Պաշտոնյա. կարկուտն Արցախում մեծ վնաս չի տվել
Նմանատիպ
Մայիսին Արցախում տեղացած կարկուտը մեծ վնասներ չի տվել: Տուժել են մեկ-երկու համայնք՝ Մարտունու շրջանում, բայց ոչ մեծ չափերով: Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանն ասել է գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը:
Հանրապետությունում այժմ ընթացքում է 22 հակակարկտային կայանների տեղադրման աշխատանքը’ Ասկերանի եւ Մարտունու շրջաններում:
Ինչպես գրում է karabakh-open.info-ն` հղում անելով գյուղնախարարի խոսքով, առաջիկա օրերին Բույսերի պաշտպանության ծառայության ու Բուսաբուծության տեսչության մասնագետները լինելու են տեղերում` գնահատելու համար վերջին շաբաթվա հորդառատ անձրեւների եւ վաղգարնանային երաշտի հետեւանքները:
Ըստ նախնական տվյալների՝ երաշտից տուժել է մոտ 2 հազար հեկտար հացահատիկային դաշտ: Տուժած հողօգտագործողներին պետությունը մենակ չի թողնելու` հայտարարել է գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ աջակցության ձեւն ու չափը դեռեւս չի որոշվել:
Անասնագլխաքանակի աճը ինքնաբերաբար կերային բազայի խնդիր է առաջադրել, որն այս տարի սրվել է գարնանային երաշտի պատճառով: Խնդրի լուծման համար ձեռնարկված քայլերը, այն է կերային’ բազմամյա խոտաբույսերի մշակումը, այս տարի որոշակիորեն մեղմելու են վիճակը, սակայն առաջիկայում այդ ուղղությամբ ավելի լայնածավալ աշխատանք է տարվելու: Այդ նպատակով պետությունը ներկրում եւ գյուղացուն է տրամադրում կերային խոտաբույսերի սերմեր, ինչի հետեւանքով վերջին տարիներին կերային մշակաբույսերի ցանքատարածությունների մակերեսն աճում է:
2013 թվականի բերքի տակ ցանված է 48587.3 հա աշնանացան, ինչը գարնանացանի ցանքատարածությունների ավելացման հետեւանքով 7.2 տոկոսով նախորդ տարվա ցուցանիշից քիչ է եւ մայիսի 20-ի դրությամբ կատարվել է 13200 հա գարնանացան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում