Տաուսե Մալակի մարմարակերտ տաճարը

Տաուսե Մալակի մարմարակերտ տաճարը

Այն կառուցվում է Արմավիրի մարզի Ակնալճի եզդիական սրբատեղիում

Այնպես է ստացվել, որ պարբերաբար այցելում եմ Արմավիրի մարզում գտնվող Ակնալճի եզդիական սրբատեղի, ուր ճարտարապետ Արտակ Ղուլյանի նախագծով եւ մոսկվաբնակ գործարար Միրզա Սլոյանի հովանավորչությամբ կառուցվում է Տաուսե Մալակի ինքնատիպ, իր նմանը չունեցող տաճարը։ Ամեն անգամ այստեղ տեսնում ու հիանում եմ, թե ինչպես է օր օրի հասակ առնում այս ձեռակերտ հրաշքը։ Եվ ակամայից զրույց է ծավալվում այս ամենը նախաձեռնողի եւ իրականացնողի` Միրզա Սլոյանի հետ։ Այս դեպքում ձայնագրում եւ սիրով հրապարակում եմ մեր զրույցը, որը տեղի է ունենում տաճարի շուրջը քայլելիս եւ տաճարի ներսում` եղած պատկերներով հիանալիս։

– Պարոն Սլոյան, մենք հիմա մոտենում ենք տաճարին եւ քանի առաջ ենք գնում, տաճարը ավելի ու ավելի բարձր է թվում: Մի վերջին հաշվով, քանի մետրի կհասնի տաճարի թռիչքը։

– Մի քանի օրից երեւի հիմնական գմբեթը կամբողջանա եւ թռիչքի բարձրությունը կհասնի 28 մետրի: Այլ խոսքով, տաճարը հիմնական գմբեթով հանդերձ կունենա 28 մետր բարձրություն` չհաշված արեւի մետաղակուռ պատկերները: Իսկապես սլացիկ է մեր տաճարը` եւ՛ ներսից, եւ՛ դրսից, եւ այլ կերպ ես չէի պատկերացնում: Հոգեւոր տաճարները պետք է ընդարձակ եւ բարձր լինեն, ինչը եւ ստեղծվել է այստեղ:

– Իսկ մյուս գմբեթները, որոնք կան, մեծ գմբեթից ավելի ցածր: Ի՞նչ են դրանք:

– Վեր խոյացող բոլոր գմբեթները խորհրդանշում են արեւը՝ մեր հավատալիքային հիմնական խորհրդանիշներից մեկը։ Մեծ գմբեթին շրջապատում են 7 փոքրիկ գմբեթներ, որոնք ներկայացնում են շաբաթվա օրերը` ամեն մեկը իր անվանումով ու հոգեւոր ուղերձով։ Իսկ տաճարի ներսը եւս հետաքրքիր կլինի եւ կունենա շուրջ 300 քառակուսի մետր տարածք: Այստեղ էլ տեղի կունենան հոգեւոր արարողությունները` մեր հոգեւոր հայրերի հանդիսապետությամբ եւ ներկայությամբ։ Ի դեպ, այստեղ ավելացնեմ, որ տաճարի հիմնարկեքը կատարել է համայն աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդ, Նորին Սուրբ մեծություն Միրե Միրա Թահսին Բեգը` Լալըշի հոգեւորականների մասնակցությամբ:

– Պարոն Սլոյան, դուք թվեր ենք ներկայացնում, որոնք տպավորիչ են, բայց այն, ինչ տեսնում ենք, թվերի լեզվից վեր` ավելի զարմանալի է եւ տպավորիչ: Ինչպե՞ս եք այս արդյունքին հասել։

– Եթե խոսքը վերաբերում է տաճարի մարմարակերտ հյուսվածքին, ապա դա ես այդպես եմ ցանկացել, քանի որ մտածել եմ, որ այս տաճարը պետք է լինի այսպես հոյակերտ եւ ինքնատիպ, իսկ կառուցման տեսակետից որեւէ թերություն չունենա։ Այդ նպատակով մշակվել է ամեն մի քարը, որը տեղ է գտել տաճարի պատերի մեջ, տանիքին կամ գմբեթների վրա: Հենց այս պատճառով էլ երկար էինք մտածում, թե ինչ քարից կառուցել մեր տաճարը։ Տարբերակները շատ էին։ Բայց տարբեր հուշարձաններ հիշելով, այդ թվում եւ Թաջ Մահալը Հնդկաստանում, որոշումը արագ եկավ՝ մարմար, միայն մարմար, որի փնտրտուքը կրկին շատ երկար տեւեց։ Պետք էր սպիտակ` մի կողմից արտաքինի համար, եւ մյուս կողմից` ինքնատիպ կարմրավուն մարմար: Եվ դրանք պետք է հարմար լինեին այս տաճարի հյուսվածքին: Բարեբախտաբար, դրանք գտանք հարեւան Իրանում՝ Սպահանի տարածաշրջանում, ինչը եւ թույլ տվեց երկու տարի առաջ սկսել տաճարի պատերի շարվածքը եւ ներքին հարդարանքը, որոնք արդեն ավարտվել են:

– Պարոն Սլոյան, տաճարը արտաքինից սպիտակ է, ներսից կարմրավուն` այլ գույների եւ երանգների համադրությամբ։ Հատո՞ւկ է այդպես արվել։

– Տաճարի սլացքը սպիտակ գույնն է պահանջում, իսկ ներսը, որպես հավատի աշխարհ, մեկ այլ` մուգ գույնի ինքնատիպ քար, որը շարվածքից հետո պարզվեց՝ հնարավորություն է տալիս հետաքրքիր պատկերներ տեսնել` արդեն տաճարի ամբողջացած պատերին։ Սա մեզ համար հայտնագործություն էր, բայց եւ հաճելի իրողություն, քանի որ դրանցում եւ՛ մեր հավատալիքների խորհրդանիշներն են (արեւ, սիրամարգ), եւ՛ քրիստոնեական պատկերներ կան, անգամ սովորական մարդկանց, հայ անվանի ու ճանաչված արվեստագետների կերպարներ: Օգտագործված այս քարը՝ հրաշք մարմարե, իր նմանը չունեցող, որը եւս մեզ համար հայտնագործություն դարձավ:

– Պարոն Սլոյան, կարելի է ասել, որ տաճարը ամիսներ հետո կընդունի եզդի հավատացյալներին։

– Իհարկե, բայց մենք ցանկանում ենք որ այս միջավայրը լիովին եւ ամբողջական դառնա նաեւ իր հանգստի գոտիով։ Չէ՞ որ այստեղ նաեւ զբոսաշրջիկներ են գալու, որ կարողանան ծանոթանալ մեր ազգի պատմությանը, մշակույթին, կրթությանը: Իսկ այդ հնարավորությունը պետք է տա նաեւ այս տաճարը, եւ այն, ինչ կա այստեղ։

– Պարոն Սլոյան, սրանով կամբողջանա՞ սրբատեղին։

– Եթե նոր ծրագրեր առաջ չգան, ապա երկու տաճարներ կլինեն՝ Սըլթանե Եզդիի եւ Տաուսե Մալակի, այս հոգեւոր տարածքում։ Բայց մենք, սրանից բացի, ունենք հուշարձանային համալիր, որը ներկայացնում է հայ-եզդիական դարավոր բարեկամությունը տարբեր հուշարձանների տեսքով: Օրինակ, Անդրանիկ Զորավարի եւ Ջհանգիր Աղայի, Կոմիտաս Վարդապետի եւ Ուսուբ Բեգի, Հայոց ցեղասպանության եւ Շանգալի ցեղասպանության: Այս տարածքում նաեւ կրթամշակութային կենտրոն է գործելու, ուր կստեղծվի եզդի ազգի պատմության թանգարան: Այն կարող է լինել նաեւ Սարդարապատի թանգարանի մասնաճյուղերից մեկը:

– Կարելի է ասել, որ Ձեր նշաններից ամեն մեկը ունի իր առաքելությունը։ Հիմա ի՞նչ են անում շինարարները:

– Իհարկե, ամեն շինություն եւ կառույց մեր սրբատեղիում իր գործառույթը կունենա, նպատակը եւ առաքելությունը: Իսկ դրա հետ մեկտեղ հրաշքներ են գործում շինարարները՝ տաճարի քարակուռ մի եզակի ամբողջականություն ստեղծելով, որը հավատացյալին կներկայանա ամիսներ հետո՝ հաջորդ տարվա ապրիլին՝ Տաոսե Մալակի ավանդական օրը իր ողջ վեհությամբ ու գեղեցկությամբ: Իսկ նոր կառուցված ու մարմարակերտ Տաուսե Մալակի տաճարը Մասիսի հայացքների ներքո, Արագածից փչող հովերի կիզակետում, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հարեւանությամբ եւ մեր սրբատեղի Լալըշից ոչ այնքան մեծ հեռավորությամբ` կդառնա յուրօրինակ երկրորդ սրբատեղի Սուրբ Լալըշ` համայն աշխարհի եզդիների համար եւ այն դեպի իրեն կձգի աշխարհի տարբեր երկրներում ապրող, բայց Հայաստանը իրենց հայրենիքը համարող մեր եզդի հայրենակիցներին:

Զրույցը վարեց ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում