Հայկ Մելիքյան. հայ եւ արտասահմանցի ժամանակակից կոմպոզիտորների երկերի տարածող զուսպ դաշնակահարը
Նմանատիպ
Ձեւավորված կարծիք կա, թե արվեստագետները հակված են «լուն ուղտ դարձնել» եւ իրենց «արած-չարածը» որպես գլուխգործոց՝ անկախ ստեղծածի արժեքից, անմիջապես ներկայացնել հանրությանը: Մինչդեռ կան փոքրաթիվ զուսպ ստեղծագործողներ էլ, որոնց գործունեության մասին հաճախ տեղեկանում ենք արտասահմանյան ԶԼՄ-ներից:
Օրինակ, դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, որը ժամանակակից հայ եւ արտասահմանցի շատ կոմպոզիտորների գործերի տարածողն է, ավելին՝ առաջին կատարողը, դասվում է այդ փոքրաթիվների շարքում: Հենց արտասահմանյան լրատվամիջոցներից տեղեկացանք, որ հոկտեմբերին Ժնեւի հեղինակավոր Victoria համերգասրահում մեծանուն Շառլ Ազնավուրի հիշատակին կայացել է կամերային երաժշտության համերգ, հնչել են Շոստակովիչի, Ֆրանկի, Հարությունյանի, Բաղդասարյանի ստեղծագործությունները՝ ճանաչված հայ երաժիշտներ Հայկ Մելիքյանի, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի եւ վերջին շրջանում մեծ համբավ ձեռք բերած ֆրանսիացի թավջութակահար Էդգար Մուրոյի մեկնաբանմամբ…
Հայկ Մելիքյանը՝ Նարեկ Հախնազարյանի եւ Էդգար Մուրոյի հետ Victoria համերգասրահում:
«Առավոտը» Հայկ Մելիքյանի հետ հանդիպման ժամանակ երաժշտին փոխանցեց դիրիժոր Ռուբեն Ասատրյանից ստացած տեղեկությունը, թե՝ «հայաստանյան եւ համաշխարհային պրեմիերաներով հաճախ ներկայացող դաշնակահարը պատրաստվում է հերթականին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ Հայկը Հայաստանում առաջին անգամ կհնչեցնի էստոնացի ժամանակակից կոմպոզիտոր Արվո Պյարտիի LAMENTATE դաշնամուրի կոնցերտը»: Հաստատելով ասվածը, երաժիշտը հավելեց, որ այդ ստեղծագործությունը նվիրված է հնդիկ քանդակագործ Անիշ Կապուրին եւ նրա հայտնի «Մարսիաս» կոթողին: Հետո էլ մանրամասնեց. «Հունական դիցաբանությունից Մարսիասը Օլիմպոսի որդին է: Ապոլոնը սպանում է Մարսիասին (նա կիսամարդ-կիսակենդանի է ներկայացված)՝ քերթելով նրա կաշին եւ կախում ծառից: Կապուրի 500 մետրանոց «Մարսիաս» կոթողը խորհրդանշում է նրա քերթված կաշին: Այս թեման իր մեջ ունի ներքին դրամատիզմ, որի հիմքը մեծ առումով ցեղասպանությունն է: Ի դեպ, կոնցերտի կատարումը կղեկավարի Ռուբեն Ասատրյանը»: Հավելեց, որ էստոնացի կոմպոզիտորի սոլո գործերի մեկնաբանմամբ բազմիցս հանդես է եկել արտասահմանում, առանձնացնելով Fur Alina ստեղծագործությունը: Մենք էլ մտաբերեցինք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից անցկացվող Երեւանյան դասական երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում անցյալ տարի էստոնացի կոմպոզիտորի Spiegel im Spiegel երկի՝ Հայկ Մելիքյանի եւ ջութակահար Անուշ Նիկողոսյանի կատարումը: Մեր զրուցակիցը անդրադարձավ այս տարի համերգաշրջանի սկզբում կայացած հիշյալ փառատոնին, հիշեցնելով, որ փառատոնային համերգներից մեկը նվիրված էր ֆրանսիացի 20-րդ դարի դասական Օլիվիե Մեսսիանի ծննդյան 110-ամյակին: Երեկոյի ընթացքում հնչեցրել է հոբելյարի աշակերտների գործերը եւս, այդ թվում՝ Քսենիակիսի, Բուլեզի: Մենք էլ հիշեցինք, որ կոնկրետ Քսենիակիսի ստեղծագործությունների կատարումով Երեւանում մինչ օրս հանդես է եկել միայն Հայկ Մելիքյանը: Նշենք նաեւ, որ պրեմիերաներ նախընտրող դաշնակահարն, օրինակ, վերջերս Հայաստանում կայացած ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում հնչեցրեց Ջոնաթան Հարվիի, Տրիստան Մյուրայի երկերից:
Ընդունված կարգ է, երբ ստեղծագործության առաջին կատարողին հեղինակը նվիրում է այդ գործը: Խնդրեցինք բարձրաձայնել հայ եւ արտասահմանցի այն կոմպոզիտորների անունները, որոնց երկերի առաջին կատարողն է հանդիսացել: Դաշնակահարը բարձրաձայնեց բուլղարացի կոմպոզիտոր Պետեր Կերկելովի անունը, որի «Ցերեկային եւ գիշերային օրհներգեր» երկի համաշխարհային պրեմիերան կատարել է ապրիլին, Սոֆիայի ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակներում: Հայ հեղինակներից էլ նշեց Էդվարդ Սադոյանի, շվեյցարաբնակ Արամ Հովհաննիսյանի, Արթուր Ակշելյանի, ամերիկաբնակ Տաթեւ Ամիրյանի անունները: «Ի դեպ, 2009-ից Երեւանում մեկնարկած 20-րդ դարի եւ ժամանակակից համաշխահային դաշնամուրային երաժշտության «1900+» նախագծի (որի գեղարվեստական ղեկավարն է- Ս. Դ.) 14-րդ երեկոն Պետեր Կերկելովի ընկերակցությամբ նախատեսել ենք անցկացնել մինչեւ տարեվերջ»,- ասաց Հայկ Մելիքյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում