Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է կայանալ Զալցբուրգում

«Հրապարակը» գրում է. «Հունիսը արտաքաղաքական առումով ակտիվ է լինելու՝ չի բացառվում, որ 12-ին տեղի ունենա «այդքան սպասված» Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը, ըստ ամենայնի՝ Զալցբուրգում, չնայած Ուկրաինան, որը նախագահում է ԵԱՀԿ-ում, ցանկանում էր, որ հանդիպումը տեղի ունենար իր մոտ:

Թե ներսի, թե դրսի փորձագետներն առանձնապես սպասելիքներ չունեն այդ հանդիպումից, չնայած վերջերս կողմերի վրա ուժեղացած թե ռուսական, թե արեւմտյան ճնշումներին: Ըստ փորձագետների’ ընդամենը փորձում են բանակցային գործընթացը կենդանի պահել, թույլ չտալ, որ այն վերահսկողությունից դուրս գա’ նկատի ունենալով Սիրիայում տեղի ունեցող զարգացումները եւ Իրանում հունիսի 14-ին սպասվող նախագահական ընտրությունները:

Հիշենք, որ նախօրյակին ավարտվել է Մամեդյարով-Լավրով հանդիպումը, դրանից առաջ Նալբանդյանն էր Լավրովի «հյուրը», երեկ էլ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար-Նալբանդյան հանդիպումն էր: Հունիսի 23-ին էլ տարածաշրջանում կլինեն ԵԱՀԿ համանախագահները եւ Կասպրչիկը: Բոլոր այդ հանդիպում-այցերը մեկ նպատակ ունեն’ պատրաստել հակամարտող երկրների ղեկավարների հունիսին սպասվելիք հանդիպումը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում