«Երբ խախտվում է կարգը, պետության մեջ առաջանում են անկարգություն, անիշխանություն, բարոյազրկվում և հեղինակազրկվում են հասարակական արժեքները»
Նմանատիպ
Անկասկած, ամուր ու մեծ տոհմածառ ունենալու ճանապարհին է այն ընտանիքը, որտեղ ամեն ոք գիտի իր գործը, տեղն ու դերը, որտեղ հայրը հայր է, մայրը՝ մայր, զավակը՝ զավակ: Որտեղ ցանկացած անախորժ դեպք լուծվում է տան պատերի ներսում, հարևանները ոչինչ չեն իմանում, իմանալու դեպքում էլ լավ գիտեն, որ չի կարելի խառնվել:
Դեռ բյուր-բյուր տարիներ առաջ չին մեծ փիլիսոփա Կոնֆուցիոսը մի առիթով ասել է. «Հասարակության մեջ յուրաքանչյուր մարդ պետք է զբաղեցնի Երկնքի կողմից նախասահմանված դիրքը և պաշտոնը։ Երբ խախտվում է այդ կարգը, պետության մեջ առաջանում են անկարգություն, անիշխանություն, բարոյազրկվում և հեղինակազրկվում են հասարակական արժեքները»:
Կոնֆուցիոսի այս խոսքերն ինձ համար բոլորովին նոր շունչ ստացան օրերս, երբ մեր Ազգային ժողովը կրկին մերժեց Ամենայն Հայոց կաթողիկոսին պետական անվտանգություն տրամադրելու առաջարկը, այսինքն՝ սկսվեց որդիների պայքարն ընդդեմ հոր: Կապ չունի՝ լա՞վն է այդ հայրը, թե՞ վատը, բավական է միայն այն, որ իրենցն է, յուրաքանչյուր ոք պարտավոր է պաշտպանել իրենը: Լայն առումով՝ պետությունն էլ մի ընտանիք է, մերը՝ նմանապես, ընտանիք, որի անդամներն իրենց գործով չեն զբաղվում. գրական հայերեն չիմացողն այսօր փորձում է ուսերին գցել Մաշտոցի թիկնոցը, քթից այն կողմ ոչինչ չնկատողը Շիրակացու գծագիրն է «ուղղում», Անհաղթին անծանոթ մեկն էլ նոր ուսմունք է առաջարկում: Եվ ահա, այս քաոսային չիմացության պատճառով է, որ այսօր, օտարի դրդմամբ, դուրս ենք եկել ինքներս մեր դեմ: Կոնֆուցիոս լինել հարկավոր չէ հասկանալու համար, որ իրար հաջորդող այս մերժումները մի պարզ նպատակ ունեն` Հայաստանում ամեն տեսակ հայկականի կործանում: Եվ ծիծաղելի են բոլոր այն պատճառաբանությունները, ըստ որոնց` կաթողիկոսն անվտանգության կարիք չունի, ունենալու դեպքում էլ ինքը կդիմի. հետաքրքիր է՝ անվտանգություն ունեցողներից ովքե՞ր են խնդրել: Բայց ամենածիծաղելին օրինագծին դեմ քվեարկված երեսփոխանների բացատրություններն էին, որոնք, ըստ ամենայնի, մերժման բուն պատճառների քողարկման չհաջողված փորձեր էին:
1909 թ. ապրիլին, Ադանայում, երբ թուրքական իշխանությունները չկարողացան թուրք բնակչությանը հայերի դեմ սպասված գրգռվածության հասցնել, գիշերը, նույն իշխանության հրահանգով, կղանք քսվեց քաղաքի մզկիթի դռանն ու պատերին: Առավոտյան հատուկ հրահանգված մարդիկ հայտարարեցին, որ հայերն են արել դա. սկսվեց հայերի սպանդի դրվագներից մեկը: Ահա այսպես էին թուրքերն օգտագործում իրենց կրոնը, ահա այսքան սիրում էր թուրքն իր կրոնը: Իսկ մե՞նք, մենք ի՞նչ ենք անում:
Երկրի բարձր ամբիոններից հայտարարում ենք, որ, եթե կաթողիկոսն իր դիրքում լիներ, այսպես չէր լինի: Վստա՞հ եք, որ լավագույն պատասխանը սա է, վստա՞հ եք, որ այս պատասխանն ավելի կգոհացնի, կգոտեպնդի ժողովրդին, քան եթե հայտարարվեր, որ հայը պարտավոր է պաշտպանել իր եկեղեցին, ինչպես այն քաջերը, որոնց անուններն ամեն կերպ ջանում են ջնջել մեր առաջ դրված գրքերից: Մտածել է պետք, շրջահայացորեն, խորքայնորեն, եթե կուզեք՝ դուխով, եթե կուզեք՝ թասիբով, եթե կուզեք՝ …ինչպես կուզեք, բայց մտածել է պետք: Վերջին հաշվով քաղաքական գործիչը պետք է ընտրի՝ ինքը հա՞յ է, թե՞ Հայաստանի քաղաքացի: Հայն այլ կերպ կվարվեր, հայը կպայքարեր, ապրելն էլ, մահն էլ, կպսակեր պատվով, որ պայքարից է ծնվում:
Այսօր ու՞մ համար պարզ չէ, որ կաթողիկոսի դեմ տարվող պայքարը, եթե կարելի է դա պայքար անվանել, ամենաքիչն ուղղված է կաթողիկոսի դեմ: Որքան էլ զարմանաք, այն մեր ընդհանուրի դեմ է, ամբողջական հայկականի, և միայն մտավոր կույրը կարող է հավատալ Աստծո անունից խոսող աստվածուրացներին: Իսկ մեր պայքարը, որի վախճանն անխուսափելիորեն հաղթանակն է լինելու, ոչ թե կաթողիկոսի անձի համար է, այլ հայկական ավանդական արժեքների պահպանության համար, և ամենևին հարկ չկա մեզ ծուղակի մեջ գցելու համար մատնանշել այս կամ այն կաթողիկոսի թերությունները. ժողովուրդը դրանք լավ գիտի:
Անձամբ ես, նախկինում, երբ հայկական արժեքների դեմ այսպիսի բացահայտ ոտնձգություններ չկային, շատ եմ քննադատել կաթողիկոսին, բայց հիմա, երբ, ինչպես ասում են, ուղտը չոքել է հայոց ազգի դռանը, պետք է համախմբված լինենք ոչ թե հանուն անձերի, այլ գաղափարի, որ է` կայուն, անկախ պետականություն:
Ամեն անգամ այս մասին խոսելիս, ակամայից հիշում եմ մի հատված արձակագիր Լևոն Խեչոյանի «Արշակ արքա. Դրաստամատ ներքինի» վեպից, որտեղ, Արշակ արքայի գահի դեմ ըմբոստացած նախարարներին սաստելով, Ներսես կաթողիկոսն ասում է. «Արշակը չար է, ճիշտ է, առաջին ասողը ես եմ եղել, երբ բոլորդ լռում էիք, խոսողը ես էի, սակայն ինչքան էլ չար լինի, աստվածապաշտ է, որքան էլ մեղավոր լինի, Աստծո առաջ օծված ձեր թագավորն է»: Հարկավոր է հատկապես ուշադրություն դարձնել վերջին մասին ու մեկընդմիշտ հասկանալ, որ օրինագիծն առաջին հերթին պայքար է հանուն հայոց հայրապետերի թագի, որն օծված է Աստծու առաջ, և կապ չունի, թե ով է կրում այդ թագը, կարևորը` կրում է, մենք էլ պարտավոր ենք ամեն ինչից անկախ, պաշտպանել նրան. Արշակի ու Ներսեսի ապրած դարաշրջանի ու մերի միջև շատ դարեր են սահել, ցավոք, բոլորն էլ՝ դառն ու ուսուցանող, բայց ոչինչ չենք հասկացել, չենք սովորել, որովհետև հիշողություն չունենք, որովհետև սովոր ենք, որ հենց մեր մորթված ձագի դիակի առաջ ներենք մորթողին՝ հանուն…մի խուրձ խոտի: Մաթևոսյանը չէր կարող վրիպել. «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես, հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել…»:
Հիմա ի՞նչ, մենք հիշու՞մ ենք, պահանջներ ունե՞նք, թե՞…
Ախր ինչքա՞ն կարելի է ապրել այս ծիծաղելի դրության մեջ, հանուն մի կտոր շաքարի արժե՞ մեղրը տանուլ տալ: Լավ, էթնիկ արժանապատվության զգացումն է՞լ է մեռել, ուրացանք մեր՝ աղ ու արտասուքով թխված հացը, որի կտորտանքներն այսօր էլ ուտում ենք, համի զգացողություն չունե՞նք: Ինչքա՞ն կարելի է սեփական գերեզմանը փորել. ցավոք, մեր գերեզմանափորները միշտ մեր զավակներն են եղել: Ճիշտ է, զավակներ էլ ունենք, որ մեր՝ ժամանակից շուտ գերեզման չգնալու համար անշիրիմ են մնացել: Բայց մեղք չե՞ն այդպիսիք, դեռ ինչքա՞ն պետք է իրենց արյունով մաքրեն մեր աղտեղությունները, եկեք դաստիարակվենք ու դաստիարակենք մյուսներին:
Չնայած ինչ բացատրես մարդուն, որն ազգից ժողովուրդ է դարձել, Ժողովրդից էլ չգիտես՝ ինչ է ուզում դառնալ, հետն էլ հայտարարում է, թե՝ «մնում է կաթողիկոսին հայ ժողովրդից պաշտպանենք»… Ախր, ա՛յ իմ երեսփոխան, մի քիչ մտածիր, նոր խոսիր, էլի…
Կամ ի՞նչ սովորություն է ամեն անգամ սեփական խոսքի վրա հավատո կնիք դնելու համար հոլովել ժողովրդի անունը. ժողովուրդ, ժողովուրդ, ժողովուրդ: Ժողովուրդը աշխատանք է ուզում, հաց ու ջուր է ուզում, դե տվեք, չե՞ք վախենում ժողովրդից: Հավաքվում են իրենց թաղի տղաներով, մի տուն-տունիկի թիմ ստեղծում, անունները դնում ժողովուրդ ու ամպի չափ մեծ հայտարարություններ անում: Հա, և այդ հայտարարություններն էլ ճշմարտությունից հեռու են այնքան, որքան իրենք՝ ամպից, և հարատև են այնքան ժամանակ, որքան ամպը՝ հորդ անձրևի ժամանակ: Բայց չէ՞ որ պետք է գիտակցել՝ մասնիկն ամբողջ չի նշանակում: Եթե ժողովուրդն այդքան թանկ է նրանց համար, թող լսեն նրա ձայնն ու Հայաստանից քշեն այլասերվածությունը, այնինչ, հիմա բերում են: Եվ հետո էլ՝ չգիտե՞ն ումից պետք է պաշտպանվի կաթողիկոսը, թե՞ ժողովրդի անունը տալով մտածում են՝ հնարավոր է շրջանցել խնդրի բուն էությունը: Չեմ կարող այստեղ չմեջբերել Ամենայն հայոց բանաստեղծի տողերից մի քանիսը, ճիշտ է, շատ դիմեցի մեծերին, բայց առանց այն էլ աննշաններս ուղղակի կվերանանք առանց նրանց.
«ՈՒ որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:
Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: Ժողովուրդն այդպես է կամենում…
«Ժողովուրդը մեզ հետ է… Ժողովուրդը ձեզ կդատի… ՈՒ՞ր ես, ժողովուրդ, անարգում են քեզ…»
Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կործանում…
Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով, անգրագետներին իրենց շինած հոդվածներով ու ներկայացնում որպես ժողովուրդ:
«Տեսե՜ք, ժողովուրդը մեզ հետ է։
Դե եկեք ու ջոկեցեք իսկականը կեղծիքից»:
Եթե ես՝ ժողովրդի նվազագույն տարրս, վաղը փողոցում փորձեմ խոչընդոտել որևէ աղանդավորի հայակործան քարոզը, որը, բացահայտ կործանման է տանում մեր երկիրը, ինձ անպատճառ, որպես օրինազանցի, քարշ կտան մոտակա ոստիկանատուն, անկյուն կկանգնեցնեն` մարդկանց խղճի ազատությունն ու ազատ տեղաշարժը խոչընդոտելու համար և կստիպեն, որ քառասուն անգամ բարձրաձայն կարդամ բոլորովին վերջերս հայտնաբերված Իջևան մոլորակից մեր մոլորակ եկած «փրկչի» մասին պատմող «մատեանը»: Եվ սրանք ուղղակի խոսքեր չեն. այդ առումով հայերիս տառապանքը փորձ ունի:
Երբևէ հարց տվե՞լ ենք ինքներս մեզ՝ ու՞ր ենք հասել: Մի՞թե ասորուն ու բյուզանդացուն, պարսիկին ու թուրքին հաղթել ենք հանուն սրա, մի՞թե մեր նպատակակետն այստեղ էր, մի տեղ, որտեղ այլասեր աղանդավորը կարող է հարձակվել Ամենայն Հայոց կաթողիկոսի վրա, հայհոյել նրան ու անպատիժ մնալ: Մեր նպատակների մե՞ջ էր մտնում, որ մոլագար զանգվածը գրավի Մայր Աթոռը, անպատվի մեր հայրապետական թագն ու իր ներկայությամբ աղտեղություններով պատի այն Մայր Աթոռը, որի մուտքի մոտ, մեր հայրապետական թագով ճակատը զարդարած, պատրաստվում էր սուրը ձեռքին ընկնելու Գևորգ կաթողիկոսը, որի՝ Մայր Աթոռի շեմից արած կոչը օգնեց մեզ կռելու Մայիսյան հերոսամարտերը:
Որտե՞ղ, ո՞ր դարում եք տեսել, որ կաթողիկոսին փողոցում հայհոյեն: Ի՞նչ անպատկառություն է սա, մեր եկեղեցին նույնիսկ թուրքական իշխանությունների ժամանակ այս աստիճան հալածված չի եղել. «Տարոնի պատերազմի» մասին գիտեք, չէ՞:
Եվ այս ամենն այն պարագայում է տեղի ունենում, երբ քրիստոնեությունը մեր պետական կրոնն է, Հայ առաքելական եկեղեցին՝ նրա ֆիզիկական դրսևորումը, կաթողիկոսը` պաշտոնական ներկայացուցիչը: Եվ եթե հիմա պատշաճ անվտանգություն չի ցուցաբերվում վերոհիշյալներին, ուրեմն կառավարությունը թերանում է կամ դիտմամբ այնպես անում, որ եկեղեցու հիմքերը թուլանան: Թե ինչի կհանգեցնի այս ամենը, դժվար չէ կռահել, իսկ պատմությունը մեղավորների հանդեպ անողոք է լինելու:
Չնայած, նայելով մեր ապագա երեսփոխանացուներին, որոնցից շատերը նոր են դուրս եկել «փոխաններից», զարմանալի չէ այդ դիրքորոշումը, ի՞նչ սպասել մի խմբակցությունից, որի հարյուր հիսունից ավելի թեկնածուների մի մասը կաթնակեր աղանդավորներ են, մի մասն աթեիստ հորջորջված նախկին մոլի հավատացյալներ, մի մասը, առանց իրեն հայելու մեջ նայելու, ակնհայտ ծաղրում է եկեղեցուն, մի մասն էլ` Աստված գիտի: Ահա նորույթի դեմքը, որից հնություն է ծորում:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում