Այդ ո՞ր օրվանից ստատուս-քվոն անընդունելի դարձավ Մոսկվայի համար

«Առավոտ» թերթը, անդրադառնալով ԼՂ կարգավորման գործընթացի թեմային, մասնավորապես գրում է. «Ուշագրավն այս օրերին պաշտոնական Մոսկվայի պահվածքն է: Մոսկվայում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամլո ասուլիսում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, թե ԼՂ հակամարտության կարգավորման ստատուս-քվոն անընդունելի է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հակամարտող երկու կողմերի համար։

Թե ինչն է հիմք հանդիսացել, որ ՌԴ ԱԳ նախարարը վստահեցնի, որ ստատուս-քվոն անընդունելի է կողմերի համար՝ նա չի հստակեցրել: Երկար տարիներ կարգավորման գործընթացին հետեւող լրագրողները, փորձագետներն ու քաղաքական գործիչները միշտ էլ փաստել են, որ կողմերն իրականում ցանկություն չունեն փոխել ստատուս-քվոն, նույնիսկ Ադրբեջանը, որը առանձնանում է կոշտ հռետորաբանությամբ եւ ռազմաշունչ հայտարարություններով: Իսկ այն, որ՝ ՌԴ-ն ստատուս-քվոն անընդունելի է համարում՝ սա արդեն բավական անսպասելի ամրագրում է:

Ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորման գնալու ամենա ոչ շահագրգիռ միջնորդը մշտապես դիտարկվել է Մոսկվան՝ ի տարբերություն արեւմտյան երկրների, որոնք այս խնդրի լուծումը կապել են տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորությունների, Հայաստանի եւ հարեւանների հետ սահմանների բացման հետ: Հիմա հարց է ծագում՝ այդ ո՞ր օրվանից ստատուս-քվոն անընդունելի դարձավ Մոսկվայի համար․․․

Հայաստան-ԵՄ Ասոցացման պայմանագրի ստորագրմանը, որը ԵՄ-ի հետ հարաբերությունների բոլորովին այլ խորություն է ենթադրում, դեռ ամիսներ առաջ հակադրման, կամ ընտրություն կատարելու այլ գաղափար էր առաջ քաշվում՝ Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության հարցը: Որքան էլ հնչեցին տեսակետներ, թե դրանք միմյանց համեմատելի, առավելեւս՝ դրանց միջեւ ընտրություն կատարելու համարժեք միավորներ չեն, այնուամենայնիվ, ինչպես երեւում է, Մոսկվան սկսում է «ընտրության» հարցը բավական նկատելի դարձնել: Իսկ դա անշուշտ կարող է Կրեմլի կողմից դրսեւորվել բոլորովին այլ թեմաներով, թափանցիկ եւ ուղիղ ակնարկներով, ինչպես օրինակ՝ ԼՂ հակամարտության առնչությամբ հայկական կողմի համար տհաճ հայտարարություններն են, կամ էլ՝ գազի սակագնի փոփոխության շուրջ ծավալվող գործընթացները»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում