Կառավարությունը կարկուտից տուժած գյուղացիների համար լուծումներ է գտել

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ։ Նրա հետ են նաեւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը։

HayNews.am-ի թղաթկիցը հայտնում է, որ քիչ առաջ ավարտվել է վարչապետի գլխավորությամբ Արմավիրի մարզպետրանում մարզի բոլոր գյուղապետերի մասնակցությամբ ժողովը։

Որոշվել է, որ կարկուտից տուժած 46 համայնքների գյուղացիների հողահարկ չեն վճարի, իսկ մասնակի տուժած համայնքների դեպքում՝ հողահարկի 50 տոկոսը կվճարի պետությունը։ Նույն սկզբունքի կգործի նաեւ ջրի վճարի դեպքում։

Վարչապետը հրահանգել է նաեւ, որ մարզի բոլոր գյուղերում լինեն հակակարկտային կայաններ եւ այդ կայանների կառավարումը լինի մեկ կենտրոնից, որպեսզի կարկուտի վտանգի դեպքում գործեն բոլորն անխտիր։

ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանն էլ շեշտել է, որ յուրաքանդյուր գյուղացուն լինելու է անհատական մոտեցում։ Նա խոստացավ, որ վարկեր վերցրած գյուղացիների վարկերը մարումը սառեցվելու է՝ 3 տարի ժամկետով։

Նրա ներկայացմամբ՝ այն գյուղացիները, որոնք վարկ են վերցրել դոլարով, նրանց վարկը դառնալու է դրամով, իսկ տարբերությունը վճարելու է պետությունը։

Որոշվել է նաեւ, որ սոցիալական խնդիրներ ունեցող գյուղացիներին կտրվի դրամական միանվագ օգնություն։

Տիգրան Սարգսյանը նաեւ խոստացավ, որ գյուղացիներին տրվելու է սերմ, պարարտանյութ, եւ դիզվառելիք։

Նշենք, որ այս պահին վարչապետն իր գործընկերների հետ դեռ մարզում է եւ նրանց հետ հանդիպման համար հավաքվել են 200 գյուղապետեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում