Հայաստանի երաժշտական ընկերությունը՝ ազգային երաժշտության պահապան
Նմանատիպ
Հայաստանի երաժշտական ընկերությունը (ՀԵԸ) տարեսկզբից տարբեր միջոցառումների անցկացմամբ կարծես հիշեցնում էր ընկերության հիմնադրման հոբելյանի մասին: Վերջինը հոկտեմբերին էր. Կոմիտասի թանգարան- ինստիտուտում կայացավ երեկո՝ նվիրված ընկերության հիմնադրման 60 եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 95-ամյակներին: Կատարումներով հանդես եկան ՀԵԸ-ի կողմից տարբեր տարիների անցկացված հանրապետական մրցույթներում հաղթած մանկապատանեկան 8 երգչախմբեր: Հայկական ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կողքին երգչախմբերը կատարեցին նաեւ Կոմիտաս: Այն ժամանակ ՀԵԸ նախագահ, կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանն «Առավոտի» հետ զրույցում խոսել էր ոչ միայն երգչախմբերի բարձրարվեստ կատարումների մասին. «Միջոցառումը յուրատեսակ ելույթ-հաշվետվություն է նաեւ 2019թ. Կոմիտասի ծննդյան 150-ամյակին ընդառաջ»:
Այսօր Կամերային երաժշտության տանը ՀԵԸ-ի հոբելյանի պաշտոնական արարողությունն է: Դավիթ Ղազարյանը «Առավոտին» հայտնեց, որ ընկերությունը ընդարձակ կներկայացնի երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Օլյա Նուրիջանյանը, համերգային մասն էլ կսկսվի Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» երգչախմբի կատարումով:
1958թ. հիմնված Հայաստանի երգչախմբային (1987-ից՝ Երաժշտական) ընկերությունը իսկապես երեւույթ էր մշակութային կյանքում՝ բազմաձայն երգեցողության տարածմանը նպաստելու, մանուկների եւ երիտասարդների գեղագիտական դաստիարակությանն օժանդակելու գործում: Մի կազմակերպություն էր, որն իր հովանու տակ պիտի առներ ազգային խմբակային երգը՝ հետագայում այն զարգացնելու, տարածելու առաքելությամբ: Առաջին նախագահն էր մեր մշակույթի ականավոր գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանը:
Երաժշտասերներին դեռեւս 80-ականների վերջերից մինչ օրս հետաքրքրող հարցին, թե ինչո՞ւ Երգչախմբային ընկերությունը վերանվանվեց Երաժշտականի (թեեւ «Առավոտը» ժամանակին պարզաբանում էր ստացել Դավիթ Ղազարյանից- Ս.Դ.), կրկին հիշեցնենք ՀԵԸ նախագահի պատասխանը. «1987-ից ընդլայնվեց ընկերության գործունեության շրջանակները, միավորելով հանրապետության երաժշտական, մշակույթի գործիչներին, պրոֆեսիոնալ եւ սիրողական տարբեր ժանրի երաժիշտների, մանկավարժների, գեղարվեստական ինքնագործունեության մասնակիցների»:
1997-ից ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը հիշեց Երգչախմբային ընկերության նախագահներին՝ Թաթուլ Ալթունյան, Էմմա Ծատուրյան, նաեւ ընկերության մեծաթիվ անվանի անդամներին ու նրանց գործունեությունը. «Մեր ընկերությունը նպաստել ու շարունակում է իր որդեգրած առաքելությունը ազգային երաժշտության պահպանման գործում, հենվելով հարուստ ավանդույթների եւ համաշխարհային երաժշտական մշակույթի վրա: Սրանք միայն խոսքեր չեն, կազմակերպում եւ անցկացնում ենք մրցույթներ, փառատոներ, սեմինարներ, մեծարման հուշ-երեկոներ… Հրատարակել ենք բազմաթիվ մեթոդական ձեռնարկներ, միայն 20 անուն մենագրություն՝ նվիրված երաժշտական արվեստի հայ երախտավորներին, ինչպես նաեւ մեր կոմպոզիտորների խմբերգերի ժողովածուներ»:
Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ անցնող տարիներին ընկերության յուրաքանչյուր նախագիծ, ձեռնարկ հաջող ավարտ է ունեցել, նկատի ունենալով ՀԵԸ այսօր գործող նախագահության ճանաչված անդամների, այդ թվում՝ Հովհաննես Չեքիջյան, Սվետլանա Նավասարդյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ժիրայր Ալթունյան, Արզաս Ոսկանյան եւ այլն:
Նշենք նաեւ, որ ՀԵԸ-ն հանրապետությունում առաջինն անցկացրեց դասական երգեցողության մրցույթներ մեր երգարվեստի մեծերի՝ Տաթեւիկ Սազանդարյանի, Պավել Լիսիցյանի եւ Գոհար Գասպարյանի անուններով: Ասվածին ավելացնենք նաեւ «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական, Կոմիտասի ծննդյան հոբելյանական տարեթվերին նվիրված մրցույթները եւ այլն:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում