Եղիշե Չարենց․ Կնոջս և բարեկամիս` Իզաբելլային
Նմանատիպ
Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի` թերթերում գրած:
Ծանոթ կնոջ պես այրի կամ դժբախտ,
Բարեկամուհու նման տխրատեսք,
Լուրը կշրջի փողոցները նախ,
Ապա կմտնի դուռ-դարպասից ներս…
Իբրև ծերունի մի թերթավաճառ`
Հուշիկ քայլերով և համարյա կույր,
Կշրջի բոլոր տներն անպատճառ
Ու կհայտնվի ամեն մի բակում:
Ստվերի նման, սահած տնից-տուն,
Կկանգնի անտես հյուրի պես մռայլ,
Կկանգնի, ինչպես դժնի լռություն`
Տարածված ամբողջ քաղաքի վրա:
Եվ համր մի պահ` գիշերվա կեսին,
Բոլորի սրտում կկանգնի հանկարծ
Անհաղորդ, ինչպես հեռավոր լուսին,
Իմ դեմքը` արդեն հավիտյան հանգած:
Եվ մարդիկ` երեկ կյանքիս անծանոթ,
Եվ երբեք, երբեք դեմքս չտեսած,
Եվ մարդիկ` միայն երբեմն ինձնով
Իրենց ֆանտաստիկ առասպելն հյուսած,
Եվ մարդիկ` անգամ երգերիս անգետ,
Մարդիկ, որ թեև կյանքիս արձագանք`
Մնացել են լոկ վկա անտարբեր
Եվ կարծել են, թե ես վաղուց չկամ, –
Այդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից,
Որպես ընդհանուր աղետից սարսած`
Զարմացած կզգան ինձ այնքան մոտիկ
Եվ հանկարծ այնքան թանկ ու հարազատ…
Եվ երկրում, ինչպես բարձրանա փոշին,
Եվ հոգիներում, ինչպես հուշ հառնի, –
Ելնելով անցած օրերիս նաշից,
Իմ ուրվականը պիտի սավառնի:
Եվ քաղաքներում, և գյուղերում խուլ,
Անցորդներն` իրար անծանոթ անգամ,
Աչքերում իրար և հայացքներում
Պիտի միևնույն թախիծը կարդան…
Եվ դեմքով տխուր, և լուռ աչքերով
Պիտի միևնույն սուգը հաղորդեն,
Երգերիս հանդեպ անսահման ներող,
Մոռացած բոլոր հանցանքներս արդեն…
Կբանան ոմանք իմ գիրքը գուցե,
Կթերթեն դանդաղ, կկարդան տողեր,
Տարտամ շարժումով գիրքը կգոցեն,
Եվ թախիծը խոր հուշս կողողե:
Եվ գուցե միայն սենյակում մի խուլ,
Գլուխը թեքած պատկերիս վրա`
Կնայի մի կին աչքերիս տխուր,
Եվ կարցունքոտվեն աչքերը նրա: –
. . . . . . . . . . . . . . . . . . . . .
Եվ ինչպես կյանքում՝ տարիներ առաջ,
Հուշերում հանկարծ անցյալը բուրի,
Երազանքներում գուցե իմ անցած
Եվ արդ իմ հառնած գրքում հուշերի…
Այն, որ ես էի, որ իմն էր առաջ,
Արդեն չի հառնի և ոչ մի գրքում
Եվ ոչ մի գրքում՝ աշխարհում գրած,
Եվ ոչ մի գրքում, և ոչ մի գրքում…
Եղիշէ Չարենց
Հետևեք մեզ նաև Telegram-ում