Սերը ծաղկում, վավերացվում և սրբացվում է ընտանիքում
Նմանատիպ
«Սերը իրենը չի փնտրում» (Ա կորնթ.13;5)։
Մարդուն Եկեղեցուց հեռացնելու ոչ դյուրին ճանապարհին, ի շարս շատ կործանարար գաղափարների, չարը նրան հրամցրեց նաև, այսպես կոչված, ազատ սիրո գաղափարը, կարծես թե սերը կարող է նաև անազատ լինել:
Բայց տարբեր է ազատության գաղափարը Չարի ընկալմամբ և մատուցմամբ: Այդ «ազատ» սերը, պարզվում է, ազատ է պարտավորություններից:
Այո՛, փաստորեն մարդիկ կարող են նաև այդ կերպ «սիրել»: Ինչպե՞ս է դա հնարավոր, երբ Սերը ինքը ՄԱՐԴ կոչումը կրողի պարտավորությունն է: Մարդը միայն շնչավոր մարմին չէ, նա նաև հոգևոր մարմին է: Քրիստոնեությունը մարդկությանը տվեց ընտանիքի սրբության գաղափարը: Արժևորվեց մայրությունը, որով և` ոչ միայն կինը, այլև նրա ծնած մարդը: Ժամանակին ընտանիքը համարվում էր հասարակության հիմնարար բջիջը: Հիմա ամեն ինչ գլխիվայր շրջվել է, աղավաղվել: Ախտակիր աշխարհի հետ վարակիչ շփումը մեր ազգին էլ ապականեց: Կանայք համաձայն են լինելու հեշտանքի իրավազուրկ ու անարժեք առարկա: Մարդիկ ձգտում են առանց պարտավորությունների կենակցության և անկողնակցության` անբան անասունների պես բավարարելով մարմնի պահանջները: Բայց սարսափելին այն է, որ այդ ամենը սեր են համարում ու հորջորջում: Այո՛, այսօր Սուրբ պսակով ընտանիքները ավելի ու ավելի հաճախ են փլուզվում, և դա ունի մեկ հիմնավոր պատճառ. չարը պայքարում է սրբության դեմ, իսկ երիտասարդ զույգերին այդ մասին, որպես կանոն, չեն զգուշացնում: Մարդիկ, անգամ ընտանիքում, շփոթում են սերը մարմնավոր կրքերի և ախտավոր ցանկությունների հետ: Սերը չի ցանկանում, այլ նվիրվում է` առանց փոխադարձը պահանջելու: Առանց պարտավորությունների իրենց կապերում նրանք ջանում են հաճույքներ կորզել, պահանջել ու ստանալ` չարաշահելով իրենց երիտասարդությունը: Իսկ ի՞նչ են անելու, երբ հասնեն անզոր ծերության ու ցավով նկատեն, որ իրենց խնամելը ոչ մեկի պարտավորությունը չէ: Չնայած նրանք, շատ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, դժվար էլ հասնեն ծերության:
Սերը ծաղկում, վավերացվում և սրբացվում է ընտանիքում և այդ սուրբ օրրանից սփռվում ու սրբացնում է ողջ մարդկությանը: Հանցագործությունները մեղքերի ածանցյալներն են: Սուրբ ընտանիքում է աճում ՄԱՐԴԸ, սուրբ ընտանիքներով է աճում ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ:
Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս
Աղբյուր՝ Irates.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում