«Իմ ստեղծագործական կյանքում էլ հեղափոխություն եղավ»
Նմանատիպ
Կկայանա կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի առաջին ստեղծագործական երեկոն
«Առավոտը» ժամանակին անդրադառնալով կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի արվեստին, շեշտել էր, որ արվեստագետի կամերային, սիմֆոնիկ, սիմֆո-պոպուլյար ժանրերում գրված երկերն ավելի ծանոթ են Արեւմուտքի հանդիսատեսին, քան հայաստանյան, ընդ որում՝ մեր երաժիշտների մեկնաբանմամբ, այդ թվում՝ «Կադանս» անսամբլ, Ռուբեն Հախվերդյան, Լիլիթ Պիպոյան: Որոշ ստեղծագործություններ էլ մեր երաժիշտների մեկնաբանմամբ հրատարակվել են ճանաչված այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսիք են բրիտանական SICNUM Records TD URH 7BR UK, գերմանական Sony DADC: Սայաթ-Նովայի 300- ամյակի առիթով նրա «Ֆանտազիա Սայաթ-Նովայի երգերի թեմաներով» ստեղծագործությունը հնչել է Յարոսլավլի ֆիլհարմոնիկ-սիմֆոնիկ նվագախմբի կողմից (ղեկավար՝ Մուրադ Աննամամեդով), Անատոլի Օսելկովի ղեկավարությամբ, իբրեւ մենակատար էլ հանդես է եկել ճանաչված քամանչահար Հակոբ Խալաթյանը:
Նարինե Զարիֆյանը երրորդն է Ավետ Տերտերյանից եւ Ռուբեն Ալթունյանից հետո, որը սիմֆոնիկ երաժշտության ժանրում ընդգրկեց քամանչան: Դա չի նշանակում, թե կոմպոզիտորի ստեղծագործություններն այստեղ չեն կատարվել: Առաջին անգամ մեր իրականությունում, եթե չենք սխալվում՝ 1990-ականների վերջերին, Զարիֆյանի ստեղծագործության ուղեկցությամբ եւ ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ հանդես եկան ստեպ պարողներ: Վերջերս էլ Կոմպոզիտորների միության կազմակերպած Հայ ժամանակակից կոմպոզիտորների երաժշտության փառատոնի համերգաշարերից մեկում կոմպոզիտորի «Ռեգ-թայմը»՝ գրված կիթառի եւ կամերային նվագախմբի համար (մենակատար՝ Հակոբ Ջաղացպանյան, դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան), մեծ արձագանքներ ունեցավ: Նույն ոգեւորությունն էր, երբ երկու-երեք տարի առաջ երգչուհի Սոնա Շահգելդյանը կատարեց նրա «Վոկալիզը»:
Կոմպոզիտորն ու Ռուբեն Հախվերդյանը:
Պրոֆեսոր Նարինե Զարիֆյանը շուրջ 20 տարի դասավանդում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի էստրադային-ջազային ամբիոնում: Գուցե դա է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ նա անդրադառնում է նաեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, հաշվի առնելով յուրաքանչյուրի հնարավորությունները, հատուկ նրանց համար էլ է ստեղծագործում: Նաեւ վարպետ գործիքավորող է, հեղինակ է Ռուբեն Հախվերդյանի մի շարք երգերի՝ կամերային նվագախմբի համար արված գործիքավորումներին եւ Հայաստանում ու Սփյուռքում սիրված հախվերդյանական «0-ից 100 տարեկանների համար» CD-ում ընդգրկված ստեղծագործությունների գործիքավորման:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Նարինե Զարիֆյանը հիշեց իր առաջին ստեղծագործությունը՝ դաշնամուրային տրիոն, որ գրել է դեռեւս 1970-ականների վերջերին՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում կոմպոզիտոր Էդ. Բաղդասարյանի դասարանում սովորելիս: Կոնսերվատորիայում նրա պրոֆեսորներն են եղել Գրիգոր Եղիազարյանը, ասպիրանտուրայում՝ Ղազարոս Սարյանը, իսկ գործիքավորման նրբություններին նրան ծանոթացրել է Ավետ Տերտերյանը:
Հակոբ Ջաղացպանյանի հետ:
Նարինե Զարիֆյանը նշելով Արեւմուտքում ժամանակին իր երկերի հաճախակի կատարման փաստը, նախ շնորհակալություն հայտնեց հայաստանցի երաժիշտ գործընկերներին, հետո ասաց, որ նույնիսկ ստացել է պատվերներ, օրինակ՝ բրիտանացի Ռոյ Դոյջի կողմից, որը մասնագիտությամբ ֆինանսիստ է, բայց սիրահար է սիմֆո-պոպուլյար եւ կիթառային երաժշտության:
Կոմպոզիտորի հետ մեր հանդիպման առիթը նրա «Ռեգ-թայմ» ստեղծագործության բուռն արձագանքներն էին, սակայն մեր զրուցակիցը հաճելիորեն զարմացրեց, հայտնելով հետեւյալը. «Փաստորեն, ոչ միայն Հայաստանում, այլեւ իմ ստեղծագործական կյանքում էլ հեղափոխություն եղավ: Պատկերացնո՞ւմ եք՝ մշակույթի նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա առաջին ստեղծագործական երեկոս՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ մենակատարների մասնակցությամբ: Այն կվարի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, իբրեւ մենակատարներ էլ հրավիրված են ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարներ, ջութակահարներ Կարմեն Թոսունյանը եւ Արամ Ասատրյանը, մեր լսարանին ծանոթ անուններ՝ երգչուհի Սոնա Շահգելդյանը, օպերային սոպրանո Սիրանուշ Գասպարյանը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, քամանչահար Հակոբ Խալաթյանը, քանոնահար Նունե Դանիելյանը, դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը: Հայ հանդիսականը առաջին անգամ կհանդիպի Բելառուսում բնակվող սոպրանո Գոհար Հակոբյանի հետ»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում