Լուսինե Զաքարյան․ Միակ պահպանված հարցազրույցը
Նմանատիպ
Լուսինե Զաքարյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 1-ին Վրաստանի Մեցխեթի շրջանի Ախալցխա քաղաքում: Մինչև 15 տարեկանը ապրել և մեծացել է Ախալցխայում։ 1952 թվականին իր ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, սովորել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1957 թվականին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա: Այդ տարիներին նրա տաղանդն արդեն բացահայտ էր։
Լուսինե Զաքարյանը սերում է երաժիշտների գերդաստանից։ Մորական կողմից պապը՝ Իոսիֆ Տոմաշեվիչը (ծագումով լեհահայ) եղել է Սանկտ Պետերբուրգի Կայսերական օպերային թատրոնի մեներգիչ, ձայնային հարուստ տվյալներով օժտված բաս-պրոֆունդո, որն իր ձայնը մշակել էր Իտալիայում։ Տատը՝ Ելենա Տոմաշեվսկայան, դաշնակահարուհի էր։ 1970-1983 թթ. եղել է Հայաստանի Ազգային հեռուստաընկերության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի։ Այդ ընթացքում երգել է նաև Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբում։ Գերազանց կատարել է ինչպես արևմտաեվրոպական ստեղծագործություններ, այնպես էլ՝ հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտություն։
Դեռևս սովետական տարիներին, երբ արգելվում էին բազմաթիվ երաժշտական ոճեր, ինչպես նաև հոգևոր երաժշտությունը, նա համարձակություն է ունեցել հայկական հոգևոր երաժշտությունը բարձրացնել բեմ։
1972 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը:
Բազմիցս համերգներով եղել է արտերկրում, որտեղ փառքով ներկայացրել է Կոմիտասին, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները։ Պարբերաբար համերգներ է տվել հայազգի աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի հետ։ Լուսինեի համար է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը գրել իր «Վոկալիզը»: Նրան բանաստեղծություններ են ձոնել Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Արշալույս Մարգարյանը, այլազգի բանաստեղծներ (Էդուարդաս Մեժելայտիս, Անտոն Խիժնյակ, Միխայիլ Մատուսովսկի)։ Շնորհիվ հոգեթով ձայնի, Լուսինե Զաքարյանի ձայնագրությունները մտել են համաշխարհային երաժշտության ձայնադարան։
Լուսինե Զաքարյանը ծանր հիվանդությունից վախճանվել է 1992 թվականի դեկտեմբերի 30-ին Երևանում: Քանի որ այդ ժամանակվա ՀՀ կառավարությունը թույլ չի տվել նրա հուղարկավորությունը կատարել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում, ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի համաձայնությամբ Լուսինեի մարմինը 1993 թվականի հունվարի 2-ին հողին են հանձնել Էջմիածին քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը, ուր և այժմ գտնվում է ժողովրդի կողմից շատ սիրված մեծանուն երգչուհու շիրիմը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում