Մայր Աթոռի արձագանքը՝ աղմկոտ օրինագծին
Նմանատիպ
«Անկախ քաղաքական վայրիվերումներից, ազգային նշանակության հարցերում պետք է լինենք միաբան»
Օրերս Խորհրդարանում չընդունվեց օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսի համար պետական պաշտպանություն ապահովել, եւ որը քաղաքական ուժերի շրջանում թեժ բանավեճերի առիթ տվեց: Նախագծի շուրջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոտեցումը լսելու նպատակով Aravot.am-ը զրուցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ:
– Տեր Հայր, արդյո՞ք Մայր Աթոռն էր դիմել ՀՀԿ–ին՝ նման օրինագծի մշակման եւ ներկայացման համար:
– Ոչ։ Մայր Աթոռը որևէ մեկին այս առնչությամբ չի դիմել: Մայր Աթոռը սույն օրենսդրական նախաձեռնության կապակցությամբ հրապարակայնորեն ու հստակ արտահայտել է իր կեցվածքը և վերաբերմունքը։ Գոհունակությամբ ենք արձագանքել Ամենայն Հայոց Հայրապետին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և եկեղեցապատկան կառույցները օրենսդրական պաշտպանության տակ առնելու նախաձեռնությանը, բայց և հաստատել ենք, որ հոգևորականությունն ու մեր հավատավոր ժողովուրդն են ամուր և անխորտակելի պատվարը բոլոր ժխտելի երևույթների դեմ։ Ցավով տեղեկացանք օրենսդիր մարմնում քննարկման մանրամասներին։ Մենք կարծում ենք, որ անկախ քաղաքական վայրիվերումներից, ազգային նշանակության հարցերում պետք է լինենք միաբան, և աղոթում ենք այդ միաբանության ու համերաշխության համար։ Այս հարցում Եկեղեցին, կարծում եմ, ակտիվ դեր պետք է ստանձնի մեր պետությունում։
– Ձեր գնահատմամբ, ինչո՞վ է պայմանավորված Ամենայն հայոց կաթողիկոսին անվտանգություն տրամադրելու անհրաժեշտությունը եւ ի՞նչ ձեւաչափով կարիք կա ապահովել Վեհափառ Հայրապետի անվտանգությունն առհասարակ:
– Նախ նշեմ, որ անկախության տարիներին ըստ անհրաժեշտության Վեհափառ Հայրապետերի անվտանգության ապահովման հարցում պետական գործակցության պակաս երբևէ չենք զգացել, և կարծում ենք՝ դա է պատշաճը։ Պետությունն ու եկեղեցին թեև անջատ, բայց պատկերավոր ասած՝ միմյանց հետ հաղորդակցվող անոթներ են, որոնց առաքելությունը մեկ և միասնական է` ծառայել մեր ժողովրդին և Հայրենիքին, հոգալ նրա կյանքի բարօրության համար։ Այո՛, վերջին շրջանի որոշ զարգացումներ ու միջադեպեր, բնական է, մեր հավատավոր ժողովրդի մոտ նման անհանգստություն առաջացրել են, որովհետև, ի վերջո, խոսքը ինչ-որ պետական կառույցի պաշտոնյայի կամ կազմակերպության ղեկավարի մասին չէ, այլ մի ողջ ազգի հոգևոր առաջնորդի, ում իշխանությունը տարածվում է Հայրենիքի սահմաններից դուրս՝ ողջ հայկական աշխարհում: Հավանաբար, դա է պայմանավորել նախաձեռնողների մտապատկերում որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Այլ պարագա է «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկը, որը հստակ նպատակ է հետապնդում ապահովագրել եկեղեցիներն ու վանքերը, եկեղեցապատկան տարածքներն ու կառույցներն առանց Եկեղեցու արտոնության տարբեր տարրերի, անհատների և խմբերի կողմից այլաբնույթ գործածությունից: Անցնող ամիսներին Մայր Աթոռում և տարբեր եկեղեցիների տարածքում արձանագրված դեպքերը, ցավոք, ցույց տվեցին, որ սրբավայրերն այդ իմաստով չունեն անհրաժեշտ կարգավիճակը, ինչը դժվարություններ է առաջացնում դրանց տարածքում պատշաճ վարքագծի և հավատացյալների ու հոգևորականության անվտանգության ու ազատությունների ապահովման համար: Կարծում ենք, որ հակառակ Ազգային ժողովում տեղ գտած և մեզ համար անընկալելի բանավեճերի, այնուամենայնիվ, այս առնչությամբ անհրաժեշտ գիտակցությունը կդրսևորվի օրենսդիր և գործադիր մարմինների կողմից և մեր սրբավայրերը կկարողանանք ապահովագրել նման միջադեպերի կրկնությունից:
– Ձեր կարծիքով, ԱԺ-ում օրինագծի քննարկման ժամանակ որքանո՞վ հաջողվեց եկեղեցուն զերծ պահել քաղաքական շահարկումներից:
– Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շնորհակալ է ներկայացված նախագծերի և՛ հեղինակներին, և՛ քննարկումներին մասնակից ուժերին և մեր հավատավոր ժողովրդին:
Եկեղեցու առաքելությունը միշտ եղել է և կա խաղաղարարական և հաշտարար: Այս իմաստով Հայոց Եկեղեցին երբեք չպիտի ցանկանա, որ ինքը տեղիք տա ժողովրդի մեջ երկփեղկման, բաժանման և իր շուրջ տարակարծությունների գոյացման: Եկեղեցին ջատագովն է խնդիրների կարգավորմանը՝ եղբայրասիրության ու հայրենասիրության ոգով, պարտքի և համապատասխան գիտակցության ամբողջական ընկալմամբ: Սակայն հիշյալ նյութերի արծարծումները, ցավոք, իրենց դրսևորումների մեջ միշտ չէ, որ վայելուչ, քաղաքակիրթ և գրագետ էին: Ավելին` երբեմն ատելություն սերմանող, վիրավորական և անհանդուրժողական, ինչն իր հերթին առիթ տվեց շահարկումների՝ հանրության տարբեր շրջանակների կողմից: Անկախ քաղաքական վայրիվերումներից, ազգային նշանակության հարցերում պետք է լինենք միաբան, և մենք աղոթում ենք այդ միաբանության ու համերաշխության համար։ Հասարակությունն աներեր և անխախտ է, երբ ունի արժեքային հստակ կողմնորոշիչներ, երբ ամուր իր կյանքը խարսխում է իր դավանած արժեքային համակարգի վրա: Այս ամենը ակնհայտ է դարձնում, որ Եկեղեցին իր հոգևորական և աշխարհական դասերով դեռ մեծ լուսավորչական աշխատանք պիտի տանի հասարակական ակտիվ կեցվածք ունեցող անձանց հետ` հասու դարձնելու Հայ Եկեղեցու իրական առաքելության և արժեքին: Մնացյալը ցույց կտա ժամանակը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Աղբյուր՝ ter-hambardzum.net։
Հետևեք մեզ նաև Telegram-ում