Սրտիս զարկերը և ժպիտը քո․․․

Սրտիս զարկերը և ժպիտը քո․․․

Գլուխդ կրծքիս շնչում ես դու մեղմ,
ՈՒ ես չգիտեմ,
Ննջում ե՞ս արդեն
Թե խոնջ քնքշությամբ կոպերդ փակած,
Սրտիս զարկերն ես լսում դու լռին.
Իսկ ի՞նչ են ասում զարկերն իմ սրտի…
Ասում են:
-Հոգիս, ես սիրում եմ քեզ, –
Ասում են սակայն զգում են նաև,
Որ այդ խոսքերով չեն ասում ոչինչ…
Լռում են մի պահ, նոր խոսք որոնում
Եվ չգտնելով, կրկնում են նորից.
– Ես սիրում եմ քեզ…
ՈՒ դա երևի
Եվ ամենահին,
Եվ ամենանոր,
Եվ ամենալավ երգն ե աշխարհի.
Իսկ ի՞նչ է ասում ժպիտը քո լուռ…
Ասում է:
– Սակայն այս խոսքերը դու
Շատ շատերին ես ասել, սիրելիս…
Զարկերն իմ սրտի ասում են:
– Այո.
Ես շատերին եմ այդ խոսքերն ասել,
Բայց այդ խոսքերով
Ես քո հասցեն եմ փնտրել երևի
ՈՒ գտել եմ, տե՛ս:
Բայց թարթիչներիդ կապույտ շուքի տակ
Ծվարած ժպիտն անմեկին է շատ,
ՈՒ չեմ հասկանում –
Զարկերը սրտիդ կրկնում են արդյո՞ք
Այն ամենահին,
Այն ամենանոր,
Այն ամենալավ երգը աշխարի:
– Խենթ, թե չեն կրկնում, ի՞նչու են հապա
Մազերս այսպես քո կրծքին թափված
Մազերս,
Նայիր,
Երեկ հինա եմ մազերիս դրել,
Որ երբ արցակեմ քո կրծքի վրա,
Նրանք հին ոսկու փայլակումը տան
ՈՒ բուրեն կրծքիդ հին գինու բույրով.
Եթե չեն կրկնում,
Ինչու եմ հապա ես գեղեցկանում,
Երբ մոտդ եմ գալիս…
– Թե իրավ է դա,
Որտե՞ղից հապա այն չարությունը,
Որ խառնում ես դու քնքշությանը քո…
Ինչու է հաջախ
Մեր հանդիպումի հույսն – անհուսալի,
Մեր մոտիկությունն – անմերձենալի,
Պարզությունը քո – արեղծվածային,
Քնքշանքդ – դաժան,
Նազանքդ – խոցող,
Եվ կրակը քո ի՞նչու է հաճախ
Ողջակիզումի խարույկի նման:
– Ես կին եմ, իմ խենթ…
ՈՒ թեկուզ հիմա
Մազերիս ոսկին թապել եմ կրծքիդ,
ԵՎ կիսաբաց է իմ կուրծքը քո դեմ,
Չխաբվես սակայն…
Ես դեռ շատ անգամ քեզ կշնորհեմ
Մեր հանդիպումի հույսն անհուսալի,
Մեր մոտիկությունն անմերձենալի,
Քնքշանքն իմ դաժան,
Նազանքն իմ խոցող…
Գարուն կլինի, կանցնեմ փողոցով
Գերևարելով հայացք ու հիացք
Եվ շնորհելով քեզ շանթը խանդի…
Գարուն կլինի,
Ես հեռվից հեռու կձայնեմ քեզ լուռ
Եվ կխուսափեմ…
Գարուն կլինի,
Գեղեցկանալով ես մոտդ կգամ
Եվ կհեռանամ
Առավել փխրուն ու գեղեցկացած:
Ես կին եմ, իմ խենթ,
Եվ ամենահին,
Եվ ամենանոր,
Եվ ամենալավ երգը աշխարհի
Այդ ես եմ հյուսել
Եվ այդպես հյուսել:
– Գիտեմ, սիրելիս,
Գիտեմ և քեզ եմ ես փառաբանում:
Փառաբանում եմ
Մազերիդ ոսկին – իմ կրծքին թապված,
Փառաբանում եմ կուրծքդ կիսաբաց
Եվ թարթիչներիդ կապույտ շուքի տակ
Ծվարած ջպիտն այդ անմեկնելի,
Որ մեղավոր է ու թովիչ սակայն…
Փառաբանում եմ
Մեր հանդիպումի հույսն անհուսալի,
Մեր մոտիկությունն անմերձենալի,
Գեղեցկացումը քո գարնանային,
Քո հեռացումը,
Քո վերադարձը
Եվ անգամ ահեղ
Խանդի սև շանթն եմ ես փառաբանում…
… Ողջ գիշեր այսպես զրույց են անում
Սրտիս զարկերը և ժպիտը քո…

Վահագն ԴԱՎԹՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում