Վրաստանի նախկին վարչապետը բանտարկվեց
Նմանատիպ
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, որ օրերս ձերբակալվել էր, տեղափոխվել է Թբիլիսիի բանտ:
Ինչպես տեղեկացնում է «Грузия online»-ը դատարանը նրան երկու ամիս բանտարկության է ենթարկել: Առկա տեղեկություններով՝ Մերաբիշվիլին մեղադրվում է զբաղվածության ծրագրի գործով, ինչպես նաև «Միացյալ վրացական բանկի» 28-ամյա աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության (2006թ.) և մայիսի 26-ի ակցիան ցրելու համար։
Այս միջադեպը բավականին լարված իրավիճակ է ստեղծել Վրաստանում: Իշխող ուժերը նշում են, որ սա արդարության վերականգման քայլ է, իսկ ընդդիմադիր փոքրամասնությունը որակում է այն, որպես ժողովրդավարության հետընթաց:
Երեկ Վրաստանի նախագահը դիմել է կառավարությանը՝ կոչ անելով «լավ մտածել նման քայլերի հետևանքների մասին և հայրենիքը հարվածի տակ չդնել։
Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին տեղի է ունեցել խաղաղ իշխանափոխություն։ «Մենք լիարժեք, հաջող ժողովրդավարություն ունենալու պատմական հնարավորություն ունեցանք։ Այժմ վտանգ կա, որ այս շրջանը կվերափոխվի ավտորիտար ռեժիմի։ Դա, անկասկած, երկիրը մի քանի տարով հետ կտանի՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարցերում»,- «Geotimes.ge»-ի տեղեկացմամբ, ասել է Սաակաշվիլին։
Ի պատասխան՝ Վրաստանի նախագահ Բիձինա Իվանաշվիլին «civil.ge»-ին տված հարցազրույցում նշել է, եթե անգամ նախագահն է խախտել օրենքը, ապա նա ևս պետք է պատասխանատվության ենթարկվի: Մենք առաջնորդվում ենք իրավական , այլ ոչ թե քաղաքական դրդապատճառներով:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում