Փայլակ Հայրապետյանը կորցնում է ունեցվածքը

«Հրապարակը» գրում է, թե «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի աշխատակիցները երեկ վաղ առավոտյան մուտք են գործել գործարար Փայլակ Հայրապետյանին պատկանող նախկին «Էրեբունի» միավորման շենք եւ, դուրս հանելով աշխատակիցներին, տիրացել են շենքին:

Հիշեցնենք, որ Հայրապետյանն «Ամերիաբանկում» գրավադրել էր 33 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք, որպեսզի գործարար Աշոտ Սուքիասյանի հետ համատեղ ադամանդի արդյունահանման գործ սկսեին: Սուքիասյանն Աֆրիկայի Սիեռա Լեոնե հանրապետությունից պետք է ադամանդի հումքը բերեր Հայաստան, որտեղ էլ պետք է մշակվեր այն:

Բանկը Սուքիասյանին 12 միլիոն դոլար վարկ էր տրամադրել, սակայն Սուքիասյանն այդպես էլ ադամանդի հումքը Հայաստան չբերեց, իսկ բանկը, վարկային պարտավորությունները չկատարելու պատճառաբանությամբ, սկսեց բռնագանձել Փայլակ Հայրապետյանին պատկանող գույքը: Բանկը նախ Հայրապետյանից վերցրեց «Հայաստան» հանրախանութի շենքը, ապա հերթով գրավադրված մյուս սեփականությունները: Երեկվա բռնագանձումը եւս այս շարքից է…

Հետևեք մեզ նաև Telegram-ում