«Առավոտ». Անսահման պոպուլիզմի և ցինիզմի հակադրությունը խանգարում է հասկանալ երևույթի բուն պատճառները

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրում է.

«Ամեն մի ցավալի իրադարձության շուրջ առաջանում է երեք տիպի արձագանք’ անկեղծ մտահոգություն, բ/ քաղաքական շահարկում («վայ, էս ո՞ւր ենք հասել», «էս ո՛՞ւր է երկիրը գնում»), դավադրության տեսություն («միջազգային ուժային կենտրոններից ուղղորդվող մութ ուժերը ոտնձգություն են կատարում մեր անվտանգության նկատմամբ»): Երկուսում էլ կա պոպուլիզմի որոշակի դրևորում, որովհետև այդ երկու ուղղություններով խոսակցությունները դուր են գալիս մեր շատ-շատ հայրենակիցներին: Ես այդ խոսակցությունները լսում եմ մանկուց, հետևաբար’ անկախ հասարակարգերից և ռեժիմներից: Երբ հավաքվում էին (են) նվազագույն ինտելեկտուալ հավակնություններ ունեցող մարդիկ, նրանք պարտադիր խոսում էին հրեաների և մասոնական օթյակների մասին՝ «բա դու չգիտե՞ս, ախպեր ջան, սաղ աշխարհը հրեաների ձեռնա»: Ես դա ընկալում եմ որպես փոքր ժողովրդի որոշակի բարդույթների արտացոլում, երբ չես կարողանում ստեղծել քոնը, դատողությունների մեկնակետ ես վերցնում ուրիշների բացասական ընկալումը:

Դե, իսկ առաջին արձագանքն ավելի ունիվերսալ արմատներ ունի’ նման ընկալումը հատուկ է ոչ միայն աշուղական արվեստին («էրեկ լավ էր, բանց վուր էսօր»), ոչ միայն Խորենացու ողբին, նույն տրամադրություններ կան նաև Հին կտակարանում, մասնավորապես’ Երեմիայի մարգարեություններում. «Նայեցի երկրին’ամայի էր, ոչինչ չկար, նայեցի դեպի երկինք’ և չկար նրա լույսը»:Ընդդիմության 20 տարվա քարոզչությունը հիմնված է այս տեսակ ողբի վրա, որը, կրկնեմ’ ես կենցաղային խոսակցություններում լսել եմ նաև համեմատաբար կուշտ կոմունիստական ժամանակներում: Ժամանակակից ընդդիմադիրներն այս առումով բավականին տաղանդավոր «նախահայրեր» ունեն’ ի դեմս 90-ականների Արշակ Սադոյանի, Սեյրան Ավագյանի և Դավիթ Վարդանյանի, որը խորհրդարանում տվեց առաջին նախագահին իր «պատմական» հարցը այն մասին, թե ինչպես է մեր խեղճ ժողովուրդը գոյատևում մի աշխատավարձով, որով կարող է ամիսը ընդամենը երկու ձու գնել:Այդ անսահման պոպուլիզմին մշտապես հակադրվում է անսահման ցինիզմը. «Այսօր, երբ մեր երկիրը գտնվում է փաստացի պատերազմի մեջ, որոշ ուժեր, որոնք ուղղորդվում են դրսից’ որոշ այլ ուժերի կողմից, ջուր են լցնում մեր հակառակորդների ջրաղացին»: Որ երկիրը փաստացի պատերազմի մեջ է, դա ճիշտ է, բայց ինչո՞ւ այդ հանգամանքը պետք է զսպի «որոշ ուժերին» և շարքային քաղաքացիներին, բայց որևէ ազդեցություն չի թողնում իշխանավորների ախորժակի վրա: Հիշենք ցանկացած հիշարժան իրադարձություն և երկու կողմից կտեսնենք այդ վերաբերմունքը:

Ընդդիմությունը փորձում է իր ողբով «ընդհանրացնել» դեպքը և խթան դարձնել բողոքի ալիքի համար, իշխանությունը փնտրում է ժողովրդի միանգամայն անկեղծ ու ինբնա-բուխ բողոքի «ուղղորդողներին»: Սպանված զինվորի թաղման շուրջ կողմերի արձագանքը այդ իրավիճակի դասական դրսևորումն է: Ինչպես այս, այնպես էլ, ասենք, կարկուտի դեպքում անսահման պոպուլիզմի և ցինիզմի հակադրությունը խանգարում է հասկանալ երևույթի բուն պատճառները և լրջորեն քննարկել իրավիճակից դուրս գալու ճանապարհները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում