Ջազային անմոռանալի հրավառություն՝ Երեւանում
Նմանատիպ
Նոյեմբերի 7-ին Երեւանում ազդարարվեց Ջազ փառատոն 2018-ի բացումը՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի եւ կուբայական արմատներով ամերիկացի շեփորահար, ջազմեն, կոմպոզիտոր Արթուրո Սանդովալի մասնակցությամբ:
Սա թվով 4-րդ ջազ փառատոնն է եւ նվիրված է Հայաստանի պետական ջազ նվագախմբի 80-ամյա հոբելյանին ու նվագախմբի առաջին ղեկավար Արտեմի Այվազյանին: Փառատոնի կազմակերպիչը՝ Հայկական ջազի ասոցիացիան այս տարի ընդլայնել է փառատոնի անցկացման շրջանակները, եւ առաջիկայում համերգներ կլինեն ոչ միայն Երեւանում, այլեւ՝ Շուշիում եւ Գյումրիում:
Հայկական ջազի ասոցիացիան պատվավոր անդամի կոչում շնորհեց Գրեմմիի 10-ակի մրցանակակիր Արթուրո Սանդովալին, որից հետո Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում սկսվեց իսկական ջազ-հրավառություն՝ մեր բարձրակարգ ջազ-նվագախմբի՝ գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունց, եւ Արթուրո Սանդովալի կատարմամբ:
Հնչեցին տարբեր ջազային ստեղծագործություններ, այդ թվում՝ Ալեքսանդր Հարությունյանի «Քարավանի» մշակումը Մարտին Ուրիխանյանի կողմից՝ նվիրված Արթուրո Սանդովալին, որը ժամանակին խոստովանել է, որ իր պատանեկության ամենասիրած ստեղծագործություններից մեկը Ալեքսանդր Հարությունյանի կոնցերտն է՝ շեփորի համար:
Հնչեց նաեւ Արթուրո Սանդովալի հեղինակած երաժշտությունը՝ «Մամբոյի արքաները» ֆիլմի համար: Սանդովալը հանդես եկավ ոչ միայն իր հիմնական գործիքի՝ շեփորի, այլեւ՝ դաշնամուրի, հարվածային գործիքների կատարմամբ, իսկ վերջում մի հատված էլ՝ վոկալ: Ընդհանրապես, կատարումների մեջ հանրահայտ երաժիշտը ցուցադրեց ոչ միայն իր երաժշտական տաղանդը, այլեւ՝ յուրահատուկ հումորը:
Համերգին իր անգերազանցելի վարպետությամբ յուրահատուկ երանգ հաղորդեց անակնկալ հյուրը՝ ջազի մեծ վարպետ, անկրկնելի մաեստրո Լեւոն Մալխասյանը:
Բազմաթիվ բիսերից հետո համերգը եզրափակվեց յուրահատուկ իմպրովիզով. Արթուրո Սանդովալը, որն ակնհայտորեն հիացած էր մեր նվագախմբով, տեղում, առանց որեւէ փորձի, նվագախմբի հետ միասին մի գործ կատարեցին, որի մասին գուցե թե միայն ինքն էր տեղյակ:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Աղբյուր՝ Aaravot.am: