Ճակատեն գյուղը մարում է

ՀՀ Սյունիքի մարզի Ճակատեն համայնքում ապրում է 144 մարդ: Գյուղում ընդամենը 8 աշակերտ է դպրոց գնում: Մինչդեռ տարիներ առաջ շուրջ 100 աշակերտ էր հաճախում դպրոց:

«Ժողովուրդ»-ը Ճակատենի ղեկավար Արծրունի Հարությունյանից տեղեկացավ, որ այս տարի գյուղում արդեն մահացել է յոթ մարդ, իսկ վերջին երեխան ծնվել է հինգ տարի առաջ: «Գնում են, գնում, ամեն օր էլ ընտանիքները գնում են, չեն կարողանում ապրել: Գյուղը դատարկվում է, մնում են ծերերը, իսկ ծերերն էլ մահանում են: Կարամ ասեմ՝ գյուղը մարում է: Ընդամենը երկու երիտասարդ ընտանիք կա: Հիմա էն անճարներն են մնացել. ով որ մի քիչ շանս է ունենում, գնում է»,-նկատեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ բոլոր պաշտոնյաներն էլ գիտեն գյուղի վատ վիճակի մասին. «Մինչեւ Մոսկվա էլ գիտեն, որ գյուղը մարում է: Բայց ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում: Ո՛չ բնակիչ կա, ո՛չ էլ երեխա»: Իսկ գյուղացիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ. «Դա էլ, ինչպես Թումանյանն է ասում, էն էլ հրեն հա՝ երկնքից կախված: Ստեղծած արտադրանքն էլ չեն կարողանում իրացնել, թափում են ու թափում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում