Հատկացումների համար կա օրենքով նախատեսված ընթացակարգ. Մշնախի պարզաբանումը՝ Թովմաս Պողոսյանի ահազանգին
Նմանատիպ
ՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանում է տարածել նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հոդվածի առնչությամբ, որտեղ ՀՀ ժողովրդական արտիս Թովմաս Պողոսյանը ահազանգել էր Արցախում բարեգործական համերգի համար ավտոբուսի գումար տրամադրելու մերժման մասին։
«Պաշտոնապես հայտնում եմ, որ պարոն Թովմաս Պողոսյանը բարեգործական համերգի ֆինանսական աջակցության դիմումը նախարարություն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին՝ առավոտյան 10:03-ին: Նույն օրը՝ 10:23-ին, դիմումը մակագրվել է համապատասխան վարչություն և գործին տրվել է ընթացք: Նշեմ, որ սեպտեմբերի 13-ը հինգշաբթի էր, իսկ համերգը նախատեսված է եղել անցկացնել երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, Արցախի Հանրապետությունում: Չնայած այն հանգամանքին, որ կայացվել է դրական որոշում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին, այդ կարճ ժամանակահատվածում՝ փաստացի 2 աշխատանքային օրվա ընթացքում, տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել ֆինանսական աջակցությունը, քանի որ հատկացումներ կատարելու համար կա օրենքով նախատեսված ընթացակարգ:
Միջոցառումն անցկացնելուց հետո հնարավոր չէր կատարել փոխանցումը, քանի որ այն այդ պարագայում համարվում է փոխհատուցում, այլ ոչ աջակցություն, ինչը նախարարության համար գրանցվում է որպես ֆինանսական խախտում՝ իր հետևանքներով: Պարոն Պողոսյանն այդ մասին տեղեկացվել է գրավոր:
Առիթն օգտագործելով խնդրում եմ, որպեսզի աջակցություն ցուցաբերելու դիմումները նախարարություն ներկայացվեն նախատեսվող միջոցառումից առնվազն 2 շաբաթ շուտ:
Հերքում եմ նաև այն պնդումը, որ «արգելված է» նախարարություն մուտք գործելը կամ նախարարի հետ հանդիպելը: Նման բան գոյություն չունի և չի էլ կարող ունենալ»,- ասված է նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի պարզաբանման մեջ։
Աղբյուր` Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում