«Դիարբեքիրում 5 մարդուց 2-ը խոսում է հայերի հետ ազգակցական կապեր ունենալու մասին». գրող Մկրտիչ Մարկոսյան
Նմանատիպ
Թուրքիայի ժամանակակից ամենահայտնի հայ գրողներից Մկրտիչ Մարկոսյանը հարցազրույց է տվել Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ին: Գրողը խոսել է Դիարբեքիրում վերջերս կայացած գրքի մեծ ցուցահանդեսի մասին, որին հրավիրված է եղել որպես պատվավոր հյուր:
Թուրքիայում մեծ արձագանք գտած «Գյավուրի թաղը» գրքի հեղինակն անդրադարձել է նաև պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում ներկայում ապրող մարդկանց՝ հայերի հանդեպ ունեցած վերաբերմունքին, նրանց անկեղծությանն ու նաև իսլամացված հայերին:
«Ապրեն, ինձ որպես պատվավոր հյուր հրավիրեցին, բացմանը ելույթներ հնչեցվեցին, բայց մի բան կար, որ ինձ տխրեցրեց. այդքան էլ չսիրեցի այն գաղափարը, որ ես իմ ծննդավայրում, իմ հողում պատվավոր հյուր եմ համարվում: Ինչո՞ւ: Ես դիարբեքիրցի եմ, այստեղ հյուր չեմ, սա ինձ հեգնանքի պես թվաց: Այս մասին բացահայտ այնտեղ էլ ասացի»,- նշել է գրողը:
Լրագրողի այն հարցին, թե ըստ իրեն՝ ինչով է պայմանավորված Արևմտյան Հայաստանում մարդկանց մեծ հետաքրքրությունը հայերի ու տեղի՝ հայկական անցյալի հանդեպ, և արդյոք դա հին ժամանակների կարոտն է, թե կորցրածի գիտակցումը, Մարկոսյանը պատասխանել է. «Երբեմն ինքս էլ եմ ինձ հարցնում այդ մասին: Կարծես հատուկ ջանք են մարդիկ գործադրում: Ասում եմ «կարծես», որովհետև ամեն մեկին չենք ճանաչում: 5 մարդուց 2-ը խոսում է հայերի հետ ազգակցական կապեր ունենալու մասին: Ընդ որում՝ ոչ ոք նրանց կոկորդին սեղմելով չի ստիպում նրանց այդ ամենն ասել, իրենք են ասում: Ոմանք էլ ամբողջությամբ հայ են (նկատի ունի իսլամացված), քրդերը նրանց «բեֆըլլե» են ասում (քրդերեն՝ հայ, քրիստոնյա-tert.am):
Չգիտեմ՝ այն ժամանակ նրանց վիճակում լինեի, ինչ կանեի», – ասել է Մարկոսյանը:
Աղբյուր՝ Tert.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում