Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին
Նմանատիպ
Նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին` գլխավորությամբ ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին` բարձր գնահատելով ֆակուլտետի գործունեությունը արևելագիտության զարգացման գործում: Նորին Սրբությունը մեծապես կարևորեց արևելագետ մասնագետների պատարաստումը՝ ուսանողներին հորդորելով ուսման մեջ լինել ջերմեռանդ, իսկ հայրենիքին ծառայելու հարցում` նախանձախնդիր:
Իր որդիական խոնարհումը և երախտագիտությունը հայտնելով Նորին Սրբությանը՝ պրոֆեսոր Մելքոնյանն անդրադարձավ արևելագիտության զարգացման գործում հոգևորականության նշանակալի դերին, ինչպես նաև ֆակուլտետի հետ սերտ համագործակցությանը. այսօր էլ հոգևորականները դասախոսություններով իրենց նպաստն են բերում 50-ամյա ֆակուլտետի արդյունավորմանը:
Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու պատմությանը և ներկա մարտահրավերներին ու դրանց հաղթահարմանն ուղղված ջանքերին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Աղբյուր՝ ter-hambardzum.net։
Հետևեք մեզ նաև Telegram-ում