Երբ աշխարհը խոսում է մատնոցների միջոցով
Նմանատիպ
1997 թվականին Տորոնտոյում մատնոցի հուշարձան է կանգնեցվել:
Իսկ 1568թ. մատնոցագիտության մասին գիրք է հրատարակվել, որտեղ ներկայացվել են նոր մեթոդներով մատնոցներ պատրաստողները:
Այս մասին տեղեկացանք ՀՀ նկարիչների միությունում տնտեսագետ Ռուզաննա Անդրեասյանի «Ծանոթ-անծանոթ աշխարհ» խորագրով մատնոցների հավաքածուի ցուցահանդեսի բացմանը: Ի դեպ, ներկայացվել է շուրջ 1700 մատնոցների հավաքածու՝ սկսած 14-րդ դարից մինչ մեր օրերը: Մատնոցների այս հավաքածուն եզակի է Հայաստանում: Ցուցադրման ժամանակ հետաքրքիր պատմություններ ներկայացրեցին կազմակերպիչներից Ծովինար Տիրատուրյանը, Ռուզաննա Անդրեասյանը, նրա թոռնուհին:
Ուշագրավ էր այն, որ ցուցադրվող փոքրիկ, կենցաղային թվացող իրը Գերմանիայում, Հոլանդիայում, Ռուսաստանում այլեւս արժեք է, եւ նրա «պատվին» թանգարաններ կան: Նիդեռլանդների Վենենդալ քաղաքում գտնվող մատնոցների թանգարանում շուրջ 6000 տեսակ կա, Բավարիայի Կրենգլինգեն քաղաքում` 3500-ից ավելի:
Ծանոթանալով տարբեր երկրներից ձեռք բերված մատնոցներին, տեղեկացանք, որ օրինակ, մատնոց օգտագործելու կուլտուրան Եվրոպայում տարածել են իտալացիները. իսկ Պոմպեյում հայտնաբերվել են բրոնզե մատնոցներ:
Ռ.Անդրեասյանի հավաքածուի մատնոցները պատրաստված էին արծաթից, կավից, կային բնական քարերով, տարբեր պատկերներով՝ կենդանիների, քաղաքական գործիչների: Ցուցադրումը երկու օրով է:
Ռ. Մ.
Աղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում