Այսօրվա կաթողիկոսին մերժելով, հաջորդ բոլոր կաթողիկոսների անվտանգության հարցը ևս մերժում են
Նմանատիպ
Երեկ Ազգային ժողովում բուռն բանավեճի թեմա էր դարձել ՀՀԿ խմբակցության անդամներ Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի և Կարինե Աճեմյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է կաթողիկոսին օրենքով տրամադրել պետական պաշտպանություն, ինչպես, օրինակ, վարչապետի պարագայում է։ Սակայն և կառավարությունն էր բացասական եզրակացություն տվել, և «Ելք» խմբակցությունն էր դեմ այդ նախագծին։ Կրքերն այնքան թեժացան, որ քաղաքական դերակատարները սկսեցին միմյանց սատանաների ու հրեշտակների բաժանել։ Ամեն մեկն իրենն էր պնդում, Հանրապետականներն անթույլատրելի էին համարում իշխանության պահվածքը, քանի որ վտանգում են հայ եկեղեցու անվտանգությունը, վերջիներս էլ պնդում էին, թե եթե կաթողիկոսը խնդիր ունի ժողովրդի մեջ շրջելու, դա որևէ օրենքով հնարավոր չէ կարգավորել։
Ողջ խնդիրն այն է, որ երկու դեպքում էլ ճշմարտություն կա։ Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ որոշ անհասկանալի խմբեր կարող են ներխուժել Մայր Աթոռի վեհարան, փակել կաթողիկոսի ճանապարհը և նրան տեղաշարժվելու հնարավորություն թույլ չտալ, իսկ նման պարագայում, ըստ գործող նորմերի, կաթողիկոսը պետք է վարչապետի կամքին ապավինի՝ կպաշտպանի՞ նրա անվտանգությունը, թե՞ ոչ, որովհետև բացառապես վարչապետի հայեցողությանն է թողնված այս հարցը։ Հիմա եթե Հանրապետականներն առաջարկում են օրենքով սահմանել մշտական անվտանգություն, դրանում ոչ մի վատ բան չկա։ Սակայն իշխանության ներկայացուցիչների ասածում էլ, ցավոք ճշմարտություն կա։ Այս տարիներին կաթողիկոսի հանդեպ կա հանրային որոշակի շրջանակների դժգոհություն, այդ մասին շատ է խոսվել և այս հարցում հոգևոր դասը մտածելու բան ունի։
Բայց կաթողիկոսի անվտանգությանն առնչվող օրենքը մեկ օրվա կամ մեկ կաթողիկոսի համար չէ։ Սա բոլոր հաջորդ կաթողիկոսների համար է նաև։ Այնպես որ, այսօրվա կաթողիկոսին մերժելով, Փաշինյանի կառավարությունը մերժում է նաև հաջորդ բոլոր կաթողիկոսների անվտանգության հարցը։ Կա մի շատ տիպիկ օրինակ․ ժամանակին ՀՀԿ-ն սահմանադրական բարեփոխումներն նախաձեռնեց կոնկրետ անձի համար, նրա հագով ձևավորեցին օրենսդրական այդ «կոստյումը», սակայն դա այսօր հաճույքով կրում է մեկ այլ անձ՝ Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն, դեռ մեծ հարց է՝ այսօր չընդունելով այդ օրենքը, ի՞նչ «ծառայություն» է մատուցում ներկայիս իշխանությունը հաջորդ կաթողիկոսին։ Արդյոք այս քայլով բոլոր հաջորդ կաթողիկոսների անվտանգության հարցը կասկածի տակ չի դրվում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում