Պողոս Ադրիանապոլսեցի՝ «Խրատի թանգարան»

Պողոս Ադրիանապոլսեցի՝ «Խրատի թանգարան»

Երջանկույուն

Ը. Երջանիկ է նա, ով իրեն Աստծու առաջ միշտ ներկա է ճանաչում և Աստծուն` իր առաջ ներկա, ինչպես որ կա էլ իրականում: Մտածելով, թե Աստված ո՛չ այլ մեկի մասին է հոգում, եթե ոչ իր, ինքը նույնպես ո՛չ այլ ինչ է խորհում, եթե ոչ Աստծու կամքը կատարելը: Որովհետև Աստված ամեն ինչ արեց մարդու համար և մարդուն՝ միայն Իր համար, ուստի հարկ է, որ մարդ միայն Աստծուն ծառայի: Իսկ սա այնժամ է լինում, երբ մարդ ինչ որ մտածում, ասում ու կատարում է, այդ ամենն Աստծու փառքին է վերածվում:

Եվ երբ իրեն Աստծու առաջ ներկա է ճանաչում և Աստծուն՝ ամենուրեք ներկա, գործերը տեսնող ու մտածումները քննող, վնասակար դիպվածների պատահման ժամանակ բնավ չի վրդովվում, որովհետև ստույգ գիտի, որ Աստված սիրում է իրեն, միշտ կամենում իր օգուտը և երբ թույլ է տալիս, որ վնաս պատահի, սա նույնպես իր օգտի համար է: Արդ, ով այսպես է մտածում, իսկապես ուրախ ու խաղաղ է իր բովանդակ կյանքում:

Թ. Երջանիկ է նա, ով ոչ ինքն է ուրիշին ծառա և ոչ էլ ուրիշներին է իր կամքին ծառայեցնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում