Տեղեկատվությունը հերքվեց, բայց տպավորությունները դեռ կմնան

Ֆեյսբուքը շատերի համար դարձել է պաշտոնական հաղորդագրության տեղադրման վայր, իսկ երթուղայինի վարորդին արդեն կարելի է հղում տալ: Մի քանի ժամ առաջ ֆեյսբուքյան իր էջում Գրիգոր Հովակիմյանը հայտարարել էր. «ՇՏԱՊ: Ժողովուրդ, հենց նոր երթուղայինում վարորդը հայտարարեց, որ հունիսի 1-ից երթուղային տրանսպորտի գինը բարձրանալու է ‘ միկրոավտոբուսները 200 դր, իսկ ավտոբուսները 150 դրամ»:

Այս հայտարարությունը ֆեյսբուքում հայտնվելուց հետո մի շարք լրատվամիջոցներ իրենց կայքերի օգնությամբ հանրության դատին հանձնեցին այդ ոչ պաշտոնական լուրը: Սակայն լուրը պաշտոնապես հերքվեց, որպեսզի քաղաքացիների շրջանակներում նոր խուճապի և երկիրը լքելու թեմա չդառնա, քանզի ժողովուրդն արդեն սովորել է, ամեն ինչից պատրաստվում է ապրել էմիգրանտի կարգավիճակում, օտարության մեջ:

Ինչպես հայտնում է Panorama.am-ը, տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես է եկել Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
«Քիչ առաջ սոցիալական ցանցերով «ՇՏԱՊ» գուժող վերտառությամբ այսպես կոչված «լուրը» այն մասին, թե հունիսի 1-ից հասարակական տրանսպորտի ուղեվարձը թանկանալու է, չի համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանում նման հարց չի քննարկվել ու չի քննարկվում:

Հորդորում եմ բոլորին զերծ մնալ սույն ապատեղեկատվությունը տարածելուց և անհարկի խուճապ ստեղծելուց»,-նշել է քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Ինֆորմացիան հերքվեց, սակայն այն տպավորությունները, որ թողել է այդ գրառումը, դեռ երկար քննարկման թեմա կլինի համացանցում:

Արուսյակ Սիմոնյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում