Գագիկ Բեգլարյանը տրանսպորտի գնի և օլիգարխների մասին. Ես օլիգարխ չեմ,օլիգարխը դուք եք

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը համաձայն չէ ընդդիմության այն տեսակետին, թե մեր երկրում օլիգարխներ կան: Ամեն դեպքում, ինքը նման երեւույթ չի նկատել: «Իսկ օլիգարխ գիտե՞ք, թե ինչ է նշանակում: Օլիգարխը պետք է իշխանության հետ լավ լինի, որ գոյատեւի։ Համ լավ լինի, որ մի հատ էլ ճնշի՞։ Ամբողջ աշխարհում է տենց , օլիգարխը չի կարող ազդել իշխանության վրա»,- մեկնաբանել է Բեգլարյանը։

Henaran.am-ի այն հարցին, թե երկրում օլիգարխիան սերտաճել է իշխանության հետ, նախարարը խորհուրդ է տվել գեղեցիկ բառերի հետեւից չընկնել եւ խոսել կոնկրետ փաստերով:

Լրագրողի ակնարկին, թե ինքը բիզնես ունի եւ դա կապ չունի իր ղեկավարած նախարարության հետ՝ Բեգլարյանն ասել է. «Եթե ձեր ասած սերտաճածը պատրուսն է, ընդհանրապես բնության մեջ պատրուս անելը լավ բան չի, քանի որ պատրուսից լավ բերք չես ստանում»։

Հիմա դուք օլիգա՞րխ եք՝ հարցրին կապի եւ տրանսպորտի նախարարիը նշել է. «Իհարկե ոչ, օլիգարխը դուք եք»:

Մեկ այլ աղբյուր’ 1in.am-ը անդրադարձել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարցին:

Բեգլարյանի խոսքով`այդ հարցը դեռ կքննարկեն, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից գազի սակագնի հաստատումից հետո:

Գագիկ Բեգլարյանը կարծում է, որ մեծ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ գազի գնի թանկացումը կազդի բոլոր ապրանքների, այդ թվում՝ տրանսպորտի սակագնի վրա:

Նրա խոսքերով՝ այնուամենայնիվ, իրենք փորձելու են ուղեվարձի սակագնի նվազագույն թանկացում ապահովել:

Ի պատասխան հարցի՝ հնարավոր չէ՞ արդյոք «գծի տերերի» գերշահույթի հաշվին ուղեվարձի թանկացում ընդհանրապես թույլ չտալ, չէ՞ որ «գծի տերերը» յուրաքանչյուր վարորդից 8-ից 10 հազար դրամ պլան են պահանջում, նախարարն ասել է, որ «գծի տերերը» գերշահույթ չեն ստանում:

Միգուցե այդ ամենօրյա պլանի գումարը կրճատելու հաշվին հնարավո՞ր է ուղեվարձի բարձրացում թույլ չտալ կամ նվազագույնի հասցնել այն՝ մեր այդ դիտարկման հետ Գագիկ Բեգլարյանը համամիտ չէր՝ ասելով, թե 90-ական թվականների վերջին մենք այդ պլանի գումարն ունեինք, և գազելները համեմատաբար էժան էին: Իսկ հիմա, երբ երթուղայինի գիծ շահագործողները 20-ից 30 հազար դոլարով են ներկրում գազելները, գերշահույթ չեն կարող ստանալ:

Գագիկ Բեգլարյանը չպատասխանեց նաև հարցին, թե այնուամենայնիվ՝ ե՞րբ է հասարակական տրանսպորտի ուղեվարձը թանկանալու՝ ամռա՞նը, թե՞ աշնանը:

Ի դեպ՝ լրագրողները Գագիկ Բեգլարյանից հարցրին, թե կառավարության՝ այս օրերին քննարկվող ծրագրում արտագաղթը խթանող զրույցներ տեսե՞լ է, նա պատասխանեց. «Ես չեմ տեսել, դուք տեսե՞լ եք»:

Լրագրողները նրան տեղեկացրին, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Բադալյանը նկատել է: «Վլադիմիր Բադալյանն ո՞վ է»,- հարցրեց Գագիկ Բեգլարյանը: Լրագրողները հիշեցրին, որ Վ. Բադալյանը Ռոբերտ Քոչարյանի խնամին է: Լրագրողների հարցին՝ չի՞ ճանաչում նախկին նախագահի խնամուն, պատասխանեց. «Չէ, ճանաչում եմ, պարզապես շփոթեցի մեկ ուրիշի հետ»:

Աստղիկ Սահակյան 

Հետևեք մեզ նաև Telegram-ում