Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Նմանատիպ
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցան Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով հերթական ժողովի նիստերը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո որպես ատենապետեր ժողովը վարելու հրավիրվեցին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Մինչ օրակարգում ընդգրկված հարցերի քննությունը խորհուրդը հաստատեց նախորդ` 2018 թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը գումարված ԳՀԽ ժողովի արձանագրությունը:
Ժողովի առաջին օրը Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց առաջիկայում Ազգային-եկեղեցական ժողով գումարելու հարցը, համաձայն Գերագույն հոգևոր խորհրդի նախորդ ժողովների քննարկումների արդյունքում կայացված որոշումների: Այս կապակցությամբ զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Քննարկումների արդյունքում որոշվեց առաջիկա տարի գումարել Ազգային-եկեղեցական ժողով «Հայոց Եկեղեցին 21-րդ դարում. ներկա և ապագա» խորագրով: Քննության առնվեցին ժողովի օրակարգում ընդգրկվելիք հարցերը:
Ժողովի երկրորդ նիստին Եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Ընդգծվեց անհրաժեշտությունը Եկեղեցի-պետություն հարաբերություններն ընդլայնելու կրթական, մշակութային, սոցիալական, առողջապահական և տնտեսական ոլորտներում` հուսալի երաշխիքներ ապահովելով մեր ազգային-հոգևոր անվտանգության և հայ ինքնության պահպանության համար:
ԳՀԽ անդամները գոհունակությամբ ընդունեցին զեկույցը` թելադրելով Մայր Աթոռի պատկան կառույցներին շարունակել զորացնել գործակցությունը պետության հետ` ի խնդիր հայրենիքի պայծառության և մեր ժողովրդի շեն ու բարօր կյանքի:
Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանների առնչությամբ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի Թանգարանների տնօրեն Արժանապատիվ Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը` տեղեկացնելով, որ հոբելյանների կազմակերպման համար ստեղծվել են պետական հանձնաժողովներ Մայր Աթոռի ներկայացուցչի մասնակցությամբ: Լսելով ներկայացված զեկույցը` Գերագույն հոգևոր խորհուրդը կարևոր նկատեց, որ հիշյալ հոբելյանները պատշաճորեն նշվեն նաև Մայր Աթոռում և Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում:
Ժողովի երրորդ օրը Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի ընթացքի վերաբերյալ զեկույց ներկայացրեց «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարեգործ Ասո Դավիդյանը։ Վերջինս լուսաբանություններ տվեց ԳՀԽ անդամներին դեռևս 2016 թվականին սկզբնավորված ծրագրի իրականացման հերթական փուլի առնչությամբ:
Ընդունելով զեկույցը` ժողովականներն իրենց գնահատանքը հայտնեցին տիար Ասո Դավիդյանին Եկեղեցուն մատուցվող օգտաշատ ծառայության և կարևոր հանձնառության համար։
ԳՀԽ անդամները քննության առան Եվրոպայում եկեղեցական կառույցների վերակազմակերպման հարցը: Խնդրի մասին տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` ներկայացնելով Եվրոպայի երկրների հայկական համայնքների համայնապատկերը` հայկական բնակչության վիճակագրությամբ և եկեղեցական-վարչական կառուցվածքում դրանց կարգավիճակով:
Գերագույն հոգևոր խորհուրդը ողջունեց Եվրոպայում եկեղեցական կյանքի վերակազմակերպման նախաձեռնությունը` ի խնդիր Եվրոպայում ինչպես ավանդական համայնքների, այնպես և նորակազմ համայնքների հոգևոր-եկեղեցական կյանքի պայծառության:
Ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը մասնավոր իր գնահատանքը հայտնեց ԳՀԽ անդամներին և նիստերին մասնակից հրավիրյալ եկեղեցականներին` կարևորելով քառօրյա քննարկումների արդյունքում առնված որոշումները, որոնք պիտի ծառայեն Մայր Աթոռի հոգևոր առաքելության առավել արդյունավետ իրագործմանը:
Ժողովը փակվեց հայրապետական «Պահպանիչ» աղոթքով:
Աղբյուր՝ ter-hambardzum.net:
Հետևեք մեզ նաև Telegram-ում