Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներին
Նմանատիպ
Մայիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներին’ գլխավորությամբ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից:
Ողջունելով հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին’ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց ներկաներին: Գնահատանքով անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը’ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ հիմնադրամի ծառայությունը’ կոչված Հայրենիքի կյանքի առաջընթացին ու բարօրությանը, մեծ հանձնառություն ու հետևողական աշխատանք է պահանջում:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը կարևորեց Հայ Եկեղեցու առավել չափով ներգրավվածությունը հիմնադրամի աշխատանքներում, ինչը կնպաստի նաև ազգային ինքնագիտակցության կերտմանն ու ազգային ոգու արթնացմանը: Վերջում Նորին Սրբությունն արդյունավոր գործունեություն մաղթեց հիմնադրամին: Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև ներկաներին հուզող հարցերին, որոնք առնչվում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայիս վիճակին ու գործունեությանը տարբեր ոլորտներում, Սիրիայի հայ համայնքին և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքներին Մայր Աթոռի կողմից ցուցաբերված օգնությանը, ինչպես նաև ներեկեղեցական և միջեկեղեցական տարբեր խնդիրներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում