաբանով: Հինգերորդ պրակում տպագրվել է Պատկանյանի «Արաքսի արտասուքը» (1856 թ.) բանաստեղծությունը, որով նա արժանացել է մեծ ճանաչման: Բանաստեղծության մեջ անդրադառնալով հայության պատմական ճակատագրին՝ հեղինակը ժողովրդի գոյության երաշխիքը համարում է քաղաքական ազատությունը.
Քանի որ իմ զավակունք
Այսպես կու մընան պանդուխտ,-
Ինձ միշտ սըգվոր կըտեսնեք,
Այս է անխախտ իմ սուրբ ուխտ…
«Արաքսի արտասուքը» հայ ազգային-ազատագրական պոեզիայի գլուխգործոցներից է:
1861 թ-ին «Կռունկ հայոց աշխարհին» ամսագրում լույս ընծայած «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» քնարաէպիկական պոեմի Վարդանի կերպարով, որը հերոսական մահը գերադասում է նվաստ կյանքից, Պատկանյանը փորձել է ոգեշնչել երիտասարդությանը: Վարդանի երգը հնչում է որպես մարտակոչ.
Հիմի է՞լ լըռենք, եղբարք, հիմի է՜լ,
Երբ մեր թըշնամին իր սուրն է դըրել,
Իր օրհասական սուրը մեր կըրծքին,
Ականջ չի դընում մեր լաց ու կոծին.
Ասացեք, եղբարք հայեր, ի՞նչ անենք.-
Հիմի է՞լ լըռենք:
«Աղասու մոր երգը» (1862 թ.) բանաստեղծությունը՝ նվիրված «Աբովյանի անմահ հիշատակին», հայ ժողովրդի քաղաքական զարթոնքի երգ է: Մայրը, որ Հայաստան աշխարհն է, շտապեցնում է որդու՝ հայ ժողովրդի զարթոնքը, վառում նրա սիրտը հայրենասիրությամբ, ատելություն բորբոքում թշնամու նկատմամբ:
Մի շարք բանաստեղծություններում և պոեմներում Պատկանյանը խարազանել է գաղափարազուրկ հայ երիտասարդության օտարամոլությունը, խստագույնս քննադատել հայ հոգևորականներին, որ խաբեությամբ և բռնությամբ հային պահում են խոր թմբիրի մեջ, մերկացրել է ազգասիրության դիմակ հագած ժողովրդի ցեցերին:
Պատկանյանը գրել է նաև արձակ գործեր: Լավագույններից է «Չախու» (1875 թ.) պատմվածքը, որտեղ ներկայացրել է «փոքր մարդու» ողբերգությունը: 1880-ական թվականներին գրած «Ես նշանած էի», «Փառասերը», «Տիկին և նաժիշտ» վիպակներում արծարծված են սիրո և ամուսնության, ընտանեկան դաստիարակության և այլ հարցեր:
1867 թ-ից Պատկանյանը հաստատվել է Նոր Նախիջևանում, կնոջ հետ բացել պանսիոն, մանկապարտեզ: 1880 թ-ին հիմնադրել է արհեստագործական դպրոց, որտեղ չքավոր երեխաները տարրական գիտելիքներին զուգընթաց սովորում էին նաև արհեստներ, ստանում անվճար սնունդ ու հագուստ: Մինչև կյանքի վերջը նա եղել է այդ դպրոցի տեսուչը:
Պատկանյանը գրել է նաև դասագրքեր՝ «Նոր այբբենարան հայոց» (1856 թ.), «Մայրենի բարբառ» (1881 թ.), «Այբբենարան հնչակյան ոճով» (1884 թ.), մանկական բանաստեղծություններ, հեքիաթներ, պատմական աշխատություններ, կատարել թարգմանություններ:
XIX դարի 80-ական թվականների բանաստեղծություններում («Զոհեր», «Տաճկահայերի օրհասը», «Երդում», «Փեսաներ», «Հայ տղայոց ողբը» և այլն) Պատկանյանը մերկացրել է Օսմանյան կայսրության և ռուսական ցարիզմի հայահալած քաղաքականությունը, հայությանը կոչ արել զորավիգ լինել հայրենիքի փրկությանը: «Վարդապետարան Հայաստանի ազատության» (1883 թ.) ծրագրային գործում ներկայացրել է հայ ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսությունը, որի թեզերն այսօր էլ արդիական են:
«Հայերը Հայաստանեն դուրս նմանում են օտարի տուն վարձողի, որն աշխատում է զարդարել այն տան պատերը, որից վաղ կամ ուշ դուրս պիտի ձգե նորան օրինավոր տանուտերը»:
Ռափայել Պատկանյան
«Արաքսի արտասուքը» հայ նոր գրականության պատմության մեջ առաջին բանաստեղծությունն էր, որ ձեռք բերեց լայն ժողովրդականություն, դարձավ համազգային երգ, գնահատվեց որպես «հայոց երգերի թագուհի»:
Րաֆֆի, վիպասան
«Գամառ-Քաթիպան իր արձակ գրվածքներով մի Ջոնաթան Սվիֆտ է»:
Ալեքսանդր Շիրվանզադե, գրող
«Պատկանյանի պոեզիայի ուժը նրա բուռն հայրենասիրությունն է, անմնացորդ նվիրումը հարազատ ժողովրդին, որն արտահայտվում է ոչ միայն ներբողներով, այլև դառն սատիրայով: Ճշմարիտ սիրուն ամենևին էլ խորթ չեն ցասումը և նույնիսկ ատելությունը, այդ իսկ պատճառով էլ Պատկանյանի նվիրումը խորապես համոզիչ է»:
Վալերի Բրյուսով, ռուս բանաստեղծ
Արաքսի արտասուքը
Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գընում եմ,
Հին-հին դարուց հիշատակ
Ալյաց մեջը պըտրում եմ։
Բայց նոքա միշտ հեղհեղուկ,
Պըղտոր ջըրով եզերքին
Դարիվ-դարիվ խըփելով
Փախչում էին լալագին։
– Արաքս, ինչո՞ւ ձըկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չի հասած՝
Սըգավոր ես ինձ նըման։
Ինչո՞ւ արցունք ցայտում են
Քու սեգ, հըպարտ աչերից,
Ինչո՞ւ արագ փախչում ես
Այդ հարազատ ափերից։
Մի՛ պըղտորիլ հատակըդ,
Հանդարտ հոսե խայտալով։
Մանկությունը քու կարճ է՝
Շուտ կըհասնիս դեպի ծով։
Վարդի թըփեր թող բըսնին
Քու հյուրընկալ ափի մոտ,
Սոխակները նոցա մեջ
Երգեն մինչև առավոտ։
Մըշտադալար ուռիներ
Սառ ծոցի մեջ քու ջըրին,
Ճկուն ոստըն ու տերև
Թող թաց անեն տապ օրին։
Ափերիդ մոտ երգելու
Հովիվք թող գան համարձակ,
Գառն ու ուլը քու վըճիտ
Ջուրը մըտնին միշտ արձակ։
Մեջքը ուռցուց Արաքսը,
Փրփուր հանեց իր տակից,
Ամպի նըման գոռալով,
Էսպես խոսեց հատակից.
– Խիզա՛խ, անմի՛տ պատանի,
Նիրհըս ինչո՞ւ դարևոր
Վրդովում ես, նորոգում
Իմ ցավերը բյուրավոր։
Սիրելիի մահից հետ
Ե՞րբ ես տեսել, որ այրին
Ոտից գըլուխ պըճնվի
Իր զարդերով թանկագին։
Որի՞ համար զարդարվիմ,
Որի՞ աչքը հրապուրեմ,
Շատերն ինձ են ատելի,
Շատերին՝ ես օտար եմ․․․
Իմ ազգակից գիժ Քուռը,
Թեև այրի ինձ նըման,
Ստրկորեն կրում է
Գայթակղիչի կուռ շղթան։
Բայց նա ինձ չէ օրինակ,
Ես հայ՝ հայիս կըճանչնամ,
Օտար փեսա չուզելով,
Ես միշտ այրի կըմնամ։
Կար ժամանակ, որ ես էլ,
Շըքեղազարդ հարսի պես,
Հազար ու բյուր պըչրանքով
Փախչում էի ափերես։
Հատակըս պարզ ու վըճիտ,
Կոհակներըս ոլորուն,
Լուսաբերը մինչև այգ
Ջըրիս միջին էր լողում։
Ի՞նչըս մընաց էն օրից,
Ո՞ր ջըրամոտ գեղերըս,
Ո՞րը իմ շեն քաղաքից,
Ո՞ր բերկրալի տեղերըս։
Տուրքը ջըրի ամեն օր
Իր սուրբ ծոցեն Արարատ
Մայրախընամ ինձ սընունդ
Պարգևում է լիառատ։
Բայց ես այն սուրբ ջըրերով,
Սուրբ Ակոբի աղբյուրին,
Պիտի ցողեմ արտորա՞յք
Իմ ատելի օտարին․․․
Մինչ իմ որդիք, – ո՞վ գիտե-
Ծարավ, նոթի, անտերունչ
Օտար աշխարհ հածում են
Թույլ ոտքերով կիսաշունչ․․․
Հեռո՜ւ, հեռո՜ւ քըշեցին
Բընիկ ազգըն իմ հայկյան,
Նորա տեղը ինձ տըվին
Ազգ անկըրոն, մոլեկան։
Դոցա՞ համար զարդարեմ
Իմ հյուրընկալ ափերը,
Եվ կամ՝ դոցա՞ հրապուրեմ
Ճըպռոտ, պըլշած աչերը։
Քանի որ իմ զավակունք
Այսպես կու մընան պանդուխտ՝
Ինձ միշտ սըգվոր կը տեսնեք, –
Այս է անխաբ իմ սուրբ ուխտ․․․
Էլ չի խոսեց Արաքսը,
Հորձանք տվեց ահագին,
Օղակ-օղակ օձի պես
Առաջ սողաց մոլեգին։