«Գրեթե ամեն օր ստանում ենք բոթ, որ հերթական գրադարանն է փակվել»

«Գրեթե ամեն օր ստանում ենք բոթ, որ հերթական գրադարանն է փակվել»

Գրադարանային ոլորտում առկա խնդիրների մասին «Իրատեսը» զրուցել է մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատար ՎԱՀԵ ԲՈՒԴՈՒՄՅԱՆԻ հետ:

-Գրադարանները կարծես ուշադրության կենտրոնում են հայտնվել: Թեև թվում է՝ միշտ կար որոշակի ուշադրություն, պարբերաբար ասվում էր, որ գրադարանները համալրվում են նոր գրքերով: Բայց երբ խոսում էինք գրադարանավարների, գրադարանների տնօրենների հետ, հատկապես մարզային, պարզվում էր՝ գոնե լավ գրքերի պակասը մշտառկա խնդիր է: ՈՒրեմն, քի՞չ է համալրվում, թե՞ անհրաժեշտ գրքերով չի համալրվում գրաֆոնդը:

– Նախ՝ անհամաձայնությունս եմ ուզում հայտնել. ես կարծում եմ, որ գրադարանների մասին քիչ է խոսվում, նախկինում էլ քիչ է խոսվել: Չէի ուզի ասածս որևէ մեկին վիրավորեր, որովհետև սա միտումնավոր չի արվել, հանգամանքների բերումով գրադարանը միշտ համարվել է նվազ կարևորություն ունեցող տիրույթ: Բացի այդ, բացասական գնահատական տալը, գրադարանային ոլորտի խնդիրները բարձրաձայնելը նախկինում ընդունված չեն եղել, և հիմա տպավորություն է ստեղծվում, թե մշակույթի նախարարությունն է դժգոհում գրադարանների վիճակից: Իսկ դժգոհելու պատճառներ իսկապես կան, որովհետև մենք մտել ենք մի պայքարի մեջ, որտեղ կան բազմաթիվ գործոններ, սուբյեկտներ, և աշխատանք չի արվում:

Մշակույթի նախարարությունն իր ենթակայության տակ ունի 12 գրադարան (10 մարզային, 2 ազգային` Հայաստանի ազգային և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանները), համայնքապատկան գրադարանների ցանցը, վերջին տվյալներով, 700-ից ավելի է (իհարկե, կարելի է վիճարկել, ասել, որ գոնե գործող գրադարանները շատ ավելի քիչ են): Վերջիններիս պարագայում ներգրավված են համայնքների ղեկավար մարմինները և կան միջնորդող օղակներ՝ մարզպետարաններ, որոնց հետ աշխատում է տարածքային զարգացման և կառավարման նախարարությունը: ՈՒրեմն, հարցը բազմաճյուղ է, և նշված մարմիններից բոլորը պետք է ներգրավված լինեն գրադարանների հարցի կարգավորման գործընթացներում: Օրինակ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ համայնքային գրադարանները բավականին խոցելի վիճակում են, մենք գրեթե ամեն օր ստանում ենք բոթ, որ հերթական գրադարանն է փակվել: Ցավալի է, բայց դա մեր իրականությունն է: Օրերս լուր ստացանք, որ մի գրադարանի գրքերի զգալի մասը այրվել է, մի մասն էլ բաժանել են: Կարելի է ենթադրել, որ որոշել են կոծկել գրադարանի փակման հարցը կամ հեշտությամբ ազատվել գրքերից: Ոչ ոք հստակ չի կարող ասել: Մեկ ուրիշ համայնքապատկան գրադարան ավագանու որոշմամբ փակելու են, տեղում ունենալու են սգո սրահ: Եվ նման դեպքերը օրինաչափ են դարձել:

– Ի՞նչ պատճառաբանությամբ են փակում գրադարանները:

-Հաճախ ասում են՝ մեր միջոցները սուղ են, կամ գրադարանում ընթերցող չկա, այսինքն, որպես կանոն, երբ խնայողությունների կարիք է լինում, առաջին տեղը, որտեղից կարելի է միջոցներ խնայել, գրադարաններն են: Չէի ուզի բացասական հունի մեջ ընկներ խոսակցությունը, սա ինձ համար ցավոտ խնդիր է, ու կարող եմ երկար խոսել:

– Կա՞ն համայնքային գրադարաններ, որ աչքի են ընկնում ժամանակակից մոտեցումներով, ակտիվ գործունեությամբ:

– Իհարկե՝ կան: Բայց կուզեի հստակեցնել. համայնքային գրադարան ասելով՝ մենք հասկանում ենք հանրային գրադարանները, հանրային գրադարան ասելով՝ նկատի չունենք մասնավոր, դպրոցական կամ համալսարանական գրադարանները, որովհետև դրանք նախատեսված են դպրոցի կամ համալսարանի, մասնավորի դեպքում ՝ մասնավոր ընկերության համար: Դիլիջանում Կենտրոնական բանկի ստեղծած գրադարանը բավական լավ աշխատանք է անում համայնքի ու, երևի թե, ողջ մարզի համար, աշխատում է որպես բաց գրադարան, սակայն բնույթով, իրավական տեսանկյունից մասնավոր է: Առանձնանում է նաև Դիլիջանի միջազգային դպրոցի գրադարանը, որը նույնպես հանրային չէ: Պարզապես այս երկու օրինակները չնշել չէի կարող:

– Այսինքն՝ լավ գրադարան ունենալու համար ֆինա՞նս է պետք:

– Ես չէի ցանկանա հարցին այդ կերպ մոտենալ, որովհետև ստացվում է, որ եթե ես չունեմ ֆինանս, կարող եմ չունենալ գրադարան: Երբևէ որևէ մեկի մտքով չի անցնում, որ եթե դու դպրոցում ունես մեկ աշակերտ կամ դպրոցի շենքային պայմանները վատն են, կամ դրա տեղը կարող ես ավելի շահութաբեր հիմնարկ ունենալ, պետք է այդ դպրոցը փակել: Բայց գրադարան փակելը օրինաչափ է թվում: Մինչդեռ եթե դու դպրոցը փակում ես, համայնքի տարբեր տարիքի դպրոցական երեխաներին զրկում ես կրթության իրավունքից, գրադարանի պարագայում նույնն ես անում բոլոր բնակիչների համար՝ զրկելով նրանց մշակութային կյանքով ապրելու իրավունքից: Իսկ մարդու մշակութային կյանքով ապրելու, այդ թվում՝ գրքային հավաքածուներից օգտվելու իրավունքը սահմանված է օրենքով:

Հետևաբար, տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են կազմակերպել գրադարանային գործունեություն: Եվ հակառակը, եթե համայնքը գրադարանը փակում է, զրկում է բնակիչներին գրադարանից օգտվելու հնարավորությունից, դա ոչ միայն օրենքի, այլև իրավունքի խախտում է: Այս մտածողությունը պետք է արմատավորել մարդկանց գիտակցության մեջ, տարածել-հասցնել ամենահեռավոր համայնքների բնակիչներին, որ ճանաչեն իրենց իրավունքներն ու պահանջատեր լինեն:

– Ենթադրում եմ, որ հնամաշ են պահանջված, շատ թերթված, գրքերը: Ինչպե՞ս պետք է դրանք փոխարինել նորերով: Վերահրատարակվու՞մ են այդ գրքերը, հրատարակչությունների ու գրադարանների միջև կա՞ փոխադարձ համագործակցություն՝ լրացնելու համար գրքերի բացը: Եվ ի՞նչ դեր պետք է ունենա պետությունն այս դեպքում:

– Մաշված կամ հնացած են ոչ թե պահանջարկ ունեցող, այլ հին գրքերը, որոնք 50-60 տարի շարունակ օգտագործվում են: Կան գրքեր, որ շատ պահանջված են, բայց, ենթադրենք, 2-3 տարի առաջ են լույս տեսել՝ բազմաթիվ օրինակներով:

Գրադարանները և հրատարակչությունները միասին շատ լավ աշխատում են, նախ, այդ հարցումների իմաստով. գրադարանները երբեմն հուշում են հրատարակիչներին, թե որ գրքերն են պահանջված, հնամաշ: Եվ հակառակը՝ հրատարակիչները գրադարաններին առաջարկում են իրենց գրքերը, հաճախ, զեղչերով: Իհարկե, խոսքն այն գրադարանների մասին է, որ ունեն համալրման բյուջե և կարող են իրենց գիրք գնելու «ճոխությունը» թույլ տալ: Կարծում եմ՝ այո՛, այստեղ պետությունը նույնպես պետք է դեր ունենա: Մենք ունենք նման գաղափար՝ առաջիկայում պետական պատվերի ծրագրում ներառել նաև վերահրատարակվող գրականություն:

– «Պարտադիր օրինակի մասին» օրենքը ինչպես հարկն է չի կիրառվում և տարակարծությունների առիթ է տալիս: Մեծ հաշվով՝ մեկական օրինակ գիրք հրատարակիչնե՞րը պիտի տրամադրեն, թե՞ պետք է գնի գրադարանը ¥գրադարանները¤՝ պետական միջոցներով:

– Սա շատ կարևոր հարց է և առանձին մեծ զրույցի թեմա: Եթե փորձենք մակերեսային ձևակերպում տալ, ըստ էության, խոսքը երկու արժեքների հակադրության մասին է: Մի կողմից, կա մասնավոր սեփականության իրավունքը, ինչը նշանակում է, որ դու որպես պետություն իրավունք չունես քո քմահաճույքից ելնելով մարդուց խլելու սեփականության իրավունքը, իսկ գիրքը հրատարակչի համար իր սեփականությունն է: Մյուս կողմից, կա հանրային շահ, ինչը արտահայտվում է նրանում, որ ցանկացած մշակութային փաստաթղթային ժառանգություն պետք է պահպանվի եկող սերունդների համար, իսկ գիրքն այս ժառանգության ձևերից մեկն է: Կրկնում եմ, որ սա խնդրի մակերեսային ձևակերպումն է, շատ ավելի մանր ու նուրբ հարցեր կան:

– Ինչպե՞ս են համալրվում գրադարանները:

– Սա նույնպես երկար զրույց է ենթադրում: Նախարարության ենթակայությամբ գործող գրադարանները ստանում են հատկացումներ՝ իրենց գրքային ֆոնդը համալրելու համար: Համայնքային գրադարանները ենթադրաբար պետք է գումար ստանան համայնքապետարանից՝ համալրման համար, սակայն, երբ զրուցում ես գրադարանների տնօրենների հետ, ասում են, որ չեն ստանում հատկացումներ: Մշակույթի նախարարությունը կարող է 12 գրադարանները վերցնել իր թևի տակ, ասել, որ սրանք իմն են, համալրվում են, ու խնդիրը լուծված համարել: Բայց այդպես չէ: Եթե մեզ համար իսկապես կարևոր է ունենալ նոր գրականությամբ համալրված արդի գրադարաններ, ուր մարդիկ հաճույքով կայցելեն, վստահ, որ կգտնեն իրենց փնտրած կամ խանութում տեսած գիրքը, ուրեմն, ավելի համակարգային լուծում է անհրաժեշտ:
Համալրման մի քանի ճանապարհ կա. նախարարությունը գումարներ է տրամադրում գրադարաններին՝ գրքեր գնելու: Երկրորդ ճանապարհը գրքերի գնման ճանապարհն է. մշակույթի նախարարությունը գրքեր է գնելու հրատարակիչներից ու բաշխելու է գրադարաններին: Այդ գրքերը հասնելու են նաև համայնքային գրադարաններ: Դա 2019 թվականի առաջին ծրագրերից է: Երրորդ ճանապարհը նվիրատվությունն է, որ կազմակերպում են անհատները և կազմակերպությունները: Եվ մի կարևոր խնդիր. ազգային գրադարանի պահեստում կա գրքային ֆոնդի ահռելի կուտակում:

– Խոսքը պետական պատվերով և աջակցությամբ տպագրվող գրքերի մասի՞ն է:

– Այո: Համեմատության համար ասեմ, որ Շենգավիթի գրադարաններից մեկը 21 հազար գրքային ֆոնդ ունի: Ազգային գրադարանի պահեստներում 80 հազարից ավելի գիրք կա, այսինքն՝ մի քանի գրադարանի բավականացնող գիրք: Սա նշանակում, որ մենք տարիներ շարունակ հրատարակել ենք գրքեր, պահել ենք պահեստներում, ու այդ գրքերը ոչ ոքի չեն հասել: Չեմ ուզում կտրուկ գնահատականներ տալ, բայց ամենաակնառու խնդիրը, որին հանդիպել եմ նախարարություն գալով, սա է: Փաստորեն ընթերցվելուց «զրկված է» շուրջ 80 հազար գիրք: Առաջիկայում այդ գրքային ֆոնդը պետք է ամբողջությամբ բաշխվի: Տարբեր եղանակներ ենք մտածում, համագործակցում ենք սփյուռքի նախարարության հետ, մտադիր ենք հանրագիտարանային գրականությունը ավագ դպրոցներին բաշխելու, մտածում ենք նաև սահմանամերձ գյուղերի, քրեակատարողական հիմնարկների, զորամասերի գրադարանների հետ կապված տարբերակներ:

– Նախարարությունը ամիսներ առաջ հայտարարություն տարածեց այն մասին, որ գրադարանների հավաքածուների համալրման բյուջեն կրկնապատկել է: Ի՞նչ կասեք սրա մասին:

– Բանն այն է, որ մարզային գրադարանների համալրման բյուջեն պարբերաբար կրճատվել է: Մեր խնդիրը ոչ միայն այդ գումարը վերականգնելն է, այլև կարճ ժամանակում այն ավելացնելը: Նորից հստակեցնեմ, որ խոսքը մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող գրադարանների մասին է, որոնք բավականին լավ վիճակում են գտնվում, որովհետև պարբերաբար տարբեր ծախսերի համար պետական հատկացումներ են ստանում: Այդ գրադարաններից յուրաքանչյուրը կարող է տարվա ընթացքում մի քանի տասնյակ գիրք ձեռք բերել, երբ երկրում 300-ից ավելի անուն գիրք է հրատարակվում: Այսինքն` չնչին տոկոսը հրատարակվող ամբողջ գրականության: Խնդիրն ավելի հստակ պատկերացնելու համար ասեմ, որ համալրման բյուջեի կրկնապատկումը կարևոր քայլ էր, բայց դրանով մենք դեռ քիչ ենք մոտենում գրադարանների ընթերցողական պահանջարկը բավարարելու նշաձողին:

– Գրադարանային պայմանների մասին ի՞նչ կասեք:

– Բավական տարբերություն կա մարզային և համայնքային գրադարանների պարագայում: Որոշ գրադարանների դեպքում բավական անհուսադրող են ընդհանուր շենքային պայմանները։ Այս խնդիրները հատկապես սրվում են ձմռան ամիսներին: Բայց կան գրադարաններ, որ բավականին լավ վիճակում են, վերանորոգված են (ոչ միայն մարզային, նաև համայնքային): Քաղաքապետարանի նախաձեռնությամբ տարիներ առաջ վերանորոգվեցին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը, նաև մասնաճյուղերը, Շենգավիթի գրադարանը հիմնովին վերակառուցվեց, և մարզային շատ գրադարաններ են վերանորոգվել:
(շարունակելի)

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարը՝ Ալեք ԼԵՎԱՍԳԱՆԻԻ

Աղբյուր՝ Irates.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում