Օպերային թատրոնում բալետի արտիստ Վահագն Մարգարյանին նվիրված հուշ երեկո կանցկացվի. Լիլիթ Մակունց
Նմանատիպ
ՀՀ մշակույթի նախարարության առաջարկությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բալետի պարող 23-ամյա Վահագն Մարգարյանին նվիրված հուշ երեկո կկազմակերպվի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
«Ցանկանում եմ արտահայտել այն մեծ ցավը և վիշտը, որը զգում ենք բոլորս այս օրերին: Վահագնի վթարի ենթարկվելու օրը ինձ այդ մասին տեղեկացրեց օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը: Անմիջապես շտապել են հիվանդանոց, որպեսզի տեսնեն, թե ինչ է հնարավոր անել Վահագնի կյանքը փրկելու համար: Ցավոք, հնարավոր չեղավ դա անել»,- պատմեց նախարարը:
Անդրադառնալով Վահագն Մարգարյանի հոգեհանգիստը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացնելու վերաբերյալ մշակույթի նախարարության բացասական դիրքորոշման առիթով համացանցում տեղ գտած մեկնաբանություններին՝ Մակունցն ասաց, որ իրեն այդ հարցով դիմել են Վահագնի ընկերները նոյեմբերի 20-ին՝ 17:00-ից հետո, որպեսզի հաջորդ օրը՝ ժամը 12:00-15:00-ը ընկած ժամանակահատվածում, օպերային թատրոնում տեղի ունենա արտիստի հոգեհանգստի արարողությունը:
Նախարարն ընթերցեց ՀՀ կառավարության ընթացակարգը, որի համաձայն` հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություն մատուցած քաղաքացիների մահվան դեպքում ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվում է հանձնաժողով, որը մահացածի հարազատների կամ նրանց կողմից լիազորված անձի մասնակցությամբ որոշում է թաղման տեղը և այլ մանրամասներ:
«Սա այն ընթացակարգն է, որով առաջնորդվում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Ես կցանկանայի, որ Վահագնի` տաղանդավոր երիտասարդի մահը չշահարկվեր: Դա իմ խնդրանքն է: Մենք պարզապես հետևել ենք ընթացակարգին: Այլ ձեռնարկը, որը կարող էր լինել, օրենքը շրջանցելն էր և դա խախտելը, ինչը ես չեմ արել անգամ այն պարագայում, երբ գիտակցում եմ, որ այս նախընտրական փուլում դա ինձ՝ որպես ռեյտինգային թեկնածուի, կարող էր քաղաքական դիվիդենտներ բերել: Չեմ գնացել այդ քայլին»,- շեշտեց Մակունցը և հայտնեց, որ Վահագն Մարգարյանի ընկերների հետ պայմանավորվել են նրան նվիրված հուշ-երեկո կազմակերպել օպերային թատրոնում:
Վահագն Մարգարյանը ավտովթարի էր ենթարկվել նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Նա իր եղբոր, նրա կնոջ և 2 տարեկան երեխայի հետ տաքսու մեջ էր եղել։ Բժիշկներն օրեր շարունակ պայքարում էին նրա կյանքը փրկելու համար: Մարգարյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 20-ին:
Աղբյուր՝ Tert.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում