Christie’s-ի թոփ-լոտերից է Հովհաննես Այվազովսկու «Արևածագը Վենետիկում» կտավը
Նմանատիպ
Մեծագույն աճուրդային տները դրական են տրամադրված Լոնդոնում նոյեմբերի 27-ից մեկնարկող ռուսական արվեստի վաճառքից առաջ։ ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել են Christie’s և Sotheby’s աճուրդային տների ներկայացուցիչները։ Christie’s-ը և Sotheby’s-ը արվեստի սիրահարներին ներկայացնելու են ռուսական արվեստի հարյուրավոր լոտեր, այդ թվում նկարներ, սրբապատկերներ, դեկորատիվ կիրառական արվեստի առարկաներ։
«Շուկան, անկասկած, 2014 թվականից հետո վերականգնվում է, ընդլայնվում է։ Մենք տեսնում ենք, որ հաճախորդներն ավելանում են»,- ասել է Sotheby’s-ի ներկայացուցիչը։
Sotheby’s-ի թոփ-լոտերն են լինելու Կոնստանտին Մակովսկու, Նիկո Փիրոսմանի, Իլյա Ռեպինի կտավները։
Christie’s-ի թոփ-լոտերից է Հովհաննես Այվազովսկու «Արևածագը Վենետիկում» կտավը, գնահատվում է 400-600 հազար ֆունտ ստերլինգ (515-775 հազար դոլար)։ Նկարը Այվազովսկին ստեղծել է 1873 թվականին, Ջոն Քլյուգեի մասնավոր հավաքածուից է և «վերջին քսան տարիների արվեստի շուկայում չի հայտնվել»։ Chistie’s-ից հայտնել են, որ նկարների վաճառքից ստացված հասույթը կուղղվի Նյու Յորքում Կոլումբիայի համալսարանին:
Լոնդոնում «Ռուսական շաբաթը» ավանդաբար անցկացվում է տարվա մեջ երկու անգամ՝ մայիսի-հունիսին և նոյեմբեր-դեկտեմբերին։ Շաբաթվան մասնակցում են նաև MacDougall’s և Bonhams աճուրդային տները։
Աղբյուր` Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում