ԲՀԿ-ական գործարարները դեռ անհանգիստ են

«Հրապարակը» գրում է, թե չնայած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր չլինելու մասին հայտարարությանը, անհանգստությունը ԲՀԿ գործարարների շարքում չի մարում: Բանն այն է, որ երկուշաբթի օրը խորհրդարան եկած Ծառուկյանը ԲՀԿ ֆրակցիայի նիստ է հրավիրել ու ասել, որ դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին:

Գործարարներն այդ որոշումից դժգոհ են մնացել, այդուհանդերձ, բառ չեն ասել, բայց պատերի տակ ՀՀԿ իրենց ընկերներին բողոքել են. «Ո՞նց կարանք դեմ քվեարկենք, հերներս կանիծեն, պրոստո չենք մասնակցի քվեարկությանը, կթռնենք»: ԲՀԿ ֆրակցիայի նիստում Գագիկ Ծառուկյանն ասել է. մենք «ոնց եղել ենք, ըտենց էլ մնալու ենք՝ այլընտրանք», կոշտ ընդդիմություն չենք լինելու, ես հարցազրույց եմ տվել’ «ընդեղ ամեն ինչ ասել եմ»:

Ընդդիմադիր չլինելու այս մտքին ընդդիմացել է Գուրգեն Արսենյանը, ասելով’ ես ունեմ իմ դիրքորոշումը, ես ընդդիմություն եմ: Վարդան Օսկանյանը ձայն չի հանել: Ծառուկյանին այս մոտեցումը դուր չի եկել, հասկացրել է’ անցանք առաջ: Քվեարկությունների ժամանակ ԲՀԿ-ականները նկատել են, որ Արսենյանը խմբակցությունից տարբեր քվեարկություն է իրականացնում. ի տարբերություն իրենց, հիմնականում քվեարկում է դեմ կամ ձեռնպահ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում