Սիլվա Կապուտիկյան
Նմանատիպ
Սիրտ իմ նորից քեզ գցել եմ կրակի մեջ։
Նորից խենթս, քեզ սնել եմ պատրանքներով,
Քեզ թեժացրել սիրո խինդ ու խայտանքներով,
Քեզ հաղորդել խոսքեր, խոհեր, խորհուրդներ մեծ,
Որ երևի նա չէր ասել։
Այդ ես էի միայն լսել,
Այդ ես, այդ ես էի հյուսել,
Սարդի նման` ինքս իմ հոգուց, իմ թևերից,
Ամենանուրբ իմ թելերից,
Իմ երազի դեռ չսպառված ծաղկեփոշուց`
Ոստայն մի սուտ
Ու քեզ առել այդ ոսկեղեն ոստայնի մեջ,
Նուրբ օրորել այդ մոլորուն օրորոցում…
Սիրտ իմ ներիր չխրատվող քո տիրուհուն
Այս անգամ էլ։
Այս անգամ էլ քանդիր պատրանքը արբեցնող,
Մկաններդ պրկիր նորից
Ու դուրս մղիր քո խորշերից
Խուլ նվացող արյունն այս դառն ու խռոված,
Անոթներիդ մեջ խցանված կարոտն այս գաղջ
Դուրս հորդեցրու…
Եվ առ քո մեջ օդը դրսի,
Առաջնաստեղծ մաքրությունը արշալույսի,
Ճամփաների բուժական շունչը եզակի,
Մանուկների ծիծաղն` հարուստ թթվածինով,
Եվ ամոքիչ կենսահյութը անանձնական երազանքի։
Ներս առ, խառնիր քո հյուսվածքին այս ամենը
Ու նորոգվիր.
Ու նորոգիր այս անգամ էլ
Չխրատվող քո տիրուհուն։
Իմ միամիտ, իմ իմաստուն…
Մի՛ մռայլվիր…
Մի՛ մռայլվիր ի՛մ սիրելի,
Թե հոգնել ես, էլ մի՛ մնա.
Թե գերում են քեզ աշխարհի հեռուները,
Այնտե՛ղ մնա։
Թե դաշտերին ես կարոտել,
Էլ մի՛ փակվիր դու իմ հովտում,
Թե լեռներն են հեռվից դյութել,
Մի՜ թախծիր այս ստորոտում։
Թե աչքեր կան աչքերիդ մեջ.
Էլ ինձ նայել զուր մի՛ ջանա.
Գնա՛, ու թե սերդ է անշեջ,
Դու ե՛տ կգաս, չե՛ս մոռանա…
Գիտե արդեն իմ լուռ հոգին՝
Նրա համար է աշխարհում
Վանդակը միշտ վանում թռչնին,
Որ դռները փա՛կ են պահում…
Հետևեք մեզ նաև Telegram-ում