Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը
Նմանատիպ
Այսօր կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը։ Փառատոնը Երևանում և Արցախում կանցկացվի մինչև նոյեմբերի 10-ը, նոյեմբերի 5-11-ը՝ Հայաստանի 5 մարզերում /Շիրակ՝ ք. Գյումրի, Լոռի՝ ք. Վանաձոր, ք. Ալավերդի, Շնող համայնք, Թեղուտ համայնք, Քարկոփ համայնք, Գեղարքունիք՝ ք. Գավառ, ք. Մարտունի, Արմավիր՝ ք. Էջմիածին, Կոտայք՝ գ. Զովունի/:
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը նվիրվում է Շառլ Ազնավուրին:
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 186 ֆիլմ՝ 63 երկրից: Այս տարի ծրագիրը համալրվել է 2 նոր անվանակարգով՝ «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» և «Երեխաները` երեխաների համար»:
14-րդ փառատոնի շրջանակում Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամը Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ կիրականացնի «Վիշեգրադ-Հայաստան նոր նախաձեռնություններ` միջմշակութային կինոերկխոսությունը ընդլայնելու համար» /Երևան, ՀՀ մարզեր/ հատուկ ծրագիրը՝ ուղղված Վիշեգրադի երկրների /Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխիա/ և Հայաստանի ու Վրաստանի միջև միջմշակութային երկխոսության խորացմանը: Ծրագիրը կիրականացվի Երևանում և ՀՀ մարզերում՝ ներառելով ավելի շատ հանդիսատես, Ռոլան մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնն օգտագործելով որպես աջակցող հարթակ:
Շարունակվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև միջմշակութային կապերի խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հատուկ ծրագրերի իրագործումը, որի շրջանակում Ռուսաստանից ժամանած ականավոր կինոգործիչների հետ տեղի կունենան հանդիպումներ, կանցկացվեն վարպետության դասեր, ֆիլմերի պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ և այլն: Պատվավոր հյուրերից են՝ անվանի կինոգետ, պրոդյուսեր, դերասան, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, «Նիկա» մրցանակի կրկնակի դափնեկիր, կինոքննադատ Արմեն Մեդվեդևը, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Կաննի «Ոսկե Արմավենի» մրցանակակիր, «Նիկա» մրցանակի քառակի դափնեկիր և ռուսական «Ստայեր» կինոստուդիայի հիմնադիր, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Գարրի Բարդինը:
Գյոթեի անվան ինստիտուտի հետ համատեղ հատուկ ծրագրի շրջանակում Գերամանիայի Դաշնությունից Հայաստան կժամանի Կլաուդիա Պրիեցելը: Տեղի կունենա «Սուպեր Մոդոն» /ռեժիսոր՝ Լիկարիոն Վայնայնա, Գերմանիա/, «Ավազ» /ռեժիսոր՝ Դիրք Քումմեր, Գերմանիա, Չեխիա/, «Վենդի 2. հավերժ ընկերներ» /ռեժիսոր՝ Հաննո Օլդերդիսսեն, Գերմանիա/ ֆիլմերի պրեմիերաները:
Ճապոնիայի միջազգային հիմնադրամի աջակցությամբ հատուկ ծրագրի շրջանակում Ճապոնիայից Հայաստան կժամանի ռեժիսոր, անիմատոր Միյո Սատոն և հայ հանդիսատեսին կներկայացնի «Աղվեսներ» անիմացիոն ֆիլմը: Անվանի անիմատորը հանդիպումներ կունենա Հայ-ռուսական համալսարանում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Սահակյանց անիմացիոն ստուդիայում:
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնի շրջանակում նախատեսվում են պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ, ստեղծագործական հանդիպումներ, կլոր սեղան- քննարկումներ, վարպետության դասեր, հանդիպումներ բուհերում, հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև մի շարք սոցիալական, կրթամշակութային ծրագրեր:
Փառատոնն անցկացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի աջակիցներն են` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, ՀՀ-ում Կանադայի դեսպանությունը, Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Երևանում Գյոթեի անվան ինստիտուտը /Գերմանիա/:
Աղբյուր` Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում