Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ապագայից

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լայնածավալ հարցազրույց է տվել «Вести» պարբերականին: Այս մասիին տեղեկացնում է  Sportarmena.com լրատվական կայքը:

Ստորև ներկայացնում ենք Հենրիխի մտքերից մի քանիսը:

«Ես ընդգծված հարձակվող չեմ, սակայն մեր թիմը ցուցադրում է հարձակվողական ֆուտբոլ և ստիպված ենք շատ ժամանակ անցկացնել մրցակցի տուգանային հրապարակում: Դրա համար էլ կարողացա այդքան շատ գոլեր խփել:

Կիսապաշտպանների բարձր արդյունավետությունը մասամբ նաև հարձակվողների աշխատանքի արդյուքն է: Նրանք բացվում են և ազատ տարածություններ ստեղծում խաղընկերների համար: Այդպես է նաև «Շախտյորում»: Ինձ համար ազատ գոտիներ են ստեղծում Սելեզնյովը, Դևիչը և Ադրիանոն:

Խաղային էգոիզմի դրսևորումը կապված է տվյալ իրավիճակից: Եթե ինքդ կարող ես գոլ խփել, ապա պետք է գործես ինքնուրույն: Իսկ եթե խաղընկերդ ավելի լավ դիրքում է՝ անհրաժեշտ է գնդակը փոխանցել նրան: Ընդհանրապես էգոիզմը կարող է և պետք է դրսևորվի մարզումների ժամանակ, իսկ խաղի ընթացքում առաջնայինը թիմն է:

Սան-Պաուլո վերապատրաստման մեկնելուց առաջ երկու ամիս Երևանում պարապել եմ պորտուգալերեն: Բրազիլիայում էլ էի գնում լեզվի դասերի և ակտիվ կերպով շփվում խաղընկերներիս հետ: Լեզուն սովորեցի շատ արագ և բոլորը զարմացած էին դրանից:

Ես չեմ տեսնում ինձ կողքից և չեմ կարող գնահատական տալ իմ խաղին: Համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստների հետ իմ խաղը կարող են համեմատել միայն մասնագետները:

Ես տաքարյուն եմ, սառնասիրտ և ջերմ: Պատահում է՝ դուրս եմ գալիս ափերից և դառնում տաքարյուն, երբեմն էլ հակառակը՝ ամբողջությամբ հանգստություն և ողջախոհություն եմ:

Ակումբն ինձ առաջարկեց բնակարան, սակայն նախընտրեցի մնալ մարզաբազայում: Այդպես ավելի շուտ կկարողանայի ընտելանալ թիմին, կենտրոնանալ մարզումների վրա և հասկանալ, թե ինչ է «Շախտյորը»: Բացի դա ՝ ընկերուհի չունեմ, իսկ մայրս և քույրս այնքան էլ հաճախ չեն այցելում ինձ:

Տարբեր տարիներում երկրպագել եմ տարբեր թիմերի: Մեծանալուն զուգընթաց փոխվել են նաև նախընտրություններս: Առաջ չէի սիրում «Բավարիային», սակայն այժմ այն ինձ դուր է գալիս, նույնը կարող եմ ասել նաև «Բարսելոնայի» համար: Չկա այնպիսի թիմ, որի միայն անունն ինձ մոտ կառաջացնի հիացմունք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում