«Լուսանկարչությունը միջոց է պատմելու իմ պատմությունը»
Նմանատիպ
Կանանց դեմքերի փոխարեն՝ կենցաղային իրեր, սառնարանում՝ ական, զինվորական հնամաշ կոշիկներին՝ տոնական կարմիր ժապավեններ, սարդոստայններ, որ հյուսում ենք սեփական ձեռքերով ու պաշտպանում մեզ աշխարհից կամ հայտնվում ծուղակում:
Այսպիսին են իրանցի հայտնի լուսանկարչուհի ՇԱԴԻ ՂԱԴԻՐՅԱՆԻ լուսանկարչական աշխատանքները՝ լուսանկար-պատմվածքներ, որոնք շարք են դառնում և ուղեկցվում հեղինակի ուշագրավ տեքստով: Դրանք վավերացնում են պահը, ժամանակը, նաև արծարծում հասարակական-քաղաքական տարաշերտ խնդիրներ:
Հայաստանում իրանցի լուսանկարչի աշխատանքները ցուցադրվում են առաջին անգամ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) և «Մուսկարի» ասոցիացիայի նախաձեռնությամբ: Կենտրոնի «Արծիվ» սրահում արվեստասերները մինչև դեկտեմբերի 23-ը հնարավորություն ունեն դիտելու լուսանկարչուհու հիսուներեք աշխատանք: Մուտքն անվճար է:
«Ցուցադրությունը յուրահատուկ անդրադարձ է՝ բացահայտելու լուսանկարչուհու ներաշխարհը և աշխարհընկալումը, որոնք մեզ են փոխանցվում թվացյալ պարզ, սակայն միանգամայն խորունկ պատկեր-ուղերձներով», – նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը: Ղադիրյանի աշխատանքները ցուցադրվել են տարբեր երկրներում՝ Իրան, Ֆրանսիա, Կանադա, Իտալիա, Բելգիա, Հնդկաստան, ԱՄՆ և այլն:
«Շադի Ղադիրյան. հետահայաց» ցուցադրության շրջանակներում տեղի ունեցավ վարպետության դաս. արվեստագետները, մասնավորապես՝ լուսանկարիչները, ոլորտի մասնագետները, ԳԱԿ-ի պատանեկան խորհուրդը, արվեստի բուհերի ուսանողները հնարավորության ունեցան լուսանկարչուհու հետ հաղորդակցվելու հարց ու պատասխանի ձևաչափում:
Որպեսզի Շադի Ղադիրյանի ազգանվան «յան» վերջածանցը տարակարծությունների առիթ չտա, շտապենք ասել, որ նա հայկական ծագում չունի, թեև, ինչպես ինքն է նշում, ապրում է Թեհրանի հայկական համայնքում և շատ լավ գիտի հայերին:
«Լուսանկարչությունն ինձ համար միջոց է` պատմելու իմ պատմությունը: Ես լավ գրող կամ լավ դասախոս չէի կարող լինել, խոսքի մարդ չեմ, մինչդեռ լուսանկարների՝ տեսողական իրողությունների միջոցով ինձ համար ավելի հեշտ է խոսել»,- ասում է Շադին, նշում նաև, որ այլ երկրներ գնալիս, իր փորձը փոխանցելուց զատ, սիրում է լսել մարդկանց՝ փորձելով հասկանալ-ճանաչել այդ երկրի մշակույթը, այդ երկրի լուսանկարիչներին ու նրանց ներաշխարհը:
Հարց հնչեց. «Սարդը կարծես ընտրել եք որպես պաշտպանության խորհրդանիշ, բայց իրականում այն ծառայում է որպես թակարդ, ինչու՞»:
«2009-ի ընտրություններից հետո, երբ մեր ընկերներից շատերին ձերբակալել էին, շատերն էլ ստիպված էին երկրից հեռանալ, այդ ժամանակ ես լսեցի իրանական մի թատերգություն, որ վերնագրված էր «Միսս թիթեռնիկ»,- ասաց Շադին՝ փորձելով հակիրճ ներկայացնել պատմությունը: Թիթեռնիկը գնում է սարդոստայնի մոտ, սարդը որոշում է չուտել թիթեռնիկին, որովհետև նա շատ գեղեցիկ է, ու թույլ է տալիս, որ թիթեռնիկն իր համար միջատներ բերի որպես կերակուր: Թիթեռնիկն այնքան բարի էր, որ չի կարողանում կերակուր հայթայթել սարդի համար: Լսում է, լսում միջատների պատմությունները և այդ ողջ ընթացքում կորցնում իր գեղեցկությունը: Թիթեռնիկը միշտ խոսում էր, պատմում արևի, լույսի հետ իր հանդիպման մասին, ի վերջո, սարդին ասում է՝ ստիպված ես ինձ ուտել, որովհետև քեզ համար կերակուր չգտա: Սարդը նրան ասում է՝ դու շատ բարի ես, կարող ես գնալ ու հանդիպել արևի, քո լույսի հետ: «Դա ճիշտ այն իրավիճակն է, որի մեջ մենք էինք հայտնվել այն ժամանակ: Մենք ուզում էինք հանուն ազատության ինչ-որ բան անել, բայց չէինք կարող, խավարի մեջ էինք: ՈՒզում էինք լույսին հանդիպել, լույս տեսնել: Կարծես բոլորս միասին մի թիթեռնիկ լինեինք»,- պարզաբանեց լուսանկարիչը: Խոսելով հանդիսատեսի հետաքրքրության, արձագանքի մասին` նշեց, որ իր աշխատանքները հիմնականում ներկայացնում է Իրանում, դա կարևոր է իր համար, որովհետև աշխատում է իրանցիների համար: «Նախ ասեմ, որ գեղարվեստական լուսանկարչությունը դժվար է ցուցասրահներում ներկայացնելը: Ինչպես գիտեք, Իրանում կարմիր գծեր կան, մենք փորձում ենք չանցնել այդ սահմանները: Իրականում դա ստիպում է մեզ մեր ընտրած թեմայի վերաբերյալ ավելի խոր մտածել: Կարծում եմ` հանդիսատեսն էլ կարողանում է ավելի խոր շերտեր գտնել դրանցում: Կանանց մեծամասնությանը դուր են եկել իմ աշխատանքները, ֆեմինիստական շատ կազմակերպություններ իմ աշխատանքները օգտագործեցին: Կային շարքեր, որ դուր չեկան տղամարդկանց: Իսկ առհասարակ, արձագանքը կախված է թեմայից ու ցուցադրման վայրից»:
Ինչ վերաբերում է արգելքներին, Շադին պատմեց, որ մի քանի տարի առաջ իր «Ամեն օրվա նման» շարքը Փարիզում պետք է ցուցադրվեր, Իրանի կառավարությունն իր անհամաձայնությունն է հայտնել, բայց իր ցուցահանդեսների կազմակերպիչ Անահիտն անձամբ այդ աշխատանքները տարել ու ցուցադրել է Փարիզում: «Դրանից հետո կառավարությունից ինձ կանչեցին ու խնդրեցին որոշ բաներ բացատրել: Բայց դա այնքան էլ լուրջ չէր, պարզապես ուզում էին հասկացնել՝ ուշադիր եղիր, մենք քեզ հետևում ենք: Դա միակ դեպքն է, որ ես կարող եմ հիշել»,- ընդգծեց լուսանկարչուհին:
«Իրատեսը» հետաքրքվեց՝ արդյոք Շադին իր աշխատանքներով վավերացնու՞մ է ժամանակը, թե՞ փորձում է ինչ-որ բան փոխել մարդկանց գիտակցության մեջ: Նաև հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է հայաստանյան այցելությունից նոր աշխատանքների շարք ծնվի:
«Ես չեմ կարծում, որ արվեստը կարող է շատ բան փոխել, որովհետև իրականում մեր հանդիսատեսը փոքր թիվ է կազմում: Երբ ինչ-որ տեղ ցուցադրում ես քո աշխատանքները, քչերն են գալիս և նայում, բայց լուսանկարիչներս ինչ-որ առումով ժամանակի վկաներն ենք: Մենք կարող ենք մարդկանց ուշադրությունը բևեռել ինչ-որ թեմաների վրա, ստիպել մտածել առավել խորությամբ: Բայց եթե աշխատանքներդ քաղաքի կենտրոնում մեծ ցուցանակի տեսքով դրված լինեն, հնարավոր է մարդկանց մտածողության վրա որոշակի ազդեցություն ունենան»,- ասաց Շադին։ Մեր մյուս հարցին անդրադառնալով էլ նշեց, որ 4-5 օր է Հայաստանում մնալու: Աշխատելու համար նրան ավելի շատ ժամանակ է պետք: Իսկ երբ գնում է որևէ երկիր, որտեղ նախկինում չի եղել, գնում է որպես զբասաշրջիկ: Լուսանկարչական շարքեր անելու համար պետք է ավելի երկար մնա, զգա այդ երկրի իրականությունը: Բոլոր դեպքերում, Շադիի կարծիքով՝ մեր երկրների մթնոլորտը, մարդիկ, մշակույթը շատ նման են:
ՈՒշագրավ է նաև լուսանկարչի ստեղծագործական աշխատանքի ընթացքը. սկզբում Շադին ընտրում է թեման, մտածում է դրա մասին, մարդկանց հետ է խոսում, գրքեր կարդում, ուսումնասիրում, և պատկերը ինքնըստինքյան ծնվում է գլխում, որից հետո արդեն գիտի ինչ անել: Նրա համար դա ասես թատրոնի բեմը զարդարելու պես բան լինի, սկզբում մի դեկոր է դնում, հետո` մյուսը, ձևափոխում է և, ի վերջո, ստանում իր ուզած դեկորացիան՝ պատկերը: Այդ ամենից հետո լուսանկարելն արդեն շատ պարզ քայլ է:
Խոսելով Իրանում կանանց իրավունքների, կանանց ու տղամարդկանց իրավահավասարության մասին՝ լուսանկարչուհին ասաց, որ Իրանում բուհ ընդունվող կանանց քանակը երեք անգամ գերազանցում է տղամարդկանց քանակը, արվեստում, սպորտում և շատ այլ բնագավառներում կարելի է տեսնել ավելի շատ կանանց, քան տղամարդկանց: «Փոփոխությունները պետք է դանդաղ իրականացվեն, որովհետև մի գիշերվա մեջ ոչինչ տեղի չի ունենում: Ես, որպես արվեստագետ, ապրում, ստեղծագործում եմ Իրանում, ճամփորդում եմ աշխարհով մեկ, կարողանում եմ իմ աշխատանքը ցուցադրել, ու սա արդեն իսկ էական փաստ է: Թեև, այո, Իրանում կան բաներ, որ ապագայում պետք է բարելավվեն, ավելի լավը դառնան»:
Իրանի 2009 թվականի նախագահական ընտրությունների և իր՝ Շադիի ապրումների մասին հետաքրքրվեց հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը: Շադին ասաց, որ ահավոր ժամանակներ էին, շարժումը առաջնորդներ ուներ, բայց մարդիկ իրենք էին կանգնում ու բարձրաձայնում իրենց իրավունքները, իրենց ազատության հարցը. «Այդ շարժումն սկսվեց համալսարաններում՝ ուսանողներից: Ցավոք, շարունակություն չունեցավ: Այս օրերին էլ ինչ-որ բաներ տեղի ունենում են, բայց դա լրիվ տարբեր է 2009-ին տեղի ունեցածից, հիմա ավելի շատ տնտեսական, սոցիալական հարցեր են բարձրացվում: Ես կարծում եմ՝ ավելի լավ միջոցներ կան ազատության, իրավունքների համար պայքարելու, քան փողոց դուրս գալը»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am: