Տպավորություններ
Նմանատիպ
Հա՜, կյանքում ես միշտ այսպես եմ եղել –
Խնդացող տխուր, սրտաբեկ ուրախ.
Հազիվ ուզել եմ անհոգ ծիծաղել
Եվ սրտիս խորքից հառաչեւ եմ «ա՛խ»:
Գարնան երկինք է իմ դժբախտ հոգին –
Մերթ մութ ամպամած, մերթ մեղմ ու պայծառ,
Եվ տարերքների ուժով ահագին
Շափառուկները ճընշում են իրար:
Իմ հոգին էլ այն երկնքի նման,
Որ ծավալվում է ձեր գլխի վերև,
Ձեզ անհայտ, գաղտնի – տեսնում է շատ բան
Ե՜վ մոտ, և՜ հեռու, և՜ փայլուն, և՜ սև…
Շեշտակի թափով, բուռն ու մոլեգին
Ամենայն կողմից ցոլանում, հոսում,
Լցվում են նրանք իմ անտակ հոգին
Եվ ալեկոծում, չարչարում, հուզում:
Ես հազար աչքով բաներ եմ տեսնում,
Որ թաքնված են լռության ետև,
Հազար ականջով ձայներ եմ լսում,
Որ դեռ սրտերում շշուկ են թեթև:
Եվ ամեն կողմից ձայնե՛ր ու ձայնե՛ր,
Քնքուշ, կատաղի, թախծալի, զվարթ…
Եվ ես ընկնում եմ, համբառնում եմ վեր,
Անզուսպ մոլեգնում կամ ծփում հանդարտ:
Լրբենի մի ձայն, – և ինչպես մրրիկ
Վազում է արյունս իմ երակներում,
Պայթում է սիրտս, և օձի նման
Բարձրանում եմ ես, թշշում, գալարվում:
Մի ձայն էլ ահա, – տկա՛ր, խղճա՛լի…
Եվ ես փոխվում եմ նորից ու նորից.
Ա՛հ, աստվա՛ծ, աստվա՛ծ, իմ փոթորկալի
Հոգին տանջվում է այսքան ձայներից:
Դեկտեմբերի 14, 1897
Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում