ԲՀԿ-ական քաղխորհրդի անդամները լքում են կուսակցությունը

Երկու գումարման և ներկայումս Վանաձոր համայնքի ավագանու գործող անդամ, ԲՀԿ-ական, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արմեն Այվազյանն այլևս չի հաճախում ավագանու նիստերին, և ըստ քաղաքում շրջանառվող խոսակցությունների՝ հեռացել է Վանաձորից:

Քաղաքում չէ նաև նրա հայրը’ ԲՀԿ-ական, նույնպես ԲՀԿ քաղխորհրդի անդամ Ստեփան Այվազյանը, ով Լոռու նախկին մարզպետներից է, իր վերջին’ հարկայինի պետի տեղակալի պաշտոնից էլ հրաժարվեց հանուն ԲՀԿ-ի:

Ըստ «Առաջին լրատվական»-ի աղբյուրների’ արդեն 1 ամիս է’ հայր և որդի Այվազյանները դիմում են ներկայացրել ԲՀԿ գրասենյակ’ կուսակցությունից դուրս գալու մասին: Նույն աղբյուրների փոխանցմամբ’ դիմումներ են պատրաստել նաև Այվազյանների անդամագրած այլ կուսակցականներ’ թվով մոտ 1500-2000 մարդ, որոնք, ըստ տեղեկությունների, հիասթափված են ԲՀԿ-ից ու նրա չկատարվող խոստումներից:

Ուշագրավ է, որ, չնայած ԲՀԿ ղեկավարների հավաստիացումներին, թե օժանդակում ու աջակցություն են ցուցաբերում հատկապես երիտասարդությանը, երիտասարդ ԲՀԿ-ական Արմեն Այվազյանը, ով աչքի է ընկել ակտիվ կուսակցական գործունեությամբ և բավականին ծառայություններ է մատուցել ԲՀԿ-ին, այժմ նյութական կարիքից դրդված մեկնել է արտագնա աշխատանքի:

Բավական է նշել միայն, որ անցած խորհրդարանական ընտրություններին Վանաձորում ձևավորված ԲՀԿ 2 գրասենյակներից մեկը նա էր ղեկավարում և 32 տոկոս ձայն ապահովեց իր կուսակցության համար՝ այն դեպքում, երբ մայրաքաղաքում ԲՀԿ-ի ցուցանիշն ընդամենը 21 տոկոս էր: Նաև լինելով 53-րդը ԲՀԿ համամասնական ցուցակում’ հրաժարվեց մանդատից’ իր տեղը զիջելով 67 համարի թեկնածուին:

Լրատվականը փորձել է ճշտել այս տեղեկությունը ԲՀԿ Վանաձորի տարածքային գրասենյակի ղեկավար Էդիկ Կարախանյանից:

«Ես տեղյակ չեմ իրանցից, կենտրոնական պիտի զանգեք, էնտեղով ճշտեք, ես տեղյակ չեմ բացարձակ»,- ասել Է. Կարախանյանը:

Հարցին’ դիմումներն իրե՞ն չեն հանձնել, պատասխանեց. «Չէ, ոչ»: Հերքեց նաև, որ ուրիշ ԲՀԿ-ականներ էլ են պատրաստվում հեռանալ կուսակցությունից: «Ոչ, տենց բան չի եղել, ոչ մեկն էլ չի ուզում դուրս գա»:

ԲՀԿ կենտրոնական գրասենյակի ընդհանուր բաժնի ղեկավար Նաիրա Չատինյանի ասելով’ կուսակցությունից դուրս գալու համատարած դիմումներ չեն եղել, ինչ վերաբերում է հայր և որդի Այվազյաններին, ապա նրանց դիմումների հիման վրա, Ն. Չատինյանի ասելով, տեղում պետք է գումարվեր խորհրդի նիստ, և խորհրդի որոշումը ներկայացվեր կենտրոնական գրասենյակ, ինչը, նրա հավաստմամբ, չի եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում