«Դորիանսի» ելույթը նախորդներից ամենալավն էր. Շուշան Պետրոսյան

«Եվրատեսիլում» 18-րդ տեղը զբաղեցրած «Դորիանս» խմբի ելույթը քննարկման թեմա է դարձել, թե’ հասարակության մեջ, թե’ ԶԼՄ-ներում: Այս մասին իր մեկնաբանությունն է արել երգչուհի Շուշան Պետրոսյանը:

Շուշան Պետրոսյանի համար «Եվրատեսիլ» երգի մրցույթին «Դորիանս» խմբի ելույթը ամենալավն էր նախորդներից։ «Մեր ամենալավ ելույթն էր մեր ունեցած բոլոր նախորդ ելութներից՝ և՛ երգի առումով, և՛ կատարման։ Իրենք իրենց ֆորմատի մեջ էին՝ ռոք էին երգում, ազատ էին և ոչ մի հատուկ բան պետք չէր բեմադրության համար»- Tert.am-ի հետ զրույցում ասաել է Շուշան Պետրոսյանը:

Ինչ վերաբերվում է զբաղեցրած 18-րդ հորիզոնականին, ապա Շուշան Պետրոսյանի համար այդ միավորների բաշխումը միշտ էլ կասկածելի է եղել։ «Միշտ կասկածելի է։ Պետություններ կան, որ երբեք մեզ ոչինչ չեն տվել, այս անգամ մեկ երկու միավոր տվեցին»,-ասաց նա և նշեց, որ ինքը միշտ էլ ասել է, որ չպետք է այդքան լուրջ վերաբերվել և ժամանակն է հրաժարվել մասնակցությունից։

Երգչուհին հավատացնում է, որ սփյուռքահայությունը նախորդ տարիներից ոչ պակաս է քվեարկել և անհեթեթություն է դրանից եզրակացություն անել, որ նրանք Հայաստանից երես են թեքել։ «Նման բան չկա, դա թյուր կարծիք է, որովհետև ես էլ Հայաստանում չեմ նայել, ես բազմաթիվ հարազատներ ու ընկերներ ունեմ Սփյուռքում, Եվրոպայում, մարդիկ, կան որ ընտանիքներից տասական ձայն են տվել, խնդիրը դա չի, մինչև հիմա չհասկացանք, որ դա չի»,-նշեց նա։

Ադրբեջանի մասնակցի բավական լավ ցուցանիշը՝ 2-րդ հորիզոնականում հայտնվելը, երգչուհուն այդքան էլ չի հետաքրքրում։ «Ճիշտն ասած՝ ինձ համար այնքան անհետաքրքիր է, ես մրցակցության համար չեմ նայում, տեսնեմ, թե ով ինչ երգեց, մերոնց եմ նայում և վերջ։ Բայց մի խումբ «օբյեկտիվ» հայեր քննարկում են և ասում, թե Ադրբեջանի երգը հրաշալի երգ էր, հրաշալի կատարում էր։ Եթե նույնիսկ այդպես էր, չեմ կարծում, որ մենք գոնե պետք է դրա մասին բարձրաձայնենք, զարմանալի է»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է «Տաշիր 2013» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն երգիչ-երգչուհու ընտրությանը, ապա Շուշան Պետրոսյանը համաձայն չէ։ Նշենք, որ «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթեց Սիրուշոն, իսկ «Լավագույն երգիչ» ճանաչվեց Ռազմիկ Ամյանը: «Ընտրության հետ ես համաձայն չեմ։ Կարծում եմ, որ Լիլիթ Հովհաննիսյանն ամբողջ տարին այնքան լավ էր աշխատել, անկախ նրանից, ես ընդունում եմ, թե չեմ ընդունում, իսկ Քրիստինե Պեպելյանը այնքան հրաշալի մենահամերգներ է ունեցել։ Ես կարծում եմ, որ մի երգով տարվա լավագույն երգիչ չեն դառնում, նույնիսկ եթե այդ երգը շատ սիրեն։ Կարծում եմ, որ մտերիմ, հեռու, այդ բաներից պետք է ազատվել։ Կամ մրցույթներ մի արեք, կամ արեք ձեր տանը, ընտանիքի անդամներով, ընկերներով իրար գովեք, տենց չեն անում, սիրուն չի դա, սխալ ընտրություն էր»,- նշեց երգչուհին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում