«Պարտավոր եմ ինձ զսպել»
Նմանատիպ
Հարցազրույց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, արվեստագիտության թեկնածու Վարդան Մկրտչյանի հետ
– Պարոն Մկրտչյան, 96-ամյա Մայր թատրոնի 26-րդ տնօրենն եք: Այդ պաշտոնը տարբեր տարիների զբաղեցրել են արվեստի եւ մշակույթի գործիչներ, բացառությամբ Ստեփան Դավթյանի, որն էլ իր կառավարման տարիներին դարձավ շուրջ 80 երգերի հեղինակ, արժանանալով վաստակավոր գործչի կոչման: 1922 թվականից թատրոնի տնօրեն էր թատերագիր, դրամատուրգ Մամիկոն Գեւորգյանը, նրան հաջորդել են նաեւ ոչ թատերարվեստի գործիչներ, օրինակ՝ գրողներ Միքայել Շաթիրյանը, Հարություն Մկրտչյանը, երաժշտագետ Սամսոն Գասպարյանը, երգիչ Վարդան Սամվելյանը, թատերարվեստի մեծանուն գործիչներ Արմեն Գուլակյանը, Վաղարշ Վաղարշյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Դավիթ Մալյանը, Վարդան Աճեմյանը եւ այլք: Այսօր ՊՈԱԿ-ի օրենքով թատրոնի իրավաբանական ղեկավարը թատրոնի տնօրենն է, բայց իրական պատկերը այլ է, իրական ղեկավարը կարծես գեղարվեստական ղեկավարն է, որը պատասխանատու է գեղարվեստական որակի համար: Արտիստների զբաղվածության ապահովումը ձեր գործառույթն է, մինչդեռ տպավորություն կա, որ դա տնօրինում է գեղարվեստական ղեկավարը:
– Ընդհանրապես մշակութային օջախների կառավարման գործում մեծ է անհատների դերը՝ թե ովքեր են ղեկավարում, որքանով են կիսում միմյանց մտքերը, տեսլականը, օրինակ՝ տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: Ցանկացած կառավարում հիմնվում է նախեւառաջ գեղարվեստական ծրագրերի վրա, եթե չկա գաղափար, ապա ի՞նչն ենք կառավարում: Մեր դեպքում՝ տնօրենը եւ գեղարվեստական ղեկավարը լրացնում են միմյանց, իսկ իմ կառավարման ելակետը գեղարվեստական ծրագրերն են: Մեր թատրոնում չկա «ով կամ ինչն է ամենակարեւորը» խնդիրը՝ բոլորը եւ ամեն ինչն են կարեւոր, եթե, իհարկե, այդ բոլորի գործը ծառայում է բարձր արվեստին, այլ ոչ թե անձնական հավակնություններ բավարարելուն: Այսօրվա թատերախումբը (57 դերասան) ոչ Արմեն Էլբակյանը, ոչ էլ ես եմ ձեւավորել, այն եղել եւ ստեղծագործել է տարիներ շարունակ, մարդիկ ընդունվել են եւ պաշտպանված են օրենքով: Չկա մի դերասան, որ զբաղվածություն չունենա ներկայացումներում, բայց հաստիքներ չունենք նաեւ այլ, ասենք, երիտասարդների ներգրավելու, իսկ դրսից դերասան հրավիրելը թղթաբանական, ֆինանսական լրացուցիչ բեռ է: Մեր քաղաքականության մի մասն է կազմում բեմադրիչ հրավիրելը: Այստեղ մենք նրան չենք կարող պարտադրել եւ իրավունք էլ չունենք, թե այս դերասանին ընդգրկիր բեմադրության մեջ, մյուսին՝ ոչ:
– Չեք կարող ժխտել, որ, այդուհանդերձ, կան դերասաններ, որոնք տարիներով դեր չեն ստանում: Հասկանալի է, որ դերասանախմբում կան տաղանդավոր, շնորհալի եւ «սովորական» արտիստներ:
– Այստեղ բախվում ենք այն համակարգի հետ, ինչն ունենք: Նկատի ունեմ ՊՈԱԿ-ի մասին օրենքը: Ի դեպ, որոշ թատրոնների ղեկավարների հետ նախաձեռնել ենք քայլ անել, նպատակը մեկն է՝ դուրս գալ ՊՈԱԿ-ի ձեւաչափից, այն միանշանակ խոչընդոտում է ստեղծագործական ընթացքը: Վերջապես այս հարցը պետք է լուծում ստանա, հակառակ դեպքում անհնար է դառնում շարունակել ՊՈԱԿ-ի մասին օրենքին հետեւելը:
– Իսկ ելք կա՞: Գուցե ելքն այն է, որ մեզ հասած տեղեկություններով՝ հենց ձեր նախաձեռնությամբ կառուցվում է Մայր թատրոնի երկրորդ բեմը:
– Այո, սա գործնական հնարավորություն է բոլոր այն ստեղծագործողների համար, մասնավորապես՝ երիտասարդների, որոնք ցանկություն ունեն նախագծեր իրականացնել: Այս հարթակը բաց է լինելու բացառապես բոլորի համար: Կիրառում ենք փորձված մեթոդ, որով աշխատում են Բրոդվեյում: Մինչ բրոդվեյյան բեմերում ներկայացումը բեմ կբարձրանա, նույն Բրոդվեյի ռեժիսորները ուսումնասիրում են, թե ինչ է կատարվում դաշտում, արդյոք այս կամ այն ներկայացումը արժանի է Բրոդվեյի թատրոններում խաղալուն… Մեր նոր բեմի շնորհանդեսը գուցե իրականացնենք դեկտեմբերին: Հույս ունենք ամանորյա ներկայացումները խաղալ նոր հարթակում: Այս փորձարարական հարթակը հովանավորվել է «Կոնվերսբանկի» կողմից:
– Ձեր գաղափարներից մեկի մասին էլ են խոսում. ելույթավճարի մասին: Անկասկած, դա ողջունելի է, բայց, օրինակ, ստաժավոր դերասանին մեկ ներկայացման համար 7000 դրամ վճարելը, չե՞ք կարծում, որ վիրավորական է:
– Մենք այդ ելույթավճարը սահմանել ենք իբրեւ լրավճար աշխատավարձին եւ դա արվում է վաճառված տոմսերի հաշվին: Հասկանալի է, որ դա մեծ գումար չէ: Ինքս դերասան եմ եւ կուզեի, որ դա ավելին լիներ: Հավելեմ, որ ելույթավճարը տարբեր սանդղակներով տրվում է բոլորին՝ գլխավոր դերակատարից մինչեւ մասսայական տեսարաններում զբաղվածներին: Օրինակ, հոկտեմբերին ունեցել ենք 12 բազմաժանր ներկայացում, որտեղ ներգրավված են եղել իսկապես մեծ թվով դերասաններ: Իսկ հիմա ներկայացումների թիվը 15-ն է: Կոնկրետ այս պահին հրավիրված են 3 տարբեր բեմադրիչներ՝ Նիկոլայ Ծատուրյանը, Սերժ Մելիք-Հովսեփյանը եւ Արմեն Վաթյանը, առաջիկայում էլ հետաքրքիր նախագիծ ունի ներկայացնելու Արմեն Էլբակյանը, որը դեռեւս հաստատված չէ:
– Դատելով ձեր հարցազրույցներից, տպավորություն է, որ աշխատում եք ամեն կերպ «պարզերես» պահել թատրոնի դեմքը, ինչը հասկանալի է: Չե՞ք կարծում, որ ոչ մի հարց պատահական չի տրվում…
– Ինքս քննադատության ճանապարհն անցած մարդ եմ եւ երբ աշխատում էի գիտական թեզիս վրա՝ մեծանուն Հենրիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ, նա ինձ սովորեցրեց, որ քննադատությունը պետք է լսել, ընկալել եւ պրիզմայովդ անցկացնել, դրանից հետո միայն կարողանալ ուժ գտնել ու շտկել… Մինչ հանդիպումը պարոն Հովհաննիսյանի հետ ես քննադատությունը էմոցիոնալ էի ընկալում, բայց հիմա ես իսկապես փոխվել եմ: Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել: Լավագույնը հետեւյալն է. երբ Համազգային թատրոնի տնօրենն էի (2009-17թթ.), որոշեցի ճեմասրահում բացել կարծիքների մատյան, ինչն ինձ շատ կարեւոր դաս տվեց: Մի օր հանդիսատեսներից մեկը ներկայացման ընթացքում առանձնացրել էր ոչ հայերեն հնչած սխալ բառերը եւ այդ մասին իր գրառումն էր թողել: Անձամբ ինքը դա ներկայացրեց ինձ: Այդտեղ ես չարամտորեն արված ոչինչ չտեսա, ընդհակառակը՝ մեր շահերը փաստորեն համընկել էին, հանդիսատեսի ցանկությունն է լավ ներկայացում դիտել, մերը՝ լավ բեմադրություն իրականացնել: Նման քայլերը ողջունելի են:
– Մասնակցել եք տարբեր արտասահմանյան ծրագրերի, այդ թվում՝ Բոստոնում եւ Նյու Յորքում (Բրոդվեյ, Ջուջամսին թատրոններ) «Թատրոնի կառավարում» ծրագրին, շուրջ 10 տարի առաջ դարձել եք JFDP ծրագրի հաղթող եւ վերապատրաստման կուրսեր անցել Ֆլորիդայի պետական համալսարանում՝ արվեստների կառավարում մասնագիտությամբ 2000-ականներից Համազգային թատրոնում մոտ 8 տարի հանդես եք եկել շուրջ 10 դերերով, զուգահեռ կոմեդիայի թատրոնում մարմնավորել եք 5 կերպար, նկարահանվել եք ֆիլմերում…
– Ուզում եք հարցնել՝ չե՞մ կարոտում բեմը: Միանշանակ՝ այո: Բայց գիտակցում եմ ստանձնածս գործի պատասխանատվությունը, հետեւաբար այս պահին պարտավոր եմ ինձ զսպել:
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Աղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում