Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Նմանատիպ
Հոկտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով ժողովականներին` Վեհափառ Հայրապետը Սուրբ Հոգու առաջնորդությունը մաղթեց ԳՀԽ անդամներին և արդյունավոր ընթացք ժողովի աշխատանքներին:
Ժողովի առաջին օրվա նիստերն որպես ատենապետ վարեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Քառօրյա ժողովի օրակարգում քննարկվելու են համաձայն ԳՀԽ 16-18.02.2016 թվակիր ժողովի որոշման առաջիկայում Ազգային-եկեղեցական ժողովի գումարման, եկեղեցական կառույցների վերակազմակերպման հարցերը, Եկեղեցու կառավարման արդյունավետության բարձրացման ծրագրի ընթացքը, Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակի տոնակատարությունների ծրագրերը, ինչպես նաև Հայոց Եկեղեցու Նվիրապետական Աթոռներին, թեմերին վերաբերող զանազան հարցեր, Հայրենիքում և Սփյուռքում ազգային կյանքը հուզող խնդիրներ:
Աղբյուր՝ ter-hambardzum.net:
Հետևեք մեզ նաև Telegram-ում