«Պապին…»
Նմանատիպ
«Պապի»։ Այսպես են դիմել Սոս Սարգսյանին նրա հիմնած Համազգային թատրոնի դերասանները։ «Իսկապես պապի էր ամեն ձև»,- ասում է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի պետական համազգային թատրոնի դերասանուհի Նարինե Գրիգորյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ի՞նչ հիշողություններ ունի կապված մեծանուն դերասան Սոս Սարգսյանի հետ։
Այսօր դերասան Սոս Սարգսյանի ծննդյան օրն է. ծնվել է 1929 թվականին, Ստեփանավանում։ 1991 թվականին հիմնել է Համազգային թատրոնը, եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
«Իրականում, իհարկե, իր դերը շատ մեծ է յուրաքանչյուրիս կայացման գործում, ովքեր իր հետ աշխատել են։ Ինչքան տարիներն անցնում եմ, ավելի եմ հասկանում՝ ինչքան մեծ երջանկություն էր մեզ համար, որ հանդիպել ենք նրան։ Ուրախ եմ, որ հանդիպել եմ, շնորհակալ եմ, որ աշխատել եմ իր հետ»,- նշեց Ն. Գրիգորյանը։
Դերասանուհին խաղացել է Ս. Սարգսյանի բեմադրած երեք ներկայացումներում։
«Ինքը կատեգորիկ դերասանների բերանից հանել էր «չեմ կարող» բառը։ Մեզ ասում էր օռլի՝ արծիվներ։ Մտածում էինք, թե ինչքան է հոգնում։ Բայց բացարձակ չէր հոգնում, կարող էր առավոտից երեկո փորձ անել։ Իր պահանջը շատ մեծ էր։ Իր ներկայացումներում, որ խաղում ենք, օրինակ «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը» ամբողջ հոգեկան, ֆիզիկական աշխարհը խառնվում է իրար, ներկայացումից հետո փլվում ենք։ Ամեն ինչը մասշտաբային էր ուզում, մեծ էր ուզում։ Եթե ծիծաղում էինք, պարտադրում էր հոմերոսյան ծիծաղ, ծիծաղի ժամանակ ասում էր՝ «Գագիկ երկու կես եղիր, Գագիկն ասում էր՝ «Սոս Արտաշեսիչ, բայց ինչպես երկու կես լինեմ», ասում էր՝ «ինձ չի հետաքրքրում, երկու կես եղիր ծիծաղելիս»։
Ինչքան արագ պետք է փոխեինք մեր հոգեկան ապրումները, ինտոնացիաները։ Միշտ ասում էր լավն եք։
Հումորը միշտ պահվում էր»,- հիշում է Նարինե Գրիգորյանը։
Նա նաև հիշեց, որ Ս. Սարգսյանի մոտ թատրոն շատ մարդիկ էին գալիս, ոչ միայն թատրոնի մարդիկ. «Գալիս էին բազմաթիվ խնդիրներով, մեկը հացի փողի համար, մյուսը աշխատանքի տեղավորվելու։ Բոլորին լսում էր, ում կարողանում էր, օգնում էր։ Համազգային մարդ էր։ Դա երևաց նաև նրա թաղման օրը։ Նրան հրաժեշտ տվողների կեսը թատերական աշխարհի ներկայացուցիչներ էին, մյուս կեսըէ սովորական քաղաքացիներ։
Ինձ թվում է՝ նա հենց իմաստուն ծնվել էր։ Ամեն հարցում փորձում էր մեզ օգնել։ Ոչ միայն մասնագիտական, նաև անձնական, իմանում էր, ով ում է սիրում։ Լինում էին աղջիկները՝ զանգելով բան էին պատմում, ինքը հանգստացնում էր։
Մենք իրեն ասում էինք պապի։ Մեզ համար շատ բնական էր, որ ասում էինք պապի։ Իսկապես պապի էր ամեն ձև»։
Ն. Գրիգորյանը նշեց, որ հզոր էր Սոս Սարգսյանը նաև երկրի մասշտաբով։
«Հիմնեց թատրոն, երբ պատերազմ էր, երբ մշակույթը որերորդ պլան էր մղվել։ Հասկանում էր, որ իրականում երկիրն արվեստով է ապրում»,- ասաց դերասանուհին՝ հավելելով, որ նրա հիմնած թատրոնը պետք է մարդկանց սիրո ու բարության մեսիջը փոխանցեր։
«Ամեն թատրոն իր գիծն ունի, Համազգային թատրոնինը՝ սիրու ու բարության մեսին էր, որ մարդկանց ամեն օր հիշեցնենք այդ մասին։ Նա այդպիսինն էր, նա այդպես էր ապրում ու մեզ դաստիարակում։ Նաև որպես քաղաքացի էր դաստիարակում»,- նշեց ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը։
Սոս Սարգսյանը 1954 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1954-91 թթ-ին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, 1991 թ-ից Համազգային թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավարն է: 1992 թ-ից դասավանդում է Երևանի թատերարվեստի և կինոյի պետական ինստիտուտում (1998-2005 թթ-ին՝ ռեկտոր, 2003 թ-ից՝ պրոֆեսոր):
Սարգսյանը դեռևս ստեղծագործութան վաղ շրջանից, մերժելով պաթոսային, կեցվածքային-հռետորային խաղակերպը, դրսևորել է բնութագրական դերասանին բնորոշ հատկանիշներ Մելքոնի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս»), Ջոն Պրոկտորի (Արթուր Միլլերի «Սալեմի վհուկները»), Տիբալտի (Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ») և այլ դերակատարումներում. վերջինս աչքի էր ընկնում կերպարի լիարժեք բացահայտմամբ: Նրա դերասանական խառնվածքն առավել համոզիչ արտահայտվել է իր նախասիրած՝ տառապող և ուժեղ բնավորությունների անձնավորումներում՝ Զիմզիմով (Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»), Դոն Կիխոտ (Միխայիլ Բուլգակովի «Դոն Կիխոտ»), Յագո, Ջոն արքա, Լիր (Վ. Շեքսպիրի «Օթելլո», «Ջոն արքա», «Լիր արքա», նաև վերջինիս ռեժիսորն է), Ադամյան (Ժորա Հարությունյանի «Խաչմերուկ», ՀՀ Պետական մրցանակ՝ 1979 թ.), Մացակ («Հացավան», ըստ Նաիրի Զարյանի), Թաղապետ (Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը», նաև ռեժիսորն է) և այլն:
Սարգսյանն առանձնահատուկ տեղ ունի նաև հայ կինոյում, որտեղ ստեղծել է ազգային տիպական և մնայուն կերպարներ: Խորհրդային կինոարվեստում միլիցիոների կերպարի անձնավորման փայլուն օրինակներից է Սարգսյանի Քննիչը («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.): Լավագույն կինոդերերից են նաև Մկրտիչը («Եռանկյունին», 1967 թ., ՀՀ Պետական մրցանակ՝ 1975 թ.), Զամբախովը («Խաթաբալա», 1971 թ.), Սմբատը («Քաոս», 1973 թ.), Նահապետը («Նահապետ», 1977 թ.), Ձորի Միրոն («Ձորի Միրոն», 1980 թ.), Համբոն («Գիքորը», 1982 թ.), Ասացողը («Մատենադարան», 1983-2002 թթ., հեռուստաֆիլմ, ՀՀ Պետական մրցանակ՝ 1988 թ.) և այլն: Նկարահանվել է նաև այլ կինոստուդիաներում («Սոլյարիս», 1973 թ., «Երկնագույն մավրիկիոսը», «Հետաքննության հանձնաժողովը», 1978 թ., և այլն):
Սարգսյանը հանդես էր գալիս նաև ասմունքով: Հյուրախաղերով շրջագայել է Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր:
Սարգսյանը գրել է «Վարագույրից այս կողմ» (1991 թ.), «Ընդհատում» (2000 թ.), «Մենք ու մերոնք…» (2010 թ.) գրքերը:
ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին։
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում