«Երբ խիղճը մարդու մեջ արթնանում է, նյութական կողմն արդեն դառնում է երկրորդական»
Նմանատիպ
«Իրատեսի» զրուցակիցը ռեժիսոր ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ է:
Նրա հետ զրույցը հիմնականում անդրադարձ է իր նոր նկարահանած «Էրկեն Կիշեր» (Վանի բարբառով՝ երկար գիշեր) ֆիլմին, որում ռեժիսորը երեք պատումների միջոցով կինոէկրանին պատկերել է երեք տարբեր ժամանակներ՝ առերևույթ իրարից անկախ, սակայն խորքում՝ խիստ փոխկապակցված:Ֆիլմի մեկ հատված նկարվել է ըստ Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքի, որը, վստահ ենք, իր համաժամանակյա ասելիքով այսօր էլ պահանջված է յուրաքանչյուրիս համար:
– Պարոն Բաղդասարյան, կարծում եմ՝ Դերենիկ Դեմիրճյանի գրական ժառանգության հետագծում կարևոր հանգրվան է լինելու Ձեր «Էրկեն Կիշեր» ֆիլմը: Ամեն դեպքում, դժվար է գտնել որևէ հայի, որին ծանոթ չլինեն Դեմիրճյանի «Քաջ Նազար» և «Պույպույ մուկիկը» ստեղծագործությունները՝ այն պարզ պատճառով, որ դրանք մատուցվել են նաև կինոլեզվով՝ գեղարվեստական ֆիլմի և անիմացիայի ժանրերում: Դասականի չափազանց լուրջ երկի եք անդրադարձել Դուք, ի՞նչ արձագանք եք ակնկալում ապագա հանդիսատեսից:
– Իմ ֆիլմը երեք մասից է բաղկացած, ներկայացնում է երեք ժամանակաշրջան: Ֆիլմը որոշակի ինֆորմացիա է պարունակում՝ ոչ թե վերբալ, այլ վիզուալ մակարդակներում: Հորինված, երևակայական աշխարհ է ստեղծված, որում ինչ-որ պատմություն է պատմվում: Շատ ճիշտ է ասված, որ կինոն այն չէ, ինչ էկրանին է, այլ այն է, ինչ կատարվում է հետո մարդու գլխում: Ես ուզում եմ, որ այս ֆիլմի նկատմամբ անտարբեր չլինեն: Թող գովեն, փնովեն, վիճեն, բայց անտարբեր չլինեն: Այս ֆիլմը ինչ-որ հարցեր է բարձրացրել, մի բան, որ շատ կարևոր է: Իսկ ինչ վերաբերում է «Քաջ Նազարին», դա մի այլ պատմություն է: Մենք ունենք գրականության այնպիսի նմուշներ, որոնք մեզ բնորոշում են 150 տոկոսով: Դրանցից մեկը Քաջ Նազարն է, մյուսն ինձ համար «Մկների ժողովն» է: Էդ գործերը ցույց են տալիս, թե ով ենք մենք: Մենք ինքներս հո լավ գիտենք, թե ով ենք, մեր տեսակի լավ կողմերն էլ գիտենք, վատն էլ: Իհարկե, օտարների առաջ ձգտում ենք ներկայանալ իդեալական, բայց ներսում պիտի խոսենք էն բացասական բաների մասին, որոնք խանգարում են մեզ ապրել: Պիտի բարձրաձայնես, չքողարկես քո թերությունները, որպեսզի նաև հետևություններ անես և ուղղես դրանք: Դրսում ես ծպտուն չեմ հանում, երբ ցուցադրվում է վատ հայկական ֆիլմ, և օտարները քննադատում են այն: Ավելին՝ սկսում եմ պաշտպանել, հակադրվել՝ ասելով, թե իրենք չունե՞ն վատ ֆիլմեր, իրենց բոլո՞ր ֆիլմերն են հանճարեղ: Կոնկրետ այդպիսի դեպք եղավ Բուխարեստում: Այնտեղ լռեցի, երբ բոլորը քննադատեցին հայկական ֆիլմը, բայց եկա Հայաստան ու շան լափը թափեցի գլխներին: Ինձ որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչո՞ւ պիտի հայկական վատ ֆիլմ տարվի դուրս, ու ես գետինը մտնեմ դրա պատճառով: Չկա՞ նորմալ հայկական ֆիլմ, ո՞վ է թույլ տալիս, որ էդ անորակ ֆիլմերը դուրս տանեն, ո՞վ է դրանք խցկում էդ ցուցակում, ո՞վ է սրա պատասխանատուն: Երկիր ես ներկայացնում, ազգ ես ներկայացնում, դու իրավունք չունես խոտան ցույց տալու: Երբ իմ «Սիմոնի ճամփան» ցուցադրվում էր Նյու Յորքում, 1500-տեղանոց դահլիճը հոտնկայս ծափահարում էր: Միլիոնատերեր, միլիարդատերեր էին դահլիճում, որոնք էլ հրավիրել էին ինձ այնտեղ, հոգացել բոլոր ծախսերը: ՈՒ այդ մարդիկ ծափահարում էին հայկական ֆիլմին: Էն, ինչ մշակույթը կարող է անել, չի կարող անել ոչ մի բանակ, ոչ մի քաղաքական գործիչ՝ առավել ևս: Հետևաբար, մշակույթի հանդեպ չի կարելի կամայական, անլուրջ մոտեցում ունենալ:
– Ինչպե՞ս պատահեց, որ «Էրկեն Կիշեր» ֆիլմում որոշեցիք անդրադառնալ հենց Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքին:
– Նախ ասեմ, որ նկարահանումները նոր-նոր են ավարտվել, և առաջին անգամն է, որ ֆիլմի մասին մանրամասներ եմ հայտնում հրապարակավ: Ինչ վերաբերում է Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքին, ապա դրան անդրադառնալը շատ պատահական ստացվեց: Քնարիկ Միրզոյանն ինձ առաջարկեց էկրանավորել այդ պատմվածքը, բայց ես այն տեսա որպես իմ եռապատումի մի մասը։ Ֆիլմում ինձ պետք էր ցույց տալ երեք ճանապարհ: Առաջինում ներկայացված սյուժեն մեր օրերի մասին է. ամուսինների պատմություն է, որը թավշյա հեղափոխությունից հետո մի քիչ այլ կերպ կընկալվի, կարծում եմ: Այստեղ շատ սուր սոցիալական հարցեր են դրված. Հերոսները մարդիկ են, որոնք դադարել են այդպիսին լինելուց, նրանք ոչ թե ամուսիններ են, այլ դարձել են ֆունկցիա: Նրանց միջև սպառված հարաբերություններ են, սպառված զգացմունքներ։ Բավական հարուստ մարդիկ են, ունեն ամեն ինչ, բայց հանկարծ ինչ-որ պահի ամուսինը գիտակցում է, որ ինքն ընդամենը ֆունկցիա է, և կնոջն ինչ-որ բան ապացուցելու համար ուղղակի մայթից մի մարմնավաճառ է վերցնում ու նստեցնում իր մեքենան: Ամբողջ երեսուն րոպե ֆիլմն ընթանում է այդ սյուժեի մեջ՝ մեքենան անիմաստ պտտվում է քաղաքում: Այսինքն՝ սա երեք ճանապարհներից մեկն է, ճանապարհ, որը զուրկ է իմաստից, աննպատակ պտույտ է: Երկրորդ մասում այլ ճանապարհ է, այս մասում է «Ավելորդի» պատմությունը:
– Եվ ի՞նչ բնորոշում ունի «Ավելորդի» պատմության մեջ գծված ճանապարհը:
– Այստեղ ճանապարհը փախուստ է, սա շատ բարդ ճանապարհ է: Երբ կարդացի «Ավելորդը», տեսա դրանում իմ ֆիլմի համար փնտրած ճանապարհը: Մենք որոշ չափով փոխել ենք, իհարկե, սյուժեն, և լուսագրերում այդպես էլ նշել, որ այն նկարահանվել է Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքի մոտիվներով: Վերցրել ենք ֆաբուլան և պատկերել կինոյի լեզվով՝ մեր կողմից կատարված որոշակի փոփոխություններով: Կա քրոջը թողնելու պատմությունը, գործողությունն այդպես էլ կատարվում է: Հաճի աղան ներկայացված է որպես կտորեղենի խանութ ունեցող հարուստ մարդ, որ Փարիզից է բերում իր ապրանքը: ՈՒսումնասիրել ենք, թե այդ ժամանակ ինչպիսի կտորներ են եղել՝ բատիստ, լյուքսոր, պոմպադուր: Կանացի յուրաքանչյուր զգեստի համար գործածել են մի քանի մետր կտոր, այդպիսին են եղել զգեստները: Նման շքեղություն միայն մեծահարուստները կարող էին իրենց թույլ տալ, և այդ շքեղության մատակարարողը Հաճի աղան էր, քաղաքի բոլոր մեծահարուստներին նա էր կտոր վաճառում:
– Այսօրվա լեզվով ասած՝ օլիգա՞րխ էր Հաճի աղան:
– Եթե այսօրվա լեզվով չասենք օլիգարխ էր, ապա հաստատ կարող ենք ասել՝ կայացած բիզնեսմեն էր, որը կյանքի ու մահվան խնդրի առաջ է կանգնած՝ բախվում է դաժան ճշմարտության հետ՝ ֆուրգոն չկա: Մի վիճակ է, երբ ամեն մարդ իր գլխի ճարն է տեսնում, և Հաճիի ամբողջ ունեցվածքը՝ թոփերով կտորեղեն, ոսկեղեն, փող, կորչելու վտանգի առաջ է: ՈՒ այդ ֆոնին ձեռնափայտով հազիվ քայլող անդամալույծ քույրն է՝ Սրբունը: Հաճիի որդին մի կերպ մսագործի ֆուրգոնն է գտնում, որի մեջ հնարավոր չէ ամեն բան տեղավորել: Մի կերպ խցկվում են, փրկում ինչ հնարավոր է, ու ճանապարհ ընկնում:
– Ինչի՞ է հանգեցնում փախուստի այս ճանապարհը հերոսներին, ի վերջո:
– Ի սկզբանե ֆիլմի մտահաղացումը հետևյալն էր. բոլոր երեք մասերում պատմությունը պետք է սկսվեր Ա կետից ու վերջանար Բ կետում, Ա կետում մի մարդ է, Բ-ում՝ այլ մարդ: Կոնֆլիկտը այդ երկու մարդկանց միջև է: Ես գործողությունների մի քանի ժամանոց ընթացքը տեղավորեցի այդ տրամաբանության մեջ: Փոխել եմ Դեմիրճյանի պատմվածքի ֆինալը, որովհետև կարծում եմ, որ դրամ բաժանելու պատմությունը նյութական է դարձնում Հաճի աղայի ցավը: Ես ցանկացել եմ նյութականից վեր բարձրացնել նրա հոգեվիճակը: Վստահ եմ, որ երբ խիղճը մարդու մեջ արթնանում է, նյութական կողմն արդեն դառնում է երկրորդական: Ես սա որպես կենսաբան եմ ասում (առաջին մասնագիտությամբ կենսաբան եմ): Խիղճը չի կարող լինել էվոլյուցիայի արդյունք: Այն բնորոշ է միայն մարդուն: Կենդանական աշխարհի յուրաքանչյուր տեսակ կվերանա, եթե նրա մեջ հանկարծ արթնանա խիղճը: Պատկերացնու՞մ եք, որ առյուծի մեջ խիղճ արթնանա, և նա չկարողանա հոշոտել մեկ այլ կենդանու: Դա կլինի նրա վերջը: Միայն մարդու մեջ է առկա խիղճը, որ նրան բարձրացնում է կենդանական աշխարհի բուրգի գագաթը: Այսինքն՝ սա որևէ էվոլյուցիայի արդյունքում չի առաջանում, սա տրված է մարդուն ի վերուստ: Երբ մարդը խաբում է ինչ-որ մեկին, որևէ մեղք է գործում, հանցանքի մեջ չբռնվելու, այդ հանցանքը բոլորից թաքցնել կարողանալու դեպքում անգամ ներսից նրան ինչ-որ բան է սկսում տանջել, անհանգստացնել: Դա խիղճն է: Հաճի աղան այս վիճակի մեջ է ֆիլմում: Երբ ընտանիքի անդամներն իմանում են, որ նա ուզում է թողնել Սրբունին, ապշում են, դժվարանում են հասկանալ նրա արարքը: Այնինչ նա հանգիստ ասում է. «Վաղը կուգամ, քույրս կտանիմ»: Ընկնում են ճանապարհ, և անսպասելիորեն կես ճանապարհին Հաճին կանգնեցնում է ֆուրգոնը: Ինչու՞, որովհետև մեջը արթնացել է այդ նույն խիղճը: Նա իջնում է ֆուրգոնից ու բռնում հետդարձի ճանապարհը՝ անընդհատ խոսելով քրոջ հետ. «Սրբո՛ւն ջան, ասի՞ վաղը կուգամ…»: Բայց նրան սպասում է նոր ցնցում. ճանապարհին իմանում է, որ Սրբունին սպանել են թուրքերը: ՈՒ ինքն էլ, լուրն իմանալուց հետո, դեմ առ դեմ հանդիպում է թուրք զինվորներին: Սրանցից մեկն ուզում է սպանել Հաճիին, բայց սպան գլխով բացասական նշան է անում. նա արդեն դիակ է, դիակը չեն սպանում: Ա՛յ էսպես. մենք ցույց ենք տալիս Հաճի աղայի՝ Ա կետից Բ կետը ձգվող ճանապարհը և նրա կերպարի փոփոխությունն այդ երկու կետերում: Հաճի աղան Ա կետում սառը դատողությամբ բիզնեսմեն է, ոչ մի զգացմունք նրան չի մոտենում, նրա ճանաչած միակ արժեքը փողն է: Նա փող է տալիս քրոջն ու վստահեցնում՝ կտա թուրքերին, ու նրանք իրեն չեն վնասի: Իսկ Բ կետում այս հաշվարկը փլվում է, զարթնում է այն, ինչ նրա ներսում խոր քնած էր՝ խիղճը: Ես կարծում եմ՝ մարդուն իր խղճի հետ կոնֆլիկտի մեջ դնելը՝ կինոյի լեզվով, շատ հզոր բան է:
– ՈՒ՞ր է տանում ֆիլմի երրորդ պատումի ճանապարհը:
– Երրորդ մասի գործողությունները կատարվում են Նարեկացու մահվան օրը: 1003 թվականին մի գյուղացի՝ Օսեփը, կնոջ վրդովմունքը փարատելու համար, իրենց հիվանդ երեխային տանում է ինչ-որ սրբի մոտ, որին յոթ տարի ոչ ոք չի տեսել: Ճանապարհ է ընկնում ձյուն-ձմեռով, գայլերի միջով: ՈՒ դա միակ ճանապարհն է ֆիլմում, որ նպատակ ունի: Ինչու՞ ֆիլմը կոչեցինք «Էրկեն Կիշեր», որովհետև բոլոր գործողությունները կատարվում են գիշերով, բոլոր պատմությունները խտացել են մի գիշերվա մեջ: Գիշերով նկարահանելը շատ ծանր գործ է: «Ավելորդի» նկարահանումներն ուղղակի աղետ էին, որովհետև նկարում էինք ամայի տարածքում, հեռախոսակապ չէր գործում, կոնկրետ կոորդինատ չկար, որ դերասանին բացատրեիր, թե ուր գա: Տեսարան կա, որտեղ նորածին է նկարահանվել: Նրան գտնում են փախուստի ճանապարհին: Երեխան ընտանիքում միակն է, որին թուրքերը չեն սպանել և որի անունը մայրը թղթի վրա գրված թողել էր բարուրի մեջ: Մի առանձին պատմություն դարձավ մեր գլխին ֆուրգոնը. սարքել էին Գյումրիում, տեղ հասնելիս անիվը կոտրվել էր, նկարահանվող տեսարանում մի կերպ ենք կարողացել ճոճել, որ շարժման պատրանք ստեղծենք: Մի խոսքով, արկածներով լի նկարահանումներ էին:
– Հասկանալի է, որ միևնույն կինոերկում երեք տարբեր պատումների համադրությունն ինչ-որ ընդհանուր օղակ, ինչ-որ հատման կետ է ենթադրում: Ո՞րն է այն «Էրկեն Կիշեր» ֆիլմում:
– Ֆիլմի երեք պատումներում կա մի քար, որ 21-րդ դարում «Range Rover» ավտոմեքենայի բանալու կախազարդի վրա է, «Ավելորդում»՝ Հաճի աղայի համրիչի, իսկ 1003 թվականի պատմության մեջ՝ մագաղաթի: Եվ երբ ֆինալում գյուղացի Օսեփը գտնում է այդ քարը, արևը ծագում է. գիշերը լուսանում է: Այս տեսարանով էլ ավարտվում է ֆիլմը:
(շարունակելի)
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ
Աղբյուր՝ Irates.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում