ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վաղը կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան վաղը, մայիսի 22-ին: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական ծառայությունը’ հղում անելով ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորին, մայիսի 22-ին համանախագահները կայցելեն Ադրբեջան եւ կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:

Այնուհետեւ հաջորդ օրը նրանք կայցելեն Հայաստան:

Ըստ աղբյուրի, այս անգամ համանախագահները չեն պլանավորում այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: «Սա մի կարճ այցելություն կլինի դեպի Երեւան եւ Բաքու’ քննարկելու երկրների նախագահների հետ նախարարների հանդիպումների արդյունքները», ասել է Ֆորը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամմադյարովը հանդիպել են մայիսի 17-ին Կրակովում, Լեհաստանում: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագաները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:

Հանդիպումից հետո ԵԱՀԿ պաշտոնյաները հայտարարություն տարածեցին’ նշելով, որ իրենք շարունակելու են ջանքերը հարցի խաղաղ կարգավորման համար եւ տեղեկացրել էին, որ առաջիկայում այցելելու են տարածաշրջան:

Թամարա Գրիգորյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում