Վահագն Դավթյան․ «Հո՜ղ իմ կիսված»

Վահագն Դավթյան․ «Հո՜ղ իմ կիսված»

Հող իմ կիսված՝ սիրտ չկիսվող,
Կքել եմ ես քո պարտքի տակ,
Ցավում եմ ես խղճի նման,
Վերքի նման մխում եմ տաք:

Ախ, ինչ ասեմ, ո՜ւշ ծնեցիր,
Ես քեզ արյուն պիտի տայի,
Էրզրումի ցուրտ լեռներում
Ես՝ արնաքամ մի ֆիդայի:

Արյունն իմ հին քո հողի մեջ
Սուզվեր պիտի երակ-երակ,
Նիրհեր այնտեղ, սակայն նիրհեր
Ինչպես կրակն անթեղի տակ:

Նիրհեր պիտի որպես կարոտ,
Որպես մորմոք, որպես թախիծ,
Որպես լեռան սրտում ապրող
Հրաբուխի կարմիր ծաղիկ:

Խառնվեի պիտի հողիդ,
Արածանուդ ահեղ լացին,
Միանայի հուր հավիտյան
Քո հարության առեղծվածին:

Ախ, ինչ ասեմ, ուշ ծնեցիր,
Ես քեզ արյուն պիտի տայի,
Չցավեի խղճի նման,
Վերքի նման չմխայի:

1981

Հետևեք մեզ նաև Telegram-ում