Հող հայրենի
Նմանատիպ
Ուղեկիցս ծերունի էր մի բարեդեմ.
Կողքին երկու թոռներն էին թուխ ու սիրուն.
Երբ իմացավ հայ եմ՝ դեմքի բարին արդեն
Դարձավ մի տաք երջանկություն։
Այնուհետև Մոսկվայից մինչ Երեվան
Նա խոսում էր, ապա լսում, լսում սիրով՝
Շաբաթներով ջրի կարոտ մարդու նման
Հայերենը ըմբոշխնելով։
Ոսկերիչ էր։ Ադանացի։
Ալիքները նրան Փարիզ էին նետել։
Ապրում է լա՛վ։ Ոսկերիչի ոսկի՜ ձեռքեր,
Ուր էլ լինեն՝ չեն ծանգոտի։
Բայց ի՞նչ օգուտ, – ծերը նայում է թոռներին,
Ու ձայնի մեջ կարծես թե ծուխ է խտանում,
Խորթանո՜ւմ են զաւակները, ձեռքից գնում,
Թառամում է հայրենի բառը շուրթերին-
Ինքը ծեր է, ոտքի մեկը՝ գերեզմանում,
Դե՛հ, այսօր կայ, վաղը չկա…
Իրենից ետ, ո՜վ իմանա,
Պիտի հիշե՞ն հայրենիքը ու հարենին…
Դրա համար հավաքել է ուժերը ողջ
Ու թոռներին Հայաստան է բերել այցի.
Տեսնեն թսղ գեթ, ու ճանաչեն, ու թող զգա՜ն,
Ու հող ունեն ու ժողովուրդ, լեզու ու տոհմ,
Եվ հոգու մեջ, գեթ մի կանթե՜ղ պահեն դարձի…
Ինքնաթիռը խրվեց գիրկը Հահաստանի,
Խառնվեցին ամպ ու Սեվան.
Հետո՜, հետո՜
Մեր նրբազգաց երկինքն ահա
Ամպի ճերմակ վարագույրը քաշեց մի կողմ,
Որ ԵրԵվանը երԵվա՛…
Ծերուկն էլ չէր խոսում ինձ հետ։ Շփոթահար՝
Մեկ թոռներին մոտն էր տանում ու մեկ՝ թողնում, ,
Մեկ խոսակցում էր նրանց հետ, մեկ՝ մոռանում,
Եվ ինքնասույզ՝ պատուհանին գամվում նորից։
Իսկ թոռները, պատանեկան մի աշխույժով
Այս ու այն կողմ էին վազում զվարթաձայն,
Մեկ աջ, մեկ ձախ պատուհանին կպչում ուժով,
Ֆրանսերեն կանչում իրար ու ցույց տալիս, –
«Օ‘՜, Աղաղատ…
Օ՜, ԵղԵվան…» .
Ֆրանսերե՜ն.
Դո՛ւ Հյուգոյի հրեղեն խոսք,
Ու Վեռլենյան մարմանդ անձրԵվ,
Հնար լիներ, կնստեի՝ առավոտից մինչ երեկո,
Կլսեի՜, դյութվածի պես, քաղցրահնչյուն բառերը քո,
Որպես շղարշ երաժշտություն, որպես Ռավե՜լ…
Ֆրանսերե՜ն.
Ուրեմն ինչո՞ւ պատանեկան այս շուրթերից
Քո բառերը այսպես խորունկ խոցում են ինձ,
Եվ այլափոխ արտաբերումը Աղաղատ
Թվում է ինձ գերյալ սարից մի աղաղակ,
Մի խոր, մի նոր տագնապի կա՜նչ՝ գերյալ սարից,
Ախ, այս անգամ առեվանգված քեզնով արդեն…
Վարում արդեն ԵրԵվանն էր՝
Շառագունած արեգակից Եվ իր քարից,
Երազի մէջ երեվացող քաղաքի պես
Անիրական Եվ իրական…
Եվ իջնում էր ինքնաթիռը, իջնում էր ցած՝
Կարոտած ու տագնապալից,
Զույգ վիթպարի թԵվը բացած՝
Պատրաստվելով իջնել, դիպչել, փարվե՜լ հողին…
Իսկ ծերունի՜ն,
Նա թոռներին ամուր գրկած,
Դեռ պլլված պատուհանին՝
Վա՜ր էր նայում լացակալած իր հայացքով,
Հայացք չէր դա, այլ պաղատանք, կանչ ու մրմո՜ւնջ,
Բոբիկ եկած ուխտավորի հույս ու աղոթք,
ԱյլԵվ պահա՛նջ,
ԱյլԵվ բողո՛ք,
Հո՛ղ հայրենի,
Դու՝ Արշակի կերկեր լեզուն զորացնող շո՜ւնչ,
Փռվի՛ր, փռվի՜ր ոտքերի տակ այս հեգ մանկանց,
Ու թող հանկարծ,
Ավանդական նույն հրաշքո՜վ մեր հայրերի,
Քեզ դիպչելով՝ խոսե՛ն նրանց շուրթերը մունջ
Հայերենով մի արքենի,
Հո՛ղ հայրենի…
Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում